«Միջամտությունից եք խոսո՞ւմ: Մալաթիա Սեբաստիայում տնօրենի հետ կապված խնդիր կար: Տիկին Սամսոնյանը զանգում է՝ ասում, որ տնօրենին սաստեմ, բողոքողները ճիշտ են, իսկ տիկին Կոստանյանը զանգում՝ ասում է, որ բողոքողներն են ճիշտ, որ սաստեմ տնօրենին: Կամ գուցե հակառակը, հիմա լավ չեմ հիշի: Եվ այս մարդիկ միջամտությունից են խոսում»,-ԱԺ նիստում այսօր իր պաշտոնանկության հարցը վարչապետին ներկայացնելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով խմբակցության պատգամավորների մեղադրանքներին, թե ինքը միջամտում է ուսուցիչների աշխատանքին, դպրոցներում վախի մթնոլորտ ստեղծում: «Միջամտությունից խոսելիս մի հատ ձեր խմբակցության մեջ կողմնորոշվեք»,-կոչ արեց Արայիկ Հարությունյանը:
Ապա դիմեց «Բարգավաճ Հայաստանին. «Տիկին Նաիրա Զոհրաբյան, չափորոշիչներից եք խոսում: Գիտե՞ք, թե ինչի մասին են կրթական չափորոշիչները: Դրանցով ապագայում մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, եւ այլեւս եկեղեցու տարածքում չի լինի օտարի հանդեպ բռնություն: Այ դա է»:
Դահլիճում աղմուկ բարձրացավ: «Հանգստացի»,-ամբիոնի մոտից ասաց Արայիկ Հարությունյանը:
Ապա նա երկու գիրք ցույց տվեց եւ վստահեցրեց՝ ընդդիմության պնդումները, թե այդ գրքերը մտնում են դպրոց, սուտ են. «Այս բարեփոխումները բացառապես բխում են երեխայի շահերից»: «Իմ քայլը» նախարարի ելույթի ավարտին ծափեր հնչեցրեց:
Կարդացեք նաև
Արայիկ Հարությունյանն ակնարկում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված աղմկոտ դեպքը, որի մասին մամուլն այս տարի գրեց: Ըստ մեղադրական եզրակացության՝ Գագիկ Ծառուկյանը խմբակային բռնաբարության է մասնակցել: ԲՀԿ-ական պատգամավորները պարզաբանել էին, որ ավելի ուշ դատարանը նրան արդարացրել է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ