«Դիմակ չեն կրում՝ տուգանվում են: Ես, կառավարության բոլոր անդամները բոլոր հնարավոր տեղերում՝ չնչին բացառություններով, դիմակ ենք կրում»,-կառավարություն-ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով դիմակ չկրելու համար տուգանվելու շուրջ քաղաքացիների դժգոհություններին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ասում ենք, որ պետք է դիմակ կրել, որպեսզի կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարենք, ճանապարհները բացվեն, վերադառնանք բնականոն կյանքին: Ասում են, որ դիմակը թանկ է, մենք էլ ասում ենք՝ շատ լավ, տանը կտոր, սավան ունե՞ք, դիմակ կարեք՝ կրեք»,-նշեց Փաշինյանը:
«Տուգանքը, այո, արդյունավետ միջոց է: Մենք խնդրում ենք դիմակ կրել եւ դրան իրավական ուժ ենք տալիս: Հայաստանում դիմակ չկրելու համար տուգանքները երևի աշխարհում նվազագույնն է: Կոչ արեք, քաղաքացիներին ասեք, որ դիմակ կրեն: Որեւէ մեկը չի ուզում որեւէ մեկին տուգանել: Ոստիկանությունը որքան տուգանում է, այդքան էլ դիմակ է բաժանում: Չասեմ, թե ինչ եմ այդ հարցով ասել ոստիկանապետին»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ