ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ ներկայացրել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության վերաբերյալ հարցապնդում, կառավարությունն էլ՝ դրա պատասխանը, որն ԱԺ նիստում այսօր հնչեցրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նախ համոզմունք հայտնելով, որ «Լուսավոր Հայաստանի» այս նախաձեռնությունն ավելի կուժեղացնի նախարարությանը: «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, կարծում եմ՝ բնական են: Ես կրթության ոլորտից եմ եւ գիտեի այն ծանրությունը, որը վերցնում եմ՝ ոլորտում բարեփոխումներ նախաձեռնելով: Գիտեի նաեւ, թե ինչպիսի դիմադրության է դա արժանանալու: Բարեփոխումների շուրջ լարվածությունը մեծ է, քանի որ օբյեկտիվ պատճառներ կան: Կան նաեւ ծայրահեղ սուբյեկտիվ պատճառներ, որոնց մեծ մասն անընդունելի է, անհասկանալի եւ մերժելի»,-նշեց Արայիկ Հարությունյանը:
Տեղեկացնենք, որ «Լուսավոր Հայաստանը» նիստերի դահլիճում իր պատգամավորների զբաղեցրած սեղանին փակցրել է «քայլ արա, դուխով հեռացիր» գրությունը՝ ուղղված Արայիկ Հարությունյանին: Վերջինս մատնանշեց, որ նախարարությունն ունի բարեփոխումների ժամանակացույց, որը կարող է շտկվել խելամիտ եւ կառուցողական առաջարկներով, բայց ոչ տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում ֆորսաժներ հարուցելով. «Մենք նման սրացումներ տեսել ենք 12-ամյա կրթական համակարգին անցնելիս կամ Բոլոնիայի գործընթացում, երբ «ծիտիկ» դնելու համար ձեւը ստանձնել ենք, իսկ բովանդակությունը՝ ոչ: Մեր կարծիքով՝ տասնյակ հազարավոր քաղաքացիներ զգացել են բարեփոխումների արդյունքը, նոր նախակրթարանները, վերանորոգված դպրոցները»:
Ապա Արայիկ Հարությունյանն ըստ մարզերի թվարկեց այն համայնքները, որտեղ փոփոխություններ են եղել. «Առնվազն այս համայնքները չեն հավատալու իմ խրտվիլակով ողջ Հայաստանը շրջած եւ փոքր թվով մարդկանց աջակցությունը ստացածներին, մանիպուլյացիաներով զբաղվողներին»:
Արայիկ Հարությունյանը վստահեցրեց՝ որ պահին իր քաղաքական թիմն արձանագրի, որ սխալ ճանապարհով են գնում, մեկ րոպե ավելի չի զբաղեցնի ԿԳՄՍ նախարարի պաշտոնը:
Կարդացեք նաև
«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հարցերի փուլում հետաքրքրվեց՝ նախարարի բարեփոխումներն ինչպիսի՞ քաղաքացի ունենալուն են միտված: «Ազատ, իր իրավունքները ճանաչող»,-պատասխանեց Հարությունյանը, իսկ Գորգիսյանը նրա ասածից եզրակացրեց, թե ակնկալում են ունենալ իշխանական քաղաքական թիմին հաճելի սերունդ: Հարությունյանին պատգամավորի եզրակացությունը զարմացրեց. «Դուք չեք ցանկանո՞ւմ, որ ձեր քաղաքական ուժի հետեւորդներն էլ ունենան այդ որակները: Իմ ասածից դա եզրակացրի՞ք»:
Ապա Գորգիսյանը մատնանշեց, որ ուսուցիչներն անանուն զանգում են եւ բողոքում նախարարից, Արայիկ Հարությունյանն էլ կոչ արեց իր «ֆեյսբուքյան» էջ մտնել եւ տեսնել, թե քանի ուսուցիչ է մեկնաբանում իր գրառումները. «Նրանցից որեւէ մեկին բան չի եղել: Ձեր գործընկեր Հարություն Բաբայանն իր ելույթներից մեկում ասաց, թե ես վախի միջավայր եմ ստեղծել: Լուրջ եք ասո՞ւմ: 30 տարում ուսուցիչն այնքան ազատ չի եղել, որքան հիմա»:
«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցադրմանն էլ արձագանքելով՝ Արայիկ Հարությունյանը պնդեց, որ տարրական դասարաններում դիմակ կրելու անհրաժեշտությունը կա՝ պայմանավորված կորոնավիրուսային լարված իրավիճակով. «Թվերը որոշակի աճ են արձանագրել, եւ չէինք ցանկանա, որպեսզի երկրորդ ալիք լինի, ու ստիպված դպրոցները փակենք: Բոլոր գործողությունները միտված են ուսուցիչների եւ աշակերտների առողջությունը պահպանելուն, կրթական գործընթացը չընդհատելուն»:
Ուսման վարձավճարների թանկացմանն անդրադառնալով՝ նախարարը տեղեկացրեց. «Բուհերն են բարձրացրել վճարը եւ իրենք են պատասխանատու իրենց որոշումների համար: Ստացել ենք ուսանողների դիմումները, կքննարկենք»:
Պատգամավորների հետ հարցուպատասխանից հետո «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Աննա Կոստանյանը հրապարակեց հարցապնդումը. «Նախարարը չունեցավ հնարավորություն, որպեսզի բովանդակությամբ արտացոլի մեր հարցապնդման պատասխանները: Պնդում եմ, որ կրթական համակարգը կոլապսի եզրին է: Կրթական ոլորտի պատասխանատուի հանդեպ դժգոհությունն ավելանում է: Պարոն նախարար, խախտումներով կազմակերպեցինք տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրություններ, որպեսզի հաղթի ձեզ համար ձեռնտու թեկնածուն: ԵՊՀ-ում էլ կառավարման ճգնաժամ ստեղծելու մեջ ներդրում ունեք»:
Ապա ելույթում «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ նախարարի դեմ մեղադրանքներ հնչել են, բայց ոչ՝ հիմնավորումներ, ապացույցներ, իսկ շրջանառվող հիմնավորումները սուտ են եւ հորինված. «Ափսոս՝ հնարավորություն չկա ընդդիմադիր խմբակցությանն անվստահություն հայտնելու, այլապես հենց հիմա դա կանեի, փոխարենը՝ անվստահություն եմ հայտնում ձեր հայերենի իմացությանը: Գոնե ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնելուց առաջ շեշտը ճիշտ վանկի վրա դրեք: Ձեզ հաջողություն եւ հեղափոխական արդյունք եմ մաղթում, պարոն Հարությունյան»:
Այնուհետեւ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ պնդում են, որ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, որովհետեւ բարեփոխումները տապալված են բոլոր ոլորտներում: Ապա Մարուքյանը խորհրդարանին կոչ արեց քվեարկությամբ ընդունել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշումը:
«Բարգավաճ Հայաստանի» անունից Նաիրա Զոհրաբյանն էլ պնդեց, որ նախարարը տապալել է քաղաքականությունը բոլոր ոլորտներում:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց՝ զարմացած է նախարարի դեմ հարցապնդումից, որովհետեւ դրանում իրականում հարց չկա. «Սա ժամավաճառություն է»:
Ամփոփիչ ելույթում Արայիկ Հարությունյանը քաղաքացիներին կոչ արեց ընդդիմադիր խմբակցությունների սադրանքներին չտրվել, եւ դահլիճում իրավիճակը փոքր-ինչ լարվեց, երբ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները սկսեցին ձեռքերով թակել սեղանին ու պարզել նախարարի հրաժարականի պահանջով պաստառը:
«Լուսավոր Հայաստանի» ներկայացրած հարցի շուրջ քվեարկությունը խորհրդարանում կլինի վաղը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ