«Դուք առաջին հայերն եք, որ տեսնում եք այս աշխատանքները»,- լրագրողներին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ ներկայացնելով դեսպանի կեցավայրում ցուցադրվող արվեստի նմուշները, որոնց թվում է Հովսեփ Փուշմանի «Հույս եւ ակնկալիք» կտավը (1917): Այն ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին արված նվեր է՝ հայկական պատվիրակության կողմից, ոը Փուշմանի տիկնոջ՝ Ջուլիայի ղեկավարությամբ 1917 թ այցելել է Սպիտակ տուն ու հանդիպել նախագահ Վիլսոնին:
Օսմանյան կայսրության մասնակցությունն Առաջին աշխարհամարտը զուգորդվել է հայերի հանդեպ աննախադեպ բռնություններով: Հենց ԱՄՆ 28-րդ նախագահի ջանքերի շնորհիվ իրականություն դարձավ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող ու ամրագրող Իրավարար վճիռը, որի կարևորությունն անչափելի է Հայաստանի Հանրապետության համար:
Կտավում պատկերված է Փուշմանի զարմուհին՝ Դորան, որը հայկական տարազ է կրում, իսկ ձեռքին անթառամ ծաղիկներ են: Այժմ այս աշխատանքը ի թիվս այլ գործերի, 5 ամիս ժամկետով բերվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի կեցավայր՝ «Արվեստը դեսպանատներում» ծրագրի շրջանակում, որը օտարերկրացիներին հնարավորություն կտա հաղորդակցվել բացառիկ նմուշներին: Փուշմանի գործը պահվում է Վաշինգտոնում գտնվող Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում:
«Գեղեցիկ հայուհու այս դիմանկարը 1917 թ նվիրել են նախագահ Վիլսոնին՝ շնորհակալություն հայտնելու հայ ժողովրդին ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության համար: Դիմանկարը խորհրդանշում է հույսը՝ ի հեճուկս ողբերգության, հայ եւ ամերիկացի ժողովուրդների այսօրվա ամուր կապերը»,- նշեց դեսպանը:
Կարդացեք նաև
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի ձեւակերպմամբ, հայերը եւ ամերիկացիները հարուստ հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են մշակութային ժառանգության եւ արժեքների վրա:
ԱՄՆ եւ Հայաստանի Հանրապետության միջեւ համագործակցության մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Ինձ համար պատիվ է ծառայել որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան եւ շարունակել մեր ժողովուրդների միջեւ կապն ու գործընկերությունն ամրապնդելու աշխատանքը»,-ասաց դեսպան Թրեյսին:
Ինչ վերաբերում է Փուշմանի «Հույս եւ ակնկալիք» կտավին՝ հավելեց, որ նրանում հայկական շունչ կա: Նա ներկայացրեց նաեւ Էն Ռիբելի, Փոլ Հեմիլթոնի, Ջենիս Լեսման-Մոսի աշխատանքները: Ասաց, որ հոգնած ժամանակ հաճախ է նկարներին նայում, որովհետեւ դիվանագետները կարիք ունեն արվեստի միջոցով փոխանցվող ու խաղաղություն բերող դրական էներգիայի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ