Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն բոյկոտ է հայտարարում. Արայիկ Հարությունյանի՝ կոտայքցիների հորմոնների մասին ելույթից վիրավորվել են

Սեպտեմբեր 16,2020 17:48

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ այսօր ԱԺ-ում իր հրաժարականի հարցի քննարկման ժամանակ ամփոփիչ ելույթը հունից հանել է ԲՀԿ խմբակցության պատգամավորներին: Արայիկ Հարությունյանն իր խոսքում ասել էր. «Մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին եւ այլեւս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն, այ դա է սովորացնելու սա»:

ԲՀԿ խմբակցության մոտ մեկ տասնյակ պատգամավորներ ի պատասխան ճեպազրույց հրավիրեցին՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ն բոյկոտում է կառավարության հետ հարցուպատասխանը եւ փաստաբանի հետ քննարկելու են Արայիկ Հարությունյանի «լպիրշ եւ անբարո» պահվածքին իրավական գնահատական տալու հարցը:

Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մենք բոլորս ականատես եղանք մի աննախադեպ ցինիզմի: Իմ պատգամավորական եւ լրագրողական գործունեության ընթացքում ես երբեւէ չեմ տեսել նման նախադեպ, որ կառավարության անդամը իրեն վերագրված օբյեկտիվ քննադատություններին, որովհետեւ ինքը իրեն վստահված ոլորտները տապալել է, այդ խնդիրներին ադեկվատ արձագանքելու փոխարեն քննադատությունը արժանապատիվ ընդունելու, հետեւություն անելու փոխարեն՝ անցնի մարդկային բարոյական կոռեկտության բոլոր սահմանները»:

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանին հունից հանեցին իրենց հարցապնդումները եւ տարան անպատասխանատու հայտարարություններ անելուն:

Իվետա Տոնոյանն էլ ասաց. «Մեզ համար երիցս անընդունելի են Արայիկ Հարությունյանի՝ ամփոփիչ ելույթում հնչեցրած գնահատականները, որովհետեւ անգամ այն պարագայում, երբ ԲՀԿ-ն ու խմբակցությունը ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների մասին բարձրաձայնել են, երբեւէ կոռեկտության սահմանը չեն անցել: Տարօրինակ ակնարկներով համեմված ելույթներ ունենալու փոխարեն ես վստահաբար կարող եմ ասել, որ Արայիկ Հարությունյանը համենայնդեպս պատմության մեջ մնալու է որպես ԿԳՄՍ միակ նախարարը, ով հպարտությամբ իր աշխատասենյակում տրանսգենդերի էր ընդունում ու նախարարության պաշտոնական կայքում այդ հանդիպման մասին տեղեկություն էր տեղադրվում, դրանից հետո նույն տրանսգենդերը ոչ պակաս հպարտությամբ նշում էր, որ բավարարված է նախարարի հետ հանդիպումից: Արայիկ Հարությունյանը պատմության մեջ կմնա որպես միակ նախարար, ով Հայ եկեղեցու պատմություն առարկան վերացրեց ուսումնական եւ կրթական ծրագրերից: Նա կմնա որպես նախարար, ով Հայ գրականություն առարկայից «հայ» բաղադրիչը վերացրեց: Եթե այս կառավարության կազմին եւ խորհրդարանական այս մեծամասնությանը կոմֆորտ է այս նախարարի հետ աշխատելը, ապա մեզ համար անընդունելի է նման «մասնագետի» գործունեությունը՝ հատկապես ոլորտի ղեկավարի պաշտոնում: Եթե իրենց համար հաճելի է նմանօրինակ տարրի հետ շարունակեն աշխատել, ապա թող աշխատեն»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, նման պահվածքը, ինչը դրսեւորեց Արայիկ Հարությունյանը, հարիր չէ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի եւ որեւէ տղամարդու:

Միքայել Մելքումյանը հավաստիացրեց, որ Արայիկ Հարությունյանը թույլ է տվել վիրավորանք ամբողջ մի մարզի բնակիչների նկատմամբ՝ ասելով կոտայքցիներ:

Շաքե Իսայանը հավելեց. «Ես վստահ եմ, որ բոլոր ուսանողները, երեխաները, ծնողները իրենց եզրակացությունը կունենան ԿԳՄՍ նախարարի ոչ պարկեշտ վարքագծի վերաբերյալ»:

Aravot.am-ը հարցրեց՝ լավ, այսօր բոյկոտեցիք, վաղը եկաք քվեարկությանը, հետո ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու՝ Շաքե Իսայանը պատասխանեց, որ եթե սպառեն խորհրդարանական ձեւաչափի բոլոր գործիքները, ապա չեն բացառում, որ կսկսեն փողոցային պայքար. «Ամենատարբեր պիկետները կսկսենք՝ մինչեւ հասնենք Արայիկ Հարությունյանի հրաժարականին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930