Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիրտը վաճառել է՝ չիմանալով, որ այն խմելու համար պիտանի չէ. ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. «Փաստինֆո»

Սեպտեմբեր 16,2020 15:43
vodka

«Փաստինֆո». Ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալ Ավետիք Վարդանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Վարդգես Գևորգյանը։

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը թունավորման դեպքերի հետ որևէ առնչություն չունի, քանի որ ինքը ձեռք է բերել սպիրտը և հանձնել այլ անձի՝ չիմանալով, թե ինչ սպիրտ է։

«Իրեն հայտնել են, որ դա օգտագործման համար պիտանի սպիրտ է։ Այլ բան նա չի իմացել և չէր էլ կարող իմանալ, նա չի իմացել և վաճառել է»,- ասաց Գևորգյանը՝ նշելով, որ խնդիր է այն, թե արդյո՞ք իր պաշտպանյալի հանձնած սպիրտն է Արշակ Արշակյանը վաճառել Աշոտ Հովսեփյանին, դա քննությունը կպարզի։ Բացի դա՝ Ավետիքյանը սպիրտը ձեռք էր բերել ալկոգելի արտադրության համար։

Գևորգյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը ցուցմունք է տվել, հայտնել սպիրտի ձեռքբերման աղբյուրը և այդ ուղղությամբ ևս քննություն է իրականացվում, նրանք ևս կհրավիրվեն հարցաքննության։ Պաշտպանը հայտնեց, որ Ավետիք Վարդանյանի և Արշակ Արշակյանի միջև նախաքննության ընթացքում առերեսում եղել է, Վարդանյանն առերեսման ընթացքում պնդել է իր ցուցմունքը՝ նշելով, որ սպիրտը վաճառել է՝ չիմանալով, որ այն խմելու համար պիտանի չէ։ Պաշտպանը համոզված է, որ առաջիկայում առերեսումներ կլինեն նաև այն անձանց հետ, ումից Վարդանյանը ձեռք է բերել սպիրտը։ Ինչ վերաբերում է Ավետիք Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորմանը, փաստաբանը հայտնեց, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Վերաքննիչ բողոքը դեռևս չի մակագրվել։

Նշենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կեղծ օղի արտադրելու կամ իրացնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ ծանր հետևանքներ։

ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի, մասնավորապես, Աշոտ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի ((կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը) 2-րդ մասով: Արշակ Արշակյանին և Ավետիք Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելուն կամ իրացնելուն օժանդակելը) 2-րդ մասով: Երեք մեղադրյալները կալանավորվել են։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930