«Այս օրերին Ադրբեջանի զինված ուժերն իրականացնում են ամրաշինարարական աշխատանքներ՝ չեզոքացնելու նպատակով մեր դիրքերի գերակայությունն ու առավելությունը: Այդ պատճառով օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք: Երկու շաբաթ է, որ այս իրավիճակն է»,-կառավարություն-ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Երեկ ադրբեջանցիներն ունեցան վիրավոր: Դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին: Քանիցս զգուշացրել ենք՝ իրավիճակի նման զարգացման ռիսկերը նվազեցնելու մեխանիզմ չկա»,-նշեց նա:
Մեկնաբանելով մամուլում առկա տեղեկությունները, որ ՀՀ ԶՈՒ-ում կորուստ կա, Տոնոյանը հաստատեց. «Ցավոք, այսօր զոհ ունեցանք: Ձեռնարկվում են համապատասխան միջոցները: Ադրբեջանի ՊՆ-ն մտահոգություն է հայտնել եւ զգոնությունը բարձրացրել, եւ այդ մտահոգությունը մեր համար կանխատեսելի է, որովհետեւ համապատասխան գործողություններ են իրականացվելու»:
Նախարարի առաջարկով խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողի հիշատակը:
Կարդացեք նաև
Դավիթ Տոնոյանը նաեւ տեղեկացրեց՝ հուլիսյան սրացումից հետո հրադադարի խախտումները Տավուշի հատվածում գրեթե կրկնապատկվել են. «Համոզված եղեք, որ մեր գործողությունները համարժեք են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ