Ազգային ժողովն այսօր միաձայն «կողմ» քվեարկեց կորոնավիրուսի հարցով հանձնաժողովի կազմը հաստատելուն:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում կառավարության եւ պարետատան աշխատանքի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն օրենքի ուժով ստեղծված է:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մինչեւ քվեարկությունը հայտարարեց. «Նորություն ասած չեմ լինի, որ ՀՀ-ում եւ աշխարհում կորոնավիրուսի համավարակը դեռ հաղթահարված չէ: Ավելին՝ շատ բժիշկներ փորձում են վիրուսի իրական ծագումնաբանությունը պարզել, որը հնարավորություն կտա հստակ հասկանալու, թե որոնք են պաշտպանիչ եւ կանխարգելիչ միջոցառումները: Հետեւաբար, մենք մնում ենք կարծիքին, որ նման քննիչ հանձնաժողով ստեղծելն առնվազն այս պահին անհասկանալի է, որովհետեւ իրական, շոշափելի արդյունք չի տալու: Այնուամենայնիվ, «Իմ քայլը» խմբակցությունը չի խոչընդոտելու հանձնաժողովի ստեղծմանը: Կառաջադրենք պատգամավորներին, միաժամանակ շեշտում ենք՝ չենք գտնում, որ այս փուլում հանձնաժողովն արդյունավետ է լինելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ