Aravot.am-ի «Ֆեմինի․ ամեն ինչ կանանց մասին ու կանանց համար» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք կնոջը հուզող ամենօրյա հարցին՝ «ի՞նչ հագնել այսօր» և այդ համատեքստում պարզել՝ որո՞նք են համաշխարհային նորաձևության գլխավոր միտումները 2020 թ․-ի աշուն-ձմեռ սեզոնի համար։
Հեղինակավոր Vogue ամսագիրն առանձնացրել է 2020 թ․-ի աշուն-ձմեռ սեզոնի թրենդային հիմնական ուղղությունները, որոնք ներկայացվել էին դեռևս գարնանը՝ համաշխարհային մայրաքաղաքներում անցկացվող նորաձևության շաբաթների շրջանակներում։
Նյու Յորքում, Լոնդոնում, Միլանում ու Փարիզում ներկայացված ցուցադրություններից ակնհայտ էր, որ դիզայներները ձգտում են ստեղծել ունիվերսալ զգեստապահարան, որը չի ենթարկվում սեզոնային կամ թրենդային հստակ սահմանների․ այստեղից էլ՝ մինչև հատակ հասնող «զգեստ-ֆուտլյարները», «խիստ» վերարկուներն ու կոստյումները։ Մյուս կողմից առաջարկվող խստությանը հակադրվում է տնային հարմարավետություն ստեղծելու ձգտումը, որն արտահայտվում է ծածկոց հիշեցնող ժակետների, մեծ չափսի հագուստների, կարկատանի, գորգերի զարդանախշերի և այլ միջոցներով։
2020 թ․-ի աշուն-ձմեռ հավաքածուները զերծ չէին թատերականությունից ու նախորդ դարաշրջանների նորաձևությանը բնորոշ դետալներից՝ ներկայացվեցին Մարի Անտուանետի զգեստները հիշեցնող ուրվագծեր, ասեղնագործ սերթուկներ և այլն։ Ինչպես նաև այս սեզոնի ցուցադրություններում մեծ տեղ էր գրավում կրոնական թեմատիկան՝ վանականի հագուստ հիշեցնող զգեստներ, խաչեր, ծածկված գլուխներ։ Իհարկե, 2020-ի նորաձևությունը չի շրջանցել նաև փակ դեմքերի, դիմակների թեման։
Կարդացեք նաև
Իսկ Balenciaga նորաձևության տան կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիան ներկայացրել է նորաձև «Հայտնության» իր տարբերակը՝ հյուրերի առաջին շարքը սուզելով ջրի մեջ, որի միջով ընթանում էին երկարազգեստ մոդելները՝ LED-պանելի վրա աշխարհի վերջը ներկայացնող տեսարանների ուղեկցությամբ։ Ծագումով վրացի Դեմնա Գվասալիայի այս ցուցադրությունը սեզոնի ամենահիշվող ու տպավորիչ շոուներից մեկն էր։
Փակ դեմքեր
Այս միտումը նրանց համար է, որոնք ցանկանում են «անտեսանելի» լինել։ Չափազանց համեստ ու փակ զգեստներ ներկայացնելուց բացի դիզայներներից շատերն են առաջարկում փակել նաև դեմքը․ դիմակների նորաձևությունը նոր թափ է ստանում։
Մինչև հատակը հասնող սև զգեստներ
2020 թ․-ի աշուն-ձմեռ հավաքածուների գլխավոր թեմաներից մեկն անկեղծ համեստությունն է։ Սեքսուալ կարճ զգեստներն այս տարի փոխարինվել են առավելապես զուսպ, ճգնավորական հիշեցնող, երկարաթև ու երկարափեշ զգեստներով։ Որոնցից հատկապես տպավորիչ էին սև գույնով տարբերակները։
Ասեղնագործ սերթուկներ (բաճկոններ)
Այս սեզոնի նորաձևությանը հատկապես բնորոշ է թատերականությունը։ Դիզայներների կողմից ներկայացված դրամատիկ ասեղնագործությամբ առանձնացող ժակետներն ու բաճկոնները նման էին շեքսպիրյան ողբերգություններին բնորոշ բեմական կոստյումներին։
Տղամարդու մոխրագույն վերարկու
Դասականը միշտ է նորաձև։ Այս ձմռան կարևոր ձեռքբերումը տղամարդու վերարկու հիշեցնող մոխրագույն խիստ վերարկուն է, որը արդիական կլինի նաև մյուս սեզոններին։
Նրբաճաշակ լատեքս
Այս տարի լատեքսը ներկայանում է նորովի։ Լատեքսից կոստյումները, երկարափեշ շրջազգեստներն ու զգեստները բոլորովին այլ տեսանկյունից են ցուցադրում այս նյութը։
Պիջակի ու շրջազգեստի «խիստ» համադրությունը
Աշուն-ձմեռ սեզոնի ամենացանկալի համադրությունը կազմվում է բրդյա պիջակի ու ծնկից ներքև չափսով շրջազգեստի օգնությամբ, որը լրացվում է կաշվե գոտիով։ Սա հրաշալի տարբերակ է գործնական հանդիպումների համար։ Այս կոստյումները կարելի է կրել ինչպես բարձրակրունկների, այնպես էլ բարձր ճտքավոր կոշիկների հետ։
Մգդակած ծածկոց հիշեցնող վարդագույն ժակետներ ու վերարկուներ
Այս միտումը ձեզ մտովի կվերադարձնի մանկություն ու կհիշեցնի մայրիկի գեղեցիկ խալաթների մասին։ Նորաձևության խոշոր տներն առաջարկում են կրել այսպիսի զգեստներ ու վերարկուներ, որոնք այնքան նման են մանկական ծածկոցներին ու անցյալում նորաձև տնային խալաթներին։
Գորգերի զարդանախշեր
Զարդանախշերը, որոնք զարդարում էին մեր տատիկների ու պապիկների պատերը, այս սեզոնին կլինեն ամենանորաձև կանանց հագուստների վրա։
Գրասենյակային «գժական» կոստյումներ
Կարծես թե նորաձևության աշխարհը ձանձրացել է գրասենյակային մինիմալիստական կոստյումներից ու որոշել դրանք փոխարինել հետաքրքիր լուծումներ ունեցող տարբերակներով։
Կաշվե կարկատան
Կաշվե վերարկուներին ու կոստյումներին փոխարինելու է եկել կաշվե կարկատանը։ Այս թրենդի հետաքրքրությունն այն է, որ կաշվե կտորները, որոնցից պատրաստվում են վերարկուներն ու պիջակները, կարող են նաև բազմագույն լինել։
Արքայադուստրերի շքեզ շրջազգեստներ
Երեկոյան սովորական զգեստներին փոխարինելու են եկել այնպիսի տարբերակներ, որոնք ավելի շատ կհամապատասխանեին արքայական պալատներում կազմակերպվող պարահանդեսներին։ Փարթամ շրջազգեստներ, մետաքսե ժապավեններ, մարգարիտներ ու ասեղնագործ դետալներ։
Չափազանց երկար ծոպեր
Այս սեզոնի թրենդներից մեկը ծոպերն են, ընդ որում դիզայներներն առաջնորդվում են «որքան երկար, այնքան լավ սկզբունքով»՝ ներկայացնելով չափազանց երկար ծոպերով շրջազգեստներ, կիսաշրջազգեստներ, ժակետներ։ Ծոպերի շնորհիվ կերպարը դառնում է թեթև ու շարժուն։
«Սագի թաթիկներ»
Այս սեզոնին «սագի թաթիկները» փոխարինում են դասական վանդականախշերին։ Դրանք իհարկե մարդու ուղեղը դնում են ինչ-որ անհասկանալի դրության մեջ, սակայն շատ նորաձև ու հետաքրքիր են։
Գույների համարձակ համադրություններ
Այս սեզոնին չափազանց նորաձև են 1980-ականներին բնորոշ գույների խելահեղ համադրությունները՝ զմրուխտը մանուշակագույնի կամ կրեմագույնի հետ, շագանակագույնը՝ մանուշակագույնի և այլն։
Ռետրո ոճի երկքղանցք վերակուներ
Դիզայներները, ոգեշնչվելով անցյալի մոդելներից, առաջարկում են երկքղանցք դասական սև վերարկուներ ոսկեգույն խոշոր կոճակներով։
Նորաձև անձրևաթիկնոցներ
Նորաձև կանանց զգեստապահարանում այս աշուն պիտի լինեն հետաքրքիր անձրևաթիկնոցներ։ Ընդ որում Վիրջիլ Աբլոն, Դոնաթելլա Վերսաչեն առաջարկում են անձրևաթիկնոցները համադրել աղջկական շրջազգեստների, թափանցիկ տաբատների հետ՝ ընդգծված հակադրություն ստանալու համար։
Արվեստի գործեր հիշեցնող զգեստներ
Հագուստն արվեստի գործ է․ այս կարծիքին են դիզայներները։ Օրինակ Kenzo և Namacheko նորաձևության տներն այս աշնան համար ներկայացրել էին հնարավորինս բարդ «արթ-նախշերով» հագուստներ։
Ձկնորսական գլխարկներ
Ջկնորսական գլխարկներն այս տարի անտարբեր չեն թողել համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներներին, որոնք առաջարկում են կրել դրանք թե՛ վերարկուների, թե՛ անձրևաթիկնոցների հետ։
Մետաղյա շղթաներ
Մետաղյա խոշոր շղթաներն այս տարի չվրիպեցին նորաձևության քննադատների աչքից։ Դրանք կարող են հանդես գալ թե՛ որպես գոտի և թե՛ որպես զարդ կամ հագուստն ամբողջացնող դետալ։
Տրիկոտաժե հարմարավետ զգեստներ
Նյու Յորքի, Լոնդոնի, Միլանի ու Փարիզի ճեմահարթակներում այս ձմռան համար ներկայացվեցին չափազանց հարմարավետ տրիկոտաժե և գործած զգեստներ։
Խոշոր երանգավոր վանդականախշ
Ամենաանսպասելի միտումներից մեկը երանգավոր արտահայտված վանդականախշն է, որը ներկայանում է գունային ամենատարբեր համադրություններով՝ շագանակագույն-երկնագույն՝ սև զոլերով, կամ սևի ու կարմիրի տարբեր երանգներով։
Աղվամազիկներով հագուստ
Rochas և JW Anderson նորաձևության տներն առաջարկում են փայլուն աղվամազիկներով զգեստներ ու վերարկուներ։ Այսպիսի հագուստով մոդելները կարծես հեքիաթային կերպարներ լինեն։
Փետրավոր գլխարկներ
Սովորական գլխարկներին փոխարինելու են եկել երկար փետուրներով զարդարվածները։ Այսպիսի գլխարկով կնոջ կողքից հաստատ ոչ ոք անտարբեր չի անցնի։
Փայլուն «արձաններ»
Ձմռան ամենատպավորիչ զգեստներն առավելապես փակ ու երկարափեշ տարբերակներն են, որոնք ամբողջովին պատված են շլացուցիչ փայլիկներով։ Համեստության ու շքեղ փայլի համադրությունը չափազանց տպավորիչ կլինի ցանկացած միջոցառման ժամանակ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ