«Ուրախ եմ, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվել, որովհետեւ միշտ էլ օգտակար է նորից հարցը դիտարկելը: Մեր համար կարեւոր ցուցիչ է հետեւյալը՝ թեստավորվածների 5-6 տոկոսն են դրական դեպքերը: Սա նշանակում է, որ մենք շատ էֆեկտիվ հայտնաբերում ենք: Կառավարությունը 100 տոկոս թափանցիկ է եղել եւ շարունակում է այդպիսին մնալ կորոնավիրուսի հարցում»,-կառավարություն-ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով ընդդիմության նախաձեռնությամբ կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա համոզմունք հայտնեց. «Մենք 100 տոկոսով ճիշտ ենք արել, սակայն իհարկե եղել են նաեւ թերություններ, հանձնաժողովին էլ բարի երթ եմ ցանկանում»:
Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ կան շրջանակներ, որ մի կողմից կառավարությանը մեղադրում են կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու համար, մյուս կողմից քարոզում, որ մարդիկ դիմակ չդնեն. «Կամ էլ ասում են, որ կորոնավիրուս չկա, կամ գալիս են այս ամբիոնից ելույթ են ունենում՝ առանց դիմակ կրելու: Ասում են՝ ինչո՞ւ ենք մենք ասել, թե կորոնավիրուսն ում շունն է, բայց իրենք էլ ասում էին՝ բարի, չաղ ու հարուստ մարդիկ չեն վարակվում կորոնավիրուսով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ