«Այսօր թիմում չկա նման հարց»,-կարծիքներին, թե հենց իր քաղաքական թիմում էլ կա իր հրաժարականի պահանջ, ասուլիսի ընթացքում այսպես արձագանքեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը:
Այնուհետև վստահեցրեց. «Ես իմ հարաբերությունները քաղաքական թիմի հետ իրականացնում եմ տարբեր քննարկումների և ինստիտուցիոնալ գործիքների միջոցով, և այդ ընթացքում նման հարց չի բարձրացվել»:
Լրագրողները նշեցին, որ ՀՀ ԱԺ ոլորտային հանձնաժողովի հետ՝ մասնավորապես հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հետ էլ ունի տարաձայնություններ և հարցրին՝ ի վերջո ի՞նչ հարաբերություններ ունի ԱԺ-ի՝ իրենց թիմի գործընկերների հետ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հանձնաժողովի անդամների մեծամասնության հետ ունեմ լավ և շատ լավ հարաբերություններ: Քննարկումների և ոլորտի բարեփոխումներում տարաձայնությունների վերաբերյալ խոսել եմ թե′ ես, թե′ պարոն Հայրապետյանը, բայց կարծում եմ՝ հատկապես վերջին ամիսներին դրանց թիվը քիչ է, և մենք ունենք նորմալ աշխատանքային մթնոլորտ»:
Լրագրողները խնդրեցին անդրադառնալ նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականին, որը վարչապետը չի ստորագրում և այն լուրերին, որ հրաժարականի պատճառը նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի հետ ունեցած կոնֆլիկտն է, Արայիկ Հարությունյանը խուսափեց պարզաբանումներից ու նշեց. «Չեմ ուզում անդրադառնալ, քանի որ դրա համար պետք է հիմքեր լինեն»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ