Հարցազրույց «Իմ քայլի» պատգամավոր, Լոռու մարզից ընտրված Արամ Խաչատրյանի հետ
– Պարոն Խաչատրյան, ինչո՞վ կհիմնավորեք Ձեր աննախադեպ սկզբունքայնությունը․ մեկ օր առաջ մերժում էիք նախագահի թեկնածու Արթուր Վաղարշյանին, ի վերջո, գրեթե ողջ կազմով կողմ քվեարկեցիք։ Ի՞նչ փոխվեց մեկ գիշերվա ընթացքում։
– Մի գիշերվա մեջ չի փոխվել, հնչել են տարբեր հարցադրումներ, տրվել են պատասխաններ, այսպես ասած՝ համոզիչ պատասխաններ, որի հիման վրա էլ որոշում ենք կայացրել։
– Օրինակ։
Կարդացեք նաև
– Օրինակ՝ անցած ճանապարհը, խոսքի ազնվությունը, անկեղծությունը, էլ չեմ ասում՝ մասնագիտական որակները։
– Այդ որակները մեկ տարվա ընթացքո՞ւմ է Վաղարշյանը ձեռք բերել, կամ՝ ո՞ր ճանապարհի մասին է խոսքը՝ մինչեւ մեկ տարի առաջվա՞, թե՞ վերջին մեկ տարվա։
– Դե, այս անգամ ավելի համոզիչ պատասխաններ հնչեցին, եւ պատգամավորները, գիտեք՝ բոլորն էլ իրենց խղճի մտոք քվեարկեցին։
– Փաստորեն, բոլորիդ խիղճը նույնկերպ է գործում։
– Այդպե՛ս էլ կարող է ստացվել։ Դա խոսում է մեր քաղաքական թիմի ներդաշնակության մասին։
– Ի՞նչ ներդաշնակություն։
– Որ մենք իրար լավ ենք հասկանում, մենք միասնական ենք համակրում կամ հակակրում։
– Ծավալված քննարկումներից հետո Արթուր Վաղարշյանի համար էր անգամ անհավանական, որ ինքը կընտրվի, եւ ասում էր, որ աստվածային հրաշք պետք է տեղի ունենա, որ իրեն ընտրեն։
– Փաստորեն, հրաշքներ լինում են։
– Փաստորեն, խորհրդարանում սկզբունքներով եւ գաղափարներով առաջնորդվելու փոխարեն հրաշքների սպասումներով են ապրում, հիմա որ ձեզ մեղադրեն անսկզբունքայնության կամ «վերեւից» հրահանգով առաջնորդվելու մեջ, պիտի նեղվեք, չէ՞։
– Մեր գործողությունները թույլ չեն տվել, որ մարդիկ մեզ կասկածեն, ոչ մեկը մեզ հրահանգ չի կարող տալ։
– Նիկոլ Փաշինյա՞նն էլ չի կարող։
– Նիկոլ Փաշինյանն ինձ նման հրահանգ չի տվել։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: