Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին լրագրողները շատ են դիմում՝ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը վերացնելու հնարավորության շուրջ դիրքորոշում ստանալու համար.որոշեցի միանգամից բոլորի համար պարզաբանել։
Երևանի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը վերարժևորելու մասին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունն, ինչ խոսք, ոգևորիչ է հատկապես ոլորտի այն ներկայացուցիչների համար, որոնք ավելի քան մեկ տասնամյակ այդ մասին գրում ու խոսում են (մեկ այլ օրինակ ևս)։
Սակայն այս համարձակ որոշմանը հաջորդում է տրամաբանական հարցը, թե ինչով ենք փոխարինում այն։ Եթե ինստիտուցիոնալ որոշում ընդունելու ցանկություն ունենք, ապա այժմ քննարկվող խորհրդի ինստիտուտը նույնպես լուրջ ռիսկեր է պարունակում։
Ինչպես օրերս մի քննարկման ժամանակ նշեցի, մեր մասնագիտական ու հանրային «թայֆաբազությունը» թույլ չի տալու պատշաճ, օբյեկտիվ և մասնագիտական սկզբունքների (եթե իհարկե այդպիսիք կան) հիման վրա դիրքորոշում կամ որոշում ընդունել։ Վկան՝ թե՛ այժմյան, թե՛ նախկին քաղաքաշինական խորհուրդների գործունեությունն է։ Դրանց քննարկումների որակն ու բնույթը հնարավոր են դարձրել վավերացնել մի շարք վիճահարույց նախագծեր, ինչպիսիք են «Դվին» հյուրանոցը, «Ամերիա» բանկի շենքը Շահումյանի հրապարակում, Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի տարածքում կառուցվող շենքն ու էլի բազմաթիվ դեպքեր։
Կարդացեք նաև
Իրականում խորհրդի անդամները շատ մեղավոր չեն, կամ ավելի ճիշտ՝ մեղավոր են այնքանով, որ համաձայնել են մասնակցել նման «կիսամասնագիտական» գործընթացի։ Ցանկացած անձի էլ պարզ է՝ չե՛ս կարող նման խոշոր նախագծերի վերաբերյալ կարծիք հայտնել 30 րոպեանոց քննարկման շրջանակում։ Էլ չեմ ասում, որ դրանք կազմավորվել են խնամի-ծանոթ-բարեկամ, բաժակի-ընկեր կամ “first come, first served” տրամաբանությամբ։
Բայց, անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է մեխանիզմ գտնել, թե ինչ ենք անելու վերջապես այն օրը, երբ որոշենք, որ այլևս չենք ունենալու գլխավոր ճարտարապետ։ Մասնագիտական շրջանակները, ինչպես և ձեր խոնարհ ծառան, միշտ բարձրաձայնել են պատշաճ քաղաքային (տարածական) պլանավորման փաստաթղթերի անհրաժեշտության մասին։ Իհարկե, գրեթե բոլորը կարծում են, որ եթե մենք ունենանք և հարգենք ներկայիս գլխավոր հատակագիծը կամ գոտևորման նախագծերը, ապա մենք ունենալու ենք «պատշաճ» տարածական որոշումների ընդունման համակարգ։
Հիասթափեցնեմ։ Չե՛նք ունենալու։
Այս պահին գործող տարածական պլանավորման համակարգերը չեն ապահովելու մեր քաղաքի տրամաբանական, հավասարակշռված, կայուն ու արդար զարգացումը։
Լավ, այդ դեպքում ի՞նչ անել։ Փորձեմ մի քանի կետերով նշել, թե ինչ լուծում եմ տեսնում, որը, բնականաբար, քննարկման ու դետալացման կարիք ունի.
1.Երևան քաղաքի գրեթե ողջ տարածքում 2-3 տարով մորատորիում է հայտարարվում , այսինքն, դադարեցվում է ՆՈՐ թույլտվությունների տրամադրումը։ Սա չի նշանակում, թե անհրաժեշտ է դադարեցնել ընթացիկ շինարարությունները։
2.Վեց ամսվա ընթացքում վերանայվում է Երևանի քաղաքային պլանավորման ողջ տրամաբանությունը՝ հստակ կերպով խթանելով ազգային (կառավարության) մակարդակով արագացված իրավական գործընթացները։ Այս գործընթացի համար անհրաժեշտ է բազմագիտակարգ վերլուծությունների և առկա վիճակի քարտեզագրման (և՛ ուղղակի, և՛ անուղղակի իմաստով) խոշորածավալ աշխատանք կատարել։
3.Վեցերորդ ամսվանից հետո համակարգված և կանոնակարգված նոր կառուցապատում է թույլատրվում Երևանի որոշակի հատվածներում, որտեղ առկա են քիչ թե շատ նորմալ գոտևորման նախագծեր, ինչպես օրինակ՝ Նորք-Մարաշ վարչական շրջանում։
4.Զուգահեռաբար այս ընթացքում ընտրվում է Երևանի մեկ այլ տարածք, որն ունի վերջերս մշակված գոտևորման նախագիծ, և առկա են քիչ թե շատ պատշաճ տարածական տվյալներ, ու պիլոտային տրամաբանությամբ մշակվում է վերարժևորված քաղաքային պլանավորման նոր փաստաթուղթ՝ դրան հատկացնելով մոտ երկու տարի ժամանակ։
5.Դարձյալ զուգահեռաբար, արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ մշակվում է Երևանի զարգացման նոր քաղաքային պլան (այն չեմ անվանում գլխավոր հատակագիծ, որպեսզի նորից չվերադառնանք ի շրջանս յուր) ու քաղաքը «դրվում է» զարգացման ճիշտ ուղու վրա։
Իսկ թե ով կամ ովքեր պետք է անեն այս ամենն, արդեն հարցի մյուս մասն է։ Ես միայն գիտեմ, որ սա ոչ թե «ով»-ի, այլ «ովքեր»-ի խնդիր է, ու դրա լուծումը ներառականությունը գիտակցելու ու դրան ռեսուրսներ տրամադրելու մեջ է:
Լուսանկարը՝ Վահան Աբգարյանի»: