Ինչպես տեղեկացրել ենք, 3 օր առաջ Գյումրու կենտրոնական Շիրակացի փողոցում՝ «Դվին» հարսանյաց սրահի ու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատան» մոտակայքում, ժամը 18․00-ի սահմաններում զենքի գործադրմամբ՝ դանակներով, մահակներով, քարերով կռիվ էր տեղի ունեցել ու սպանվել էր այդ թաղի բնակիչներից մեկը՝ 35-ամյա Արթուրը կամ «Աթը», որին բնութագրում էին որպես պարկեշտ, հավասարակշռված անձնավորության։ Նա «Կամազ»-ի վարորդ էր։
Ըստ թաղում շրջանառվող տեղեկության, Աթը ՌԴ-ից վերջերս վերադարձած ընկերոջ թասիբին էր կանգնել ու դարձել էր զոհ․ նրան դանակահարել էին, երկար ժամանակ անօգնական վիճակում գետնին էր մնացել, իսկ հիվանդանոց տանող ճանապարհին մահացել էր։ Հիվանդանոց տեղափոխել էին նաև նրա ընկերոջը։
Դեպքից մեզ նոր մանրամասներ են հայտնի դառնում, մասնավորապես այն, որ սպանությունից առաջ տևական ժամանակ՝ երեք օր անդադար Գյումրու տարբեր տեղանքներում «Աթի» ընկերների ու թաղային հեղինակություններից մեկի շրջապատի միջև ծեծկռտուք է եղել, հաշիվներ են պարզել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս դեպքին նախորդող օրն էլ դանակահարել են քրեական հեղինակության շրջապատի ներկայացուցիչներից մեկին, որին հաջորդել է դանակներով զինված հարձակումը Շիրակացի փողոցում։ Եվ այս ամենը զարմանալիորեն վրիպել է ոստիկանության աչքից, մինչև որ քաղաքի ամենակենտրոնում՝ օրը ցերեկով, դանակներով ու քարերով հաշվեհարդար է սկսվել ու մարդ զոհվել։
Թե ո՞րն է եղել հաշիվների պարզելու պատճառը, նշում են՝ թեման կենցաղային բնույթի է․ նրանից մեկին որակել են որպես խոսք-տանող բերող, ու սկսվել է այս պատմությունը։
Կարդացեք նաև
Կա կասկածյալ, կատարվում է նախաքննություն։ Մենք դիմեցինք ՀՀ Քննչական կոմիտե՝ պարզելու կա՞ն ձերբակալվածներ, այս պահին չմանրամասնեցին՝ խոստանալով դեպքի հանգամանքներին անդրադառնալ առաջիկայում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ