Լրահոս
Օրվա լրահոսը

Կլուսավորվեն Գյումրու բոլոր թաղերը․ Եվրամիությունը 2 միլիոն եվրո է հատկացրել

Սեպտեմբեր 16,2020 14:34

Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին իր առանձնասենյակում հյուրընկալած Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գյումրեցիների համար ուշագրավ մի տեղեկություն հայտնեց՝ կապված քաղաքի լուսավորության ցանցի արդիականացման հետ։

Շնորհակալության հայտնելով դեսպանին՝ Եվրամիության հատկացրած երկու միլիոն եվրո դրամաշնորհի համար, քաղաքապետն ասաց, որ կլուսավորեն քաղաքի բոլոր թաղամասերը՝ իհարկե, խնայողական լամպերով։ Ըստ Սամվել Բալասանյանի, արդեն մրցույթ են հայտարարում։

«Հրաշք է Գյումրիի համար արդիականացնել քաղաքի լուսավորությունը, բոլոր թաղամասերում կունենք լուսավորություն՝ խնայողական լամպերով, որը հնարավորություն կտա ավելի երկար պահել լուսավորությունը, որպեսզի քաղաքը լինի լույսի մեջ։

Մոտ 5300 լուսակետեր են, արդիականացնում ենք նաև կենտրոնական հատվածը, կենտրոնական հրապարակը, որի մի մասն իրագործել ենք համաշխարհային բանկով, այնպես որ դա շատ մեծ օգնություն է մեծ համար դրամաշնորհը տրամադրել Գյումրի քաղաքին»,- ասաց քաղաքապետը։

Նա նաև նշեց, որ լավ ընկերություն էին անում նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ։

«Ճիշտ ասած հա սպասում էինք, որ գայիք Գյումրի, մենք Եվրամիության հետ շատ լավ աշխատել ենք, լավ ընկերություն ենք արել։ Ես Երևանում էլ մի անգամ ասացի՝ հաճախակի եկեք, գնացեք, ուրախ եմ, որ այստեղ եք»,-ասաց քաղաքապետը։

Նա անգլերենով գովազդեց իր քաղաքն՝ ասելով, որ Գյումրին գեղեցիկ, պատմական քաղաք է։ Ի պատասխան՝ Եվրամիության դեսպանը նշեց, որ ինքն առաջին անգամ չէ, որ այս գեղեցիկ քաղաքում է։

Դեսպանը նշեց, որ շատ պլաններ ունեին, որոնք սակայն իրագործվեցին Երևանում՝ կորոնավիրուսով պայմանավորված։

«Մեր բախտը չբերեց, մենք պատրաստ էինք տուրիստական հոսքերին, կորոնավիրուսի պատճառով բավական տուժեց մեր քաղաքը, անցած տարի, եթե հիշում եք Անկախության տոնին և կոմիտասյան օրերին ուղղակի տեղ չկար այստեղ շարժվելու և մեքենաների կայանելու»,-հիշեց քաղաքապետը։

Սամվել Բալասանյանը, թվարկելով Եվրամիության կողմից Ամասիայում բրդի գործարանի հիմնումը, Աշոցքում դահուկային սպորտի զարգացման ծրագիրն, ասաց՝ տեղյակ է Գյումրիում ևս նոր ծրագրեր սկսելու մասին։

Դեսպանը նշելով, որ իր համար մեծ հաճույք է հյուրընկալվել Գյումրիում, ասաց՝ ամեն կերպ աջակցելու է այս քաղաքի զարգացմանը։ Նա մասնավորապես նշեց տուրիզմի, նորագույն տեխնոլոգիաների, ինչպես նաև համայնքների զարգացմանը նպաստող տեղական դերակատարների հզորացման ծրագրերի մասին։

Դեսպանը որպես հաճոյախոսություն Սամվել Բալասանյանին՝ ընդգծեց, որ Գյումրին իր դիմագիծը, մշակութային ժառանգությունը պահպանած, արվեստի քաղաք է և ավելի գեղեցիկ է, քան Երևանը։

«Շնորհակալ եմ ձեր կարծիքի համար, եթե Եվրամիության դեսպանն այդպիսի կարծիք ունի, դա պետք է համարել Եվրոպայի կարծիք»,- ասաց քաղաքապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930