«Դիմակների առումով ես ասել եմ, որ մենք հետևում ենք նախկինում պարետատան կողմից սահմանված, հիմա առողջապահության նախարարության կողմից սահմանված ցուցումներին»,- հարցին՝ հնարավո՞ր է վերանայվի 6-12 տարեկան երեխաների՝ դիմակ կրելու որոշումը, ասուլիսի ընթացքում այսպես արձագանքեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ այս շաբաթվա ընթացքում իրավիճակին կհետևեն, քանի որ ուղեցույցը կարող է հընթացս փոփոխության ենթարկվել. «Մենք այս պահին դիմակ կրելու առումով լուրջ բողոքներ չենք ստացել, և այս առումով դպրոցներում լարվածություն չունենք: Դիտարկումներ ուսուցիչներից համենայն դեպս չենք ստացել: Այն բողոքներն են, որոնք կան: Մենք ուղիղ աշխատում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության, առողջապահության նախարարության հետ»:
Խոսելով իրենց հասցեին հնչող մեղադրանքների մասին, թե նախարարությունն ընդունել է մի այնպիսի կանոնակարգ, որն ազդելու է սերունդների առողջության վրա, Արայիկ Հարությունյանն ասաց. «Այդ երեխաները, աշակերտները՝ 1-12-րդ դասարան, մեր ընտանիքներում մեծացող երեխաներ են, մեր հարազատների ընտանիքներում, իմ գործընկերների, նախարարության աշխատակիցների ընտանիքներում մեծացող երեխաներ են: Ես չգիտեմ՝ ինչ խելագարության կանխավարկածով պիտի առաջնորդվենք մտածելու, որ նախարարությունն ընդունել է մի այնպիսի կանոնակարգում կամ առողջապահության նախարարությունը մեզ տվել է այնպիսի ցուցումներ, որ ազդելու է սերունդների առողջության վրա: Ես այս խելագարության կանխավարկածը հասկանալ չեմ կարողանում: Մենք տեսնելու ենք՝ ինչ խնդիրներ են առաջանում, կանենք փոփոխություններ: Այս պահի դրա անհրաժեշտությունը չկա: Առողջապահության նախարարությունը, ելնելով ընդհանուր համավարակային իրավիճակից, որ կա ՀՀ-ում, ընդունել է նման որոշում, որ թույլ չտանք բռնկումներ և անհրաժեշտություն չունենանք նորից դպրոցները փակելու: Իմ անձնական դիտարկումները դպրոցներում ցույց են տալիս, որ մենք, ընդհանուր առմամբ, ընկալվել ենք: Մեր երեխաներին մի դարձրեք ձեր քաղաքական օրակարգերի հարց, որովհետև դա վտանգավոր տեղ է տանում»:
Խոսելով ուսուցիչների թեստավորման արդյունքների մասին՝ Արայիկ Հարությունյանն ասաց. «Սեպտեմբերի 10-ի դրությամբ ունենք 6000-ի թեստավորման արդյունք, որը ցույց է տալիս՝ վարակվածերի թիվը մեկ տոկոսի սահմաններում է, ինչը շատ լավ արդյունք է մեզ համար»:
Կարդացեք նաև
Նախարարը զգուշացրեց՝ նախաձեռնելու են պատահական ստուգումներ դպրոցներում:
Բուհերում թեստավորումներ նախաձեռնելու մասին հարցի առիթով Արայիկ Հարությունյանն ասաց, որ բուհերն իրենք կարող են թեստավորման գործընթաց նախաձեռնել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ