Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ երբ գնում եմ գործարանի բացման, չի նշանակում՝ գործարանի գործունեության պատասխանատվությունը ստանձնում եմ

Սեպտեմբեր 16,2020 19:55

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն էր պատճառը, որ բացված ձեռնարկությունները չեն կարողանում աշխատել, աշխատատեղեր ստեղծել։

«Քանի որ Դուք եք անձամբ այս ձեռնարկությունների բացմանը մասնակցել, կարմիր ժապավենը կտրել, ինձ մոտ, ցավոք սրտի, դեժավյուային ինչ-որ պահ է առաջանում։ Երբ տասնյակ տարիներ, քանի որ ես Վանաձորից եմ, Վանաձորի Քիմպրոմ գործարանը տարբեր ղեկավարների օրոք, ղեկավարները գալիս էին բացում էին ինչ-որ մի քանի անվադող էին վառում, ծուխ էր լինում, ծուխը ցրվում էր, և այդպես էլ մենք չէինք տեսնում այդ գործարանների արտադրանքը։ Ի՞նչն էր պատճառը ձեր գնահատմամբ, որ այս գործարանները, այս արտադրամասերը չեն կարողանում աշխատել և շարունակել»,- հարցրեց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Նախ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ես ոչ մի հատ կարմիր ժապավեն չեմ կտրել։ Երկրորդը, երբ ես գնում եմ ինչ-որ գործարանի բացման, դա չի նշանակում, որ գործարանի գործունեության պատասխանատվությունը ստանձնում եմ։ Եթե նախկին ժամանակներից հիշեցիք, գուցե այդ ժամանակ բացման ժամանակ ներկա լինելը նշանակում էր, որ մի տեղ 5 տոկոս ենք փայ, մի տեղ 10 տոկոս ենք փայ, մի տեղ 30 տոկոս ենք փայ։ Որ գնում ենք գործարանի բացման, գնում ենք ի նշան նրա, որ Հայաստանում տնտեսական գործունեության հավասար պայմաններ են գործում։ Եվ դա է հիմնական իմաստը։ Ցանկացած գործարանի գործունեության հետագա պատասխանատուն գործարանի սեփականատերերն են, այդ գործարանի մենեջմենթն է։

Այստեղ խնդիրն այն է, որ կառավարությունը իր կողմից ջանքեր գործադրո՞ւմ է, որ հավասար պայմաններ լինեն, որ նպաստավոր պայմաններ լինեն։ Ինչ վերաբերվում է տնտեսական թռիչքին 2019 թվականի արդյունքներով Հայաստանը վերջին, կարծեմ, 13 տարվա ընթացքում աննախադեպ տնտեսական աճ է ունեցել։ Հայաստանը հունվար-փետրվար ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշի 9 տոկոսը գերազանցել է, իսկ հետո եկել է կորոնավիրուսը, և հիմա ամբողջ աշխարհը կորոնավիրուսի պատճառով տնտեսական անկում է արձանագրում։ Հիմա Դուք այսպիսի բան եք անում, թե ի՞նչն է պատճառը, գնացեք այդ գործարանների տերերին հարցրեք։ Օրինակ՝ կարող է պատճառներից մեկը լինի այն, որ այդ գործարանների սեփականատերերից մեկը մի շատ հայտնի կոռուպցիոն գործով հետախուզման մեջ է և Հայաստանը լքել է»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արման Եղիազարյանը նույն գործարանին տարբեր անուններով է դիմում, ըստ նրա, դա չի նշանակում, որ երեք տարբեր գործարաններ են փակվել։ Նկատառմանը, թե Նիկոլ Փաշինյանը Վանաձորում մասնակցել է ավտոմեքենաների արտադրության գործարանի բացմանը, վարչապետը զարմացավ, և հարցրեց՝ «Բացե՞լ եմ»։

«Փաստորեն, Վանաձորում մեքենաների արտադրման գործարանը, որը ես չեմ բացել, իմ գնալուց հետո փակվել է»,- ասաց նա։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930