Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օրենքի նախագիծը բարձրագույն կրթության ոլորտում արմատական բարեփոխումներ է նախատեսում. ԿԳՄՍՆ-ն ամփոփում է կատարված աշխատանքները

Սեպտեմբեր 16,2020 14:38

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ` 2020 Թ. ՀՈՒՆՎԱՐՍԵՊՏԵՄԲԵՐ

2020թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջնային խնդիրը համավարակի պայմաններում ծրագրերի շարունակականության ապահովումն է եղել, միաժամանակ կատարվել են աշխատանքներ` ռազմավարական փաստաթղթերի մշակման, նոր կարգավորումների և բովանդային բարեփոխումների ուղղությամբ: 

Բովանդակային և հայեցակարգային փոփոխություններ.

  • ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ մեկնարկել են հանրակրթության բովանդակության փոփոխությունները. ընթացքի մեջ են հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական ծրագրերի և չափորոշիչների վերանայման, փոփոխման և մշակման աշխատանքները, որոնք երբեք այսքան մասնակցային չեն եղել։ Չնայած համավարակի առաջացրած բարդություններին` հանրակրթության պետական չափորոշչի նախագիծն անցել է հանրային լայն քննարկում՝ ուսուցչական համաժողովում հավաքելով ավելի քան 100 հազար դիտում, ստանալով ավելի քան 2000 առաջարկ և e-draft.am հարթակում դառնալով հարթակի պատմության ամենաքննարկված և դիտված նախագիծը։ Առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագծերը դրվել են հանրային քննարկման, կազմակերպվել է ավելի քան 15 քննարկում առարկայական շուրջ 6000 ուսուցչի, ինչպես նաև բազմաթիվ մասնագիտական խմբերի հետ։ Ներկայում Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատման փուլում է, առարկայական չափորոշիչները լրամշակվում են` հաշվի առնելով ստացված առաջարկներն ու դիտողությունները։
  • Ընթացքի մեջ են Կրթության, Երիտասարդության, Մշակույթի, Սպորտի և Գիտության 2021-2025 թվականների ռազմավարությունների մշակման աշխատանքները: Բոլոր 5 ոլորտների ռազմավարական փաստաթղթերն ուղեկցվելու են 5-ամյա միջոցառումների պլաններով՝ կատարողականի հստակ վերջնարդյունքային ցուցանիշներով, ժամանակացույցով, ֆինանսական գնահատականով և ֆինանսավորման աղբյուրներով։
  • Ընդունվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը, որով ստեղծվում են նախադպրոցական կրթության ոլորտում առանցքային փոփոխությունների հնարավորություններ:
  • Հասարակության լայն և շահագրգիռ շրջանակների հետ քննարկումներից հետո «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ: Այս փաստաթուղթը բարձրագույն կրթության ոլորտում արմատական բարեփոխումներ է նախատեսում։
    Առաջարկվում է`
  • անհրաժեշտ հիմքերի ապահովում գիտահետազոտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության և աստիճանական ինտեգրման համար՝ գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր ստեղծելով,
  • բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերի իրականացում ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձևերով,
  • ներկայիս ասպիրանտական ծրագրերի համապատասխանեցում համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ՝ դոկտորի աստիճան՝ համապատասխանորեն փոխելով ծրագրերի բովանդակությունը և կազմակերպման ձևը,
  • երկու և ավելի բուհերի (այդ թվում՝ օտարերկրյա) կողմից կրթական ծրագրերի համատեղ մշակում և իրականացում՝ բարձրագույն կրթության այս կամ այն մակարդակի որակավորման շնորհմամբ, որը հավաստվում է մասնակից բուհերի տրամադրած միասնական ավարտական փաստաթղթով (դիպլոմով) կամ մասնակից բուհերից մեկի կամ բոլորի առանձին ավարտական փաստաթղթերով (դիպլոմներով),
  • բուհերում առանձին դասընթացների, ուսումնական մոդուլների և կրթական ծրագրերի՝ օտար լեզվով դասավանդելու հնարավորության ապահովում, բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին պետական​​ ֆինանսական աջակցության տրամադրման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդրում:
  • «Թանգարանների և ՀՀ թանգարանային առարկաների մեկ միասնական հավաքածուի մասին» ՀՀ օրենքի նախագիծը վերջնականացման փուլում է, իսկ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների փաթեթն ուղարկվել է Կառավարություն: Մշակվել է միջազգային միջոցառումներին և նախագծերին մասնակցելու համար անհատ ստեղծագործողներին և մշակույթի գործիչներին պետբյուջեից նպաստի տրամադրման  կարգը:
  • Մշակվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից ֆինանսավորման նոր կարգը, որով կատարվելու են մի շարք սկզբունքային փոփոխություններ: Ֆինանսավորման նոր բանաձևով առաջարկում է.
  • հանրակրթական դպրոցների ֆինանսավորումն իրականացնել ըստ դասարանների թվի,
  • 2020 թվականի հունվարի 1-ից սահմանվել է ուսուցչի նվազագույն աշխատավարձ, ընդ որում` եթե տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձն ավելի բարձր է, կպահպանվի բարձր աշխատավարձը,
  • լրավճարներ են նախատեսվել առարկայական մեթոդմիավորման ղեկավարի և դասղեկների համար, ինչը վերջին տարիներին շատ դպրոցներում չկար,
  • ֆինանսավորման բանաձևում արտացոլվել է նաև նախակրթարանների ֆինանսավորումը, տարրական դասարանների սովորողների սննդի գումարը՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում,
  • անցնել իրական ներառականության՝ բոլոր դպրոցների համար նախատեսելով ուսուցչի օգնականի հաստիք, ինչպես նաև միջոցներ հատկացնել միջավայրի հարմարեցման համար։
  • Մշակվել է Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ֆինանսավորման նոր կարգը:
  • Մշակվել է սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներ ուսուցիչներ գործուղելու նոր կարգի նախագիծը: Նախատեսվում է, որ նախարարությունը վարելու է սահմանամերձ կամ բարձրլեռնային համայնքների դպրոցներում դասավանդելու ցանկություն ունեցող ուսուցիչների կադրային շտեմարան: Սահմանամերձ համայնքներ գործուղվող ուսուցիչներին առաջարկվում է 30 տոկոս աշխատավարձի հավելում, որը նախկինում չի եղել, բնակարանի վարձակալության գումար՝ ամսական 13000-33000 դրամ` նախկին000 դրամի փոխարեն, կոմունալ ծախսերի գումար` ամսական 10.200 դրամ` նախկին 5000 դրամի փոխարեն, մինչև 50 հազար դրամ գույքի տեղափոխման ծախս` նախկին 15 հազարի փոխարեն, տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու գումար: Կարգն ուժի մեջ կմտնի 2021 թ. հունվարից:
  • Մշակվել է «Տարվա լավագույնները» մրցույթի նոր կարգը։ Ընտրվելու են լավագույն ծրագրային առաջարկները՝ տարբեր անվանակարգերում, որոնք կխրախուսվեն և հնարավորություն կստանան իրականացվելու։ Բացի անհատականից, լավագույնի մրցույթին կարող են ներկայացվել նաև թիմային հայտեր:
  • Հաստատվել է օլիմպիադայի հաղթողներին անվանական կրթաթոշակ տալու նոր կարգը: Լավագույն օլիմպիականների համար սահմանված է ամսական 5-25 հազար դրամ կրթաթոշակ` ըստ մրցանակային տեղերի և օլիմպիադայի: 2020 թ. 1-ին կիսամյակի դրությամբ պետբյուջեից դպրոցական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներին` որպես անվանական կրթաթոշակ, հատկացվել է շուրջ 18300,0 հազար դրամ գումար: Միջազգային և հանրապետական առարկայական, ինչպես նաև Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադաների 218 մրցանակային տեղերը բաշխվել են ՀՀ և ԱՀ 79 դպրոցի (ՀՀ-ի 68 դպրոց և ԱՀ-ի 11 դպրոց) 195 աշակերտի (12-ը` Արցախից) միջև: 12-րդ դասարանում սովորող դիպլոմակիրների թիվը 76 է, որոնց հատկացվող ընդհանուր գումարը 7230,0 հազար դրամ է: Դպրոցներից ամենաշատ մրցանակակիր ունեն ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը (74 մրցանակակիր) և «Քվանտ» վարժարանը (32 մրցանակակիր)։ Եթե  սովորողը կրթաթոշակ ստացողների ցանկում ընդգրկվում է երկու կամ երեք հիմքով, ապա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Ըստ այդմ՝ 15 աշակերտ դիպլոմակիր է դարձել միաժամանակ 2 հիմքով:
  • Մշակվել և հաստատվել է դպրոցներում գործածվող փաստաթղթերի ցանկը և դրանց լրացման կարգը. առաջարկվում է 14 փաստաթղթից 7-ն այսուհետ վարել էլեկտրոնային, ինչը զգալի կթեթևացնի դպրոցների փաստաթղթաշրջանառությունը, կմեծացնի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, իսկ COVID-19-ի պայմաններում կլինի վարակի տարածումը կանխող ևս մեկ քայլ։
  • Փոփոխվել և հաստատման փուլում է գտնվում տնօրենների ընտրության կարգը, որով հստակեցվում է մանկավարժական և ծնողական համայնքների մասնակցությունն ընտրության գործընթացում: Կներդրվեն տնօրենի ընտրության մի շարք նոր մեխանիզմներ և չափանիշներ, որոնք կսահմանափակեն կոռուպցիոն գործերի և չարաշահումների հետ կապված անձանց տնօրեն դառնալու հնարավորությունները: Մշակվում է նաև դպրոցի օրինակելի կանոնադրությունը, որով առաջարկվում է ցանցային դպրոցի գաղափարը։
  • ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել են «Գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը» և «Եվրոպական հետազոտական տարածքում ՀՀ հետազոտությունների և մշակումների բնագավառի ինտեգրման ճանապարհային քարտեզը»:
  • Լիովին վերանայվել է ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիրը: Իրականացվում են հայտերի և հաշվետվությունների ներկայացման միասնական համակարգի (scs.am) բարելավման աշխատանքներ:
  • Հարկային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն` 2020 թվականից աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտահարկի հաշվին: Կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորելու դեպքում ուսանողը եկամտային հարկի միջոցով ուսման վարձավճարի փոխհատուցում կստանա:
  • Կառավարության 2015 թ. օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ 2 անգամ կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում բարձրացվել են Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների և մրցանակակիրների պատվովճարները: Օլիմպիական խաղերի չեմպիոններին նախկին 100 հազար դրամի փոխարեն, այսուհետ պետությունը կվճարի ամսական 200 հազար դրամ պատվովճար` ցմահ: Օլիմպիական խաղերում 2-րդ և 3-րդ  մրցանակակիր դարձած մարզիկները կստանան համապատասխանաբար 140 հազար և 100 հազար դրամ պատվովճար՝ ցմահ՝ նախկինում եղել է 80 հազար դրամ 2 տարի ժամկետով և 60 հազար դրամ՝ 1 տարի ժամկետով: Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններին պետությունը կվճարի ամսական 200 հազար դրամ, իսկ 2-րդ և 3-րդ մրցանակակիրներին համապատասխանաբար 140 հազար դրամ և 100 հազար դրամ պատվովճար՝ ցմահ, ինչը նախկինում չի եղել: Նույն կարգավորմամբ սահմանվում է, որ Օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկին կտրվի 180 հազար դրամ՝ երկու տարի ժամկետով, այնուհետև 100 հազ. դրամ՝ ցմահ: Շախմատի, սամբոյի և նավամոդելային սպորտի աշխարհի առաջնության չեմպիոնները ևս ցմահ կստանան 100 հազ. դրամ: Միաժամանակ միջոցառման շահառու են դարձել շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթողները: Բացի այդ, որոշումից հանվել է ՀՀ-ում մշտապես բնակվելու պահանջը:
  • Մշակվել են թանգարանների զարգացման, կառավարման, հիմնադրման, ինչպես նաև գրադարանների զարգացման, թվային հումանիտարիայի համատարած ներդրման հայեցակարգի նոր առաջարկներ: Որդեգրվել են հնագիտության զարգացման և պատմական, մշակութային և բնական հուշարձանների կառավարման և պահպանման նոր մոտեցումներ և կառուցակարգեր:

Հիշարժան ծրագրեր և միջոցառումներ  

  • Ընդլայնվել է կրթության կառավարման ոլորտում ՏՏ գործիքների կիրառումը․ մասնավորապես, կատարվել է առաջին դասարանցիների առցանց հայտագրում և ընդունելություն հանրապետության ամբողջ տարածքում այն բնակավայրերի համար, որտեղ կա առնվազն երկու պետական հանրակրթական դպրոց: Անցյալ տարի համակարգը փորձարկվել էր մայրաքաղաք Երևանում, այս տարի ամբողջ հանրապետությունը ներառվել է ԿՏԱԿ-ի համակարգում:
  • Գիտության ոլորտում իրականացվել են հետևյալ մրցույթները՝ գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության միջազգային մրցույթը, «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական թեմաների հայտերի մրցույթը, Երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթը, կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի ընտրության մրցույթը:
  • «Իմ քայլը» հիմնադրամի հետ իրականացվում է աշխարհի առաջատար բուհերում սովորելու համար կրթաթոշակների տրամադրման ծրագիր՝ պայմանով, որ սովորողները վերադառնալու և աշխատելու են Հայաստանում: 2020-2021 ուստարվա համար հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրել 45 ուսանողի:
  • Ստեղծվել է դեպի Հայաստանի կրթական համակարգam էլեկտրոնային հարթակը, որը նպատակ ունի մեծացնել Հայաստանի բուհերի միջազգային գրավչությունը:
  • 2020թ. կազմակերպվել է օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդումը 8 պետության 10 հաստատությունում, այդ թվում՝ Պրահայի Կարլովի համալսարան, Բուխարեստի համալսարան, Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարան, Զալցբուրգի համալսարան, Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի ինստիտուտ, Հռոմի Լա՛Սապիենցա համալսարան, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Արգենտինայի Քենեդի համալսարան, Կահիրեի համալսարան, Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոն: Համեմատության համար՝ 2017 թ. դրությամբ ծրագիրն իրականացվել է 4 հաստատությունում:
  • Որպես աջակցություն սփյուռքի կրթօջախների ուսումնական գործընթացին՝ առաքվել է 11000 միավոր գրականություն, մինչև 2020թ. ավարտը նախատեսվում է ընդհանուր առմամբ 116000 միավոր գրականության տրամադրում։
  • ՀԲԸՄ ՀՎՀ–ի (AGBU AVC) հետ համագործակցությամբ կազմակերպվել է Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը՝ 34 երկրի 1250 մասնակցով:
  • Օգոստոսի 25-ին մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների առցանց վերապատրաստումը, որին մասնակցում է 120 ուսուցիչ` 35 երկրից. աշխատանքները կավարտվեն հոկտեմբերին:
  • ԱՊՀ՝ Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի 2021 թ. միջոցառումների ցանկում ընդգրկվել է 4 հայտ Հայաստանից:
  • «STARMUS UNIVERSE 2007 SL» կազմակերպության հետ ստորագրվել են համաձայնագիր և փոխըմբռնման հուշագիր, որով 2021 թ. սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում անցկացվելու է գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը: Փառատոնին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր ինչպես նաև գիտության և արվեստի ներկայացուցիչներ` բարձրացնելով մեր երկրի գրավչությունը հազարավոր զբոսաշրջիկների համար և ամրապնդելով Հայաստանի դիրքը գիտության և արվեստի համաշխարհային քարտեզի վրա:
  • Հայտարարվել են «Արհեստական բանականություն և տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «Ռոբոտատեխնիկա» մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթը, կին գիտական ղեկավարների խրախուսման դրամաշնորհային և կիրառական հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների առաջխաղացման ծրագրերը: Ամփոփման փուլում են երիտասարդ ղեկավար ունեցող խմբերի առաջխաղացման դրամաշնորհային ծրագրի և գիտահետազոտական խմբերի ամրապնդման դրամաշնորհային ծրագրի հրավերների փաթեթները: Հայտարարված է խոշոր գիտական սարքավորումների ձեռքբերման մրցույթի հրավերի փաթեթը:
  • 2019 և 2020 թթ. Հայաստանի ազգային կինոկենտրոնում գործող ֆիլմերի ֆինանսավորման նոր կանոնակարգի կիրառման արդյունքում կինոարտադրողները հնարավորություն են ստացել ֆինանսավորվել կինոնախագծերի մեկնարկային փուլից մինչև տարածման փուլ (զարգացում, արտադրություն, հետարտադրություն և տարածում): Այդ ձևաչափով պայմանավորված՝ աճել են քանակական և որակական ցուցանիշները, ստեղծվել են հավասարաչափ և մրցակցային պայմաններ, բացի այդ, հատուկ խրախուսման նպատակով 2018-2020 թթ․ շեշտակի աճել է դեբյուտային աշխատանքների թիվը՝
  • 2018 թվականին արտադրվել է 16 կինոնախագիծ, որից` 7 դեբյուտային (43.75%),
  • 2019 թ. արտադրվել է 46 կինոնախագիծ, որից` 19 դեբյուտային (41, 30%),
  • 2020 թ. աջակցություն է ստացել և ընթացքի մեջ է 45 կինոնախագիծ, որից՝ 24 դեբյուտային (53, 3%),
  • Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի շրջանակում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին իրականացվել է սուրբ նահատակների հիշատակին նվիրված 8-ժամյա ուղիղ հեռարձակմամբ գեղարվեստական ծրագիր: Երաժշտական ոգեկոչման այս բացառիկ իրադարձությունն արտակարգ իրավիճակում հայ արվեստագետների խնկարկումն ու խոնարհումն էր՝ «Հարգելով հիշատակը՝ հարգենք կյանքը» նշանաբանի ներքո։
  • Մեկենասությունը խրախուսելու և պետականորեն կարևորելու նպատակով հրատարակվել է «Մեկենաս» տարեգիրքը, որը նախադեպը չունեցող ձեռնարկ է և մեկենասությունը տեղեկատվական քաղաքականության ոլորտ տեղափոխելու առաջին քայլը։
  • Միջազգային համագործակցության շրջանակներում հայ կինոարտադրողներն ու ռեժիսորները մասնակցել են Բեռլինի միջազգային կինոփառատոնին կից կինոշուկային՝ առաջին անգամ ներկայանալով ազգային միասնական տաղավարով:
  • Վաշինգտոնի ազգային տաճարում տեղի է ունեցել «Հայկական ոդիսական» փառատոնը, որի ընթացքում ներկայացվել են հայկական դասական ֆիլմերը:
  • Թվանշայնացվել է Միքայել Նալբանդյանի ողջ ժառանգությունը, ընթացքի մեջ է Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին նվիրված հայրենաճանաչողական թեմաներով 10 անիմացիաների և անտիպ եռահատոր նամականու պատրաստումը Մխիթարյան միաբանության հետ, հուշարձանների պահպանության նպատակով նամականիշերի թողարկումը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում պատրաստված մի շարք հայտերի պատրաստումը, Եվրոպայի Խորհրդի Ընդլայնված մասնակի համաձայնագրի «Մշակութային ուղիներ» ծրագրի շրջանակում աշխատանքները հայկական մշակութային ժառանգության ներառման ուղղությամբ:
  • Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ 2020 թ. մարտի 6-ին մեկնարկել է «Չտեսնված կինո» խորագրով հաղորդաշարը, որի շրջանակում յուրաքանչյուր ուրբաթ ցուցադրվում են հետխորհրդային շրջանում նկարահանված հայկական լիամետրաժ խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերը:
  • Թողարկվել է «Քո սերնդակիցը» հաղորդաշարը, որը ներկայացնում է «Մեկնարկ» տաղանդավոր պատանի երաժիշտների զարգացման ծրագրի սաներին։
  • Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի առցանց տարբերակը:
  • Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, am youtube-յան մշակութային հեռուստաալիքում ստեղծվել է #ԱմենԻնչՄուլտիՄասին նախագիծը:
  • Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի «ԴասԱ» ծրագիրը յուրաքանչյուր օնլայն հեռարձակվող համերգից առաջ աշակերտներին ներկայացնում է ճանաչողական տեսանյութ տվյալ համերգի վերաբերյալ։
  • Ստեղծվել է «Մշակութային կորոնադադար» խորագրով հաղորդաշարը, որի ընթացքում նկարահանող խումբը շրջում է մշակութային հաստատությունների՝ հանրության համար փակ և անծանոթ վայրերով: Նախագիծը նպատակ ունի բարձրացնել հանրային հետաքրքությունը մշակութային կառույցների հանդեպ։
  • Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ իրականացվել են «Առականի» և «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» առցանց նախագծերը:
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն առցանց հարթակում ուղիղ հեռարձակմամբ իրականացրել է «Երգում են տիկնիկները» և «Տիկնիկների կախարդական աշխարհում» հաղորդաշարերը:
  • Առաջին անգամ Հայաստանում իրականացվել են առցանց միջազգային մրցույթներ՝ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթ, «Harmonium OnlinePlus International Music Competition»:
  • Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի «Digital Armsymphony» նախագծի շնորհիվ նվագախումբն իր համերգային և կրթական գործունեությունը վարելու է առցանց տիրույթում:
  • Տավուշյան վերջին դեպքերի բարոյահոգեբանական հետևանքները սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիների շրջանում մեղմելու նպատակով մեկնարկել է «Թիկունքը՝ մշակույթ» նախաձեռնությունը:
  • Իրականացվում են «Ընտրանի», «Սաղսարա», «Արվեստանոց» ուսումնագեղագիտական, «Օկտավա+», «Թատրոնն էկրանին», «Թատերական Լոռի» մշակութային նախագծերը, «Զարկ Ֆեստ» առցանց նախագիծը:
  • Իրականացվել է մշակույթի ոլորտում կառավարման մոդելների խնդիրներին նվիրված ուսումնասիրություն և վերլուծություն, ինչի արդյունքում մշակվել է «Ժամանակակից արվեստի կառավարման հեռանկարները հանրային ոլորտում» ծրագիրը:
  • Ձեռք են բերվել 11 անուն 73 երաժշտական գործիքներ, որոնք մինչև տարվա վերջ տրամադրվելու են ՀՀ մարզերի երաժշտական, արվեստի դպրոցների շնորհալի աշակերտներին և նոր բացվող դասարանների սաներին:
  • Կառավարության որոշմամբ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում լավագույնը ճանաչված մարզիկներին պարգևատրելու նպատակով հատկացվել է 50 միլիոն դրամ:

Կապիտալ  ծրագրեր 

  • 2020 թ. պետբյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծախսերը կազմում էին 7,6 մլրդ դրամ (74 շինարարական աշխատանք, 30 նախագծանախահաշվային աշխատանք, 177 գույքային ձեռքբերում)։ Կառավարության մի շարք որոշումներով կատարվել է վերաբաշխում և նախարարության տնտեսումների հաշվին մեկնարկել են լրացուցիչ կապիտալ ծրագրեր (կրթական, մշակութային և մարզական հաստատությունների քանակը ավելացել է 94-ով՝ ընդհանուր քանակը հասնելով 168-ի, նախագծանախահաշվային աշխատանքների թիվը ավելացվել է 45-ով՝ ընդհանուր քանակը հասնելով 75-ի, գույքային ձեռքբերումների քանակը ավելացվել է 2-ով՝ հասնելով 179-ի). արդյունքում կապիտալ ծախսերի ճշգրտված բյուջեն09.2020թ. դրությամբ  կազմում է 9,3 մլրդ ՀՀ դրամ։ Այս պահի դրությամբ 70-ից ավելի հաստատությունում աշխատանքներն ընթացքի մեջ են կամ գտնվում են ավարտական փուլում, մյուս դեպքերում նախապատրաստվում կամ ընթանում են գնման մրցույթները: Համեմատության համար նշենք, որ 2019 թվականին կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում կապիտալ ծախսերի փաստացի բյուջեն կազմել է 3,1 մլրդ դրամ։
  • Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն–ԾԻԳ-ը 2018-ին շահագործման է հանձնել 5 ավագ դպրոց, 2019-ին մեկնարկել է 8 ավագ դպրոցի հիմնանորոգում (որից 1-ը տնտեսվող գումարի հաշվին), որոնք կշահագործվեն հաջորդ տարի:
  • Երեք մշակութային հաստատության` Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի,Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի և Ալ. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար ձեռքբերվել և տեղադրվում են կարևոր սարքավորումներ՝ հակահրդեհային և օդափոխման համակարգ, լուսային սարքավորումներ:
  • 2020 թ. սեպտեմբերին հանրապետությունում բացվել է 21 նոր նախակրթարան` «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում: Այս ծրագրով արդեն իսկ հիմնվել է 136 նախակրթարան։

Համավարակի մեղմացման շրջանակում իրականացված աշխատանքներ 

  • Համեմատական անցկացնելով այլ երկրների հետ՝ կրթամշակութային ոլորտում համավարակի մեղմման շրջանակներում Հայաստանն արձանագրել է որոշակի հաջողություններ, որոնցից նշանակալից է այն, որ մեր երկրում հեռավար ուսուցման մեջ արձանագրվել է աշակերտների 80% ներգրավվածություն:
  • Գործընկերային ձևաչափով կազմակերպվել է 3 առցանց հանդիպում կրթության ոլորտի խնդիրների համակարգման վերաբերյալ, որի արդյունքում համադրվել են համավարակի պայմաններում կրթության կազմակերպման և դպրոցների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, արձագանքելով ԿԳՄՍ նախարարի կոչին՝ սոցիալական գործընկերության հիմունքներով միջազգային, տեղական մի շարք կազմակերպություններ, հիմնադրամներ և մասնավոր ընկերություններ ավելի քան 3 հազար համակարգիչ և այլ տեխնիկական սարքավորումներ են տրամադրել հանրակրթական հաստատություններին:
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, համագործակցելով Հայաստանի ստեղծագործական միությունների հետ, նախաձեռնել է բարեգործական միջոցառում՝ «ԵՂԵՔ ԱՌՈՂՋ, ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ» խորագրով․ ավելի քան 140 արվեստագետի տրամադրվել են բժշկական և պարենային ապրանքներ:
  • ԿԳՄՍ նախարարությունը գործուն մասնակցություն է ունեցել սփյուռքահայ և օտարերկրյա ուսանողների և դիմորդների՝ ՀՀ տարածք մուտքի ապահովմանը, այդ թվում ապահովելով դիմորդների մասնակցությունը հուլիսի 1-ին տասնօրյակում կայացած բուհական միասնական ընդունելության քննություններին և ներկայում ընթացող ՀՀ նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտարերկրացիների և սփյուռքահայերի ընդունելությանը:
  • Կառավարության 2020թ․ սեպտեմբերի 3-ի թիվ 1524-Ն որոշմամբ բյուջեից հատկացվել է 646․5 հազար դրամ, որով նախատեսվում է բժշկական դիմակներով ապահովել ուսումնական հաստատությունների սովորողներին, մանկավարժական ու վարչական անձնակազմերին` 1 ամսվա հաշվարկով: Դիմակներ կտրամադրվեն հանրակրթական դպրոցների, արտադպրոցական հաստատությունների, մարզադպրոցների և նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին` թվաքանակի 20%-ի չափով, քանի որ գործում է դիմակով հաստատություն հաճախելու կանոնը, և դիմակները նախատեսված են անհրաժեշտության դեպքում փոխելու, ըստ կարիքի տրամադրելու համար: Հաստատությունների անձնակազմերը դիմակ կստանան 100%-ի չափով՝ օրական 2 հատ: Հատուկ և մասնագիտացված դպրոցների սաների և անձնակազմի համար նախատեսվում է օրական 3 դիմակ` թվաքանակի 100 տոկոսի հաշվարկով: Կտրամադրվեն նաև ձեռքերի և տարածքների ախտահանիչ նյութեր: Նշված պարագաների գնումը ԿԳՄՍՆ ենթակայության հաստատությունների համար կկատարի նախարարությունը, մարզային ենթակայության հաստատությունների համար` մարզպետարանները: Բացի այդ, առաջիկա օրերին նախարարությունն իր միջոցներով մոտ 30 հազար դիմակ կհատկացնի մարզպետարաններին, որ դրանք անվճար բաժանվեն դպրոցներին: Ուսումնական հաստատություններն այս նպատակով կօգտագործեն նաև նախորդ կիսամյակի ընթացքում ձևավորված խնայողությունները։
  • 2020-2021 ուստարվա ընդունելությունը նախնական և միջին մասնագիտական հաստատություններում շուրջ 14 հազար դիմորդների համար կազմակերպվել է կարճ ժամանակում մշակված էլեկտրոնային համակարգով։ Հետագա տարիներին էլեկտրոնային համակարգը կկատարելագործվի և կգործի՝ նպաստելով թափանցիկությանը և դյուրին դարձնելով դիմելու գործընթացը ցանկացած համայնքից։
  • Կորոնավիրուսի տարածման հետևանքով անհրաժեշտություն էր առաջացել օժանդակել ՀՀ բարձրագույն և հետբուհական /կլինիկական օրդինատուրա/ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ՀՀ քաղաքացի հանդիսացող սովորողներին: Այդ նպատակով 2020 թվականի ապրիլի 23-ին կառավարությունն ընդունել է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը հաստատելու մասին» թիվ 596-Լ որոշումը, որի արդյունքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 914,068.4 հազար դրամ` ուսանողական վարկերի սուբսիդավորման և գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման նպատակով: Միաժամանակ ԿԳՄՍ նախարարի հորդորով ուսանողական կրթաթոշակներ տրամադրող մի շարք հիմնադրամներ ավելացրել են իրենց շահառուների թիվը:
  • Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ մեկնարկել է ուսուցիչներին, սովորողներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ծրագիրը: Ուսումնասիրվում են այս խմբերի կարիքները, որի արդյունքով կտրամադրվի անհրաժեշտ խորհրդատվություն ու աջակցություն, կգործի նաև թեժ գիծ։
  • Առցանց դասավանդման մեթոդական հմտությունների զարգացման նպատակով մշակվել է «Ուսումնառության համընդհանուր ձևավորում» թեմայով առցանց դասընթացը, ինչպես նաև «Google Classroom» և «Microsoft Teams» դասընթացները՝ ուսումնառության կառավարման համակարգերի վերաբերյալ։ Դասընթացները հասանելի են բոլոր ուսուցիչներին։
  • Օգոստոսի 3-20-ը հեռավար ուսուցումից դուրս մնացած երեխաների համար կազմակերպվել է շուրջ 100 լրացուցիչ դասընթաց, որոնց մասնակցել է մի քանի հարյուր երեխա։ Դասընթացներին կարող էին մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուստարվա նյութը։ Նախարարության և մարզպետարանների աջակցությամբ լուծվել է հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ հասանելիության և տեխնիկական սարքավորումների ապահովման խնդրին՝ օգտագործելով ԿԳՄՍ նախաձեռնության շրջանակում ապրիլ-հունիս ամիսներին հավաքագրված տեխնիկական սարքավորումները։
  • Համաշխարհային բանկի հետ աջակցությամբ մշակվում է ճգնաժամային պայմաններում նախադպրոցական ծառայությունների կազմակերպման մոդելը, ինչպես նաև նախատեսվում է վերապատրաստել նախադպրոցական հաստատությունների աշխատակիցներին՝ համավարակի պայմաններում աշխատանքի մեթոդական առանձնահատկությունների ուղղությամբ նրանց կարողությունները բարելավելու համար։
  • Կառավարության համապատասխան որոշմամբ կազմակերպվել է Հորդանանի Ամմանի համալսարանի լեզվի կենտրոնում սովորող 12 հայ ուսանողների տեղափոխումը Ամման-Թբիլիսի հատուկ չվերթով՝ Պարետատան և ԱԳՆ–ի հետ համագործակցությամբ:
  • Մշակույթի ոլորտում ամբողջությամբ պահպանվել են մշակութային հաստատությունների աշխատակազմի աշխատավարձերը, առանձին դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել անհատ արվեստագետների համար:
  • #Տնիցթանգարան, #Թանգարանըկգատուն, #Միջթանգարանային համագործակցություն և այլ հեշթեգներով ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանները կազմակերպել են առցանց ծրագրեր:  ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանների առցանց ծրագրերի ընդհանուր դիտելիության թվաքանակը կազմում է ավելի քան000.000:
  • Մեկնարկել է մշակութային դրամաշնորհային ծրագիր, որը միտված է կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքով ստեղծված արտակարգ ՀՀ մշակույթի և ստեղծարար ոլորտների ինքնազբաղ ստեղծագործողների գործունեության շարունակականությունն ապահովելուն:
  • Կառավարության 2020 թ.մայիսի 21-ի թիվ 837-Ն և սեպտեմբերի 3-ի թիվ 1473-Ն որոշումներով ՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում ԿԳՄՍՆ ենթակայության թատերական և համերգային կազմակերպությունների, թանգարանների և գրադարանների աշխատակիցների աշխատավարձերի պահպանման նպատակով հատկացվել է 33408,0 և 122650,0 հազ․ դրամ` հաշվի առնելով, որ նրանք այս ամիսներին ժամանակավոր կասեցվել և առցանց են գործել, հետևաբար, արտաբյուջե չեն ձևավորել:
  • Կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1075-Ն որոշման համաձայն 4756012,0 հազ․ դրամ է հատկացվել  մշակութային հաստատություններին`  ոլորտում նախորդ տարիներից կուտակված ԱԱՀ վերադարձը պետբյուջե ապահովելու համար, ևս5 դրամի հարկի հետ վերադարձի նախագիծ շրջանառվում է։
  • Կառավարությունը 2020 թ. սեպտեմբերի 3-ին կայացրել է երկու որոշում. առաջին` 2021 թ․ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, 2021 թ․ Օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով` ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 232 միլիոն դրամ գումար: Նույն օրվա երկրորդ որոշմամբ` «Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման նպատակով նախապես հաստատված 157 միլիոն դրամից բացի լրացուցիչ տրամադրվել է ևս5 հազար դրամ, ինչը պայմանավորված է 2019թ. ցուցաբերած շատ արդյունքներով և նոր շահառուների ավելացմամբ: Մասնավորապես, նախկինում շահառու չեն հանդիսացել Եվրոպական խաղերի հաղթողները և մրցանակակիրները, որոնք այժմ արդեն ստանում են անվանական թոշակ:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930