«Հրապարակի» զրուցակիցը «Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն է։
– Բայց այդ ուժերը կոնկրետ օրակարգ են առաջ քաշում՝ կոնկրետ պահանջներով, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դուք ի՞նչ մոտեցում ունեք այդ պահանջների վերաբերյալ։ Դուք հեղափոխության ակտիվ մասնակիցներից էիք, հիմա, այս 2 տարիների ընթացքում ձեր ակնկալիքները բավարարվե՞լ են։
– 2018 թվականի իրադարձություններին ես մասնակցություն եմ ունեցել, եւ իմ ներկայիս կուսակցական ընկերներն այն ժամանակ, իհարկե` ոչ կուսակցական ֆորմատով ներգրավված են եղել այդ գործընթացում։ Եվ այն ժամանակ, երբ քննարկվում էր «ինչ անել» հարցը, մեր հարցադրումը կազմակերպված տարբեր խմբերին, այդ թվում՝ ՔՊ-ին, «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը, եղել է մեկը․ Սերժը գնաց, ի՞նչ է փոխվելու դրանից հետո, եւ մեզ անընդհատ պատասխանել են, որ բոլոր խնդիրների պատճառը Սերժն է, ինքը գնա, մնացածը լավ կլինի՝ կոռուպցիան կվերանա, ընտրությունները չեն կեղծվի, լավ կլինի։ Հիմա եղել է, բայց տեսնում ենք, որ լավ չէ, հետեւաբար, գուցե խնդիրը համակա՞րգն էր եւ համակարգային փոփոխություննե՞րն էին, գուցե պրոբլեմը քաղաքական համակարգի առողջացո՞ւմն էր, գուցե պրոբլեմը կուսակցական ռեֆորմնե՞րն էին՝ «Կուսակցությունների մասին» օրենքը, Ընտրական օրենսգրքի ռեֆորմնե՞րն էին։ Այս հարցերը մենք բարձրացնում էինք, որը տեղի չունեցավ։ Այդ նույն օրակարգը, որ եղել է Հայաստանում 30 տարի, որ Լեւոնը գնա, լավ է լինելու, որ Սերժն է պրոբլեմը եւ այլն, հիմա 4-րդ էտապն է՝ Նիկոլը գնա, սաղ լավ ա լինելու։ Ես ասում եմ՝ լավ չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մենք չգիտենք, թե ինչն է լավը, եւ դրան ինչպես հասնենք։ Ես չեմ հավատացել եւ չեմ հավատում որեւէ պրոցեսի, որն օրակարգից զուրկ է, անձի գնալով է պայմանավորված, եւ 2018 թվականի իրադարձություններին իմ ներգրավվածությունը պայմանավորված է եղել մի շատ կարեւոր բանով, որ այնտեղ հնչել է Սահմանադրության, «Կուսակցությունների մասին» օրենքի, Ընտրական օրենսգրքի, դատական համակարգի, ուղիղ ժողովրդավարության եւ ապօրինի կուտակված սեփականության հարցը խաղաղ ճանապարհով լուծելու օրակարգը։ Այ, սա ռեֆորմ է, այ, սա փոփոխություն է, սա նպատակ է, որին Սերժ Սարգսյանը կխանգարեր, պետք է ինքը գնար, որ այդ նպատակը կյանքի կոչվեր։ Ո՞րն է այն նոր նպատակը, որի համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա։ Ի դեպ, սա ասելով՝ ես նկատի չունեմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մնա, ես էլ եմ ասում՝ պետք է գնա, բայց ես ունեմ իմ օրակարգը։
– Փաշինյանն ասում է՝ 100 տոկոսով իրականացրել ենք մեր խոստումները։
Կարդացեք նաև
– Ինքը ճիշտ չի ասում։ Ես ցավ եմ ապրում, որ մեդիայի եւ համացանցի դարում մարդը համարձակություն է ունենում ասել մի բան, որն իրականությանը չի համապատասխանում, օրինակ՝ ասուլիսում հայտարարի, որ իրենք չեն խոստացել, թե ինչ տեսակ Ընտրական օրենսգրքով ենք գնալու՝ հի՞ն, թե՞ նոր։ Դա 300 հազար մարդու ներկայությամբ հրապարակային խոստում է եղել, եւ կանգնել ասել՝ մենք ինչ խոստացել ենք, 100 տոկոսով իրականություն ենք դարձրել, դա պարզ սուտ է։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: