Այսօր ի նշան բողոքի, կառավարության առաջ էին հավաքվել Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող երեխաների ծնողները: Նրանք առողջապահության նախարարությունից պահանջում են չեղյալ հայտարարել պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին պաշտոնից ազատելու որոշումը: Ցույցի դուրս եկած ծնողների խոսքով, տնօրենի հեռանալով, կենտրոնի մյուս բժիշկները եւս ազատման դիմումներ են գրելու, ինչը հարվածի տակ է դնում երեխաների բուժումը:
Հիշեցնենք, որ երեկ արդեն Արյունաբանական կենտրոնից հեռանալու մասին հայտարարություն էր արել Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը՝ հեռանալու պատճառը պայմանավորելով Սամվել Դանիելյանի՝ պաշտոնից ազատմամբ:
Ըստ նախարարության որոշման, Սամվել Դանիելյանը հոկտեմբերի 1-ից ազատվում է աշխատանքից:
«Ամբողջ անձնակազմը դուրս կգա նրա հետ, մենք խնդրում ենք առողջապահության նախարարին՝ չխոչընդոտել կենտրոնի աշխատանքին, այդպիսի բժիշկները ամեն տեղ չէ, որ կան: Մեր երեխայի բուժումը դժվար է: Այսօր մեր երեխաների կյանքի հարցն է դրված եւ հավատում ենք, որ վստահելի ձեռքերում են: Բուժանձնակազմը շատ հոգատար է, եւ դա է նպաստում, որ երեխաները ուժ են ունենում պայքարելու, իսկ հիմա հարցականի տակ է դրվում այդ ամենը: Սա կույրաղիքի վիրահատություն չի, սա երեխաների կյանքն է: Այդ ամենը մեր երեխաների համար արվում է անվճար, ոչ մի կոպեկ մեր գրպանից չենք ծախսում»:
Երեխաների ծնողների խոսքով, կենտրոնի տնօրենի եւ բժիշկ Թամամյանի հեռանալու մասին իմացել են երեկ՝ Գեւորգ Թամամյանի ֆեյսբուքյան գրառումից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ