Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրեմ մեր գործընկերներին հրաժարականով ինձ չվախեցնել. իմ օրակարգում նման հարց չկա». Արայիկ Հարությունյան

Սեպտեմբեր 16,2020 11:28

«Եթե նման հիմքեր լինեն, ես ինքս մեկ րոպե ավելի չեմ մնա այս պաշտոնին, ինքս դիմում կգրեմ»,-ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը:

Լրագրողները փաստեցին՝ այսօր ՀՀ ԱԺ-ում ԼՀԿ-ն առաջադրելու է Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը, որոշ քաղաքացիների խմբեր էլ են պահանջում իր հրաժարականը: Արայիկ Հարությունյանն այս առիթով ասաց. «Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Եվ որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս բարեփոխումների արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլևս իրենց հենքն ու հիմքը չի հանդիսանալու և լինելու է քննադատող, վերլուծող, իսկ այդ սերունդը, եթե վերլուծի այդ շրջանում գործունեությունը, ապա միանգամից որոշում կկայացնի, որ երբևէ այդ շրջանակներին չի սատարելու: Տարբեր շղարշների տակ, կեղծ արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերն այլևս զրկվելու են մեր հասարակության մեջ որևէ աջակցությունից, հիմա էլ քիչ ունեն»:

Լրագրողները հիշեցրին՝ որոշ երիտասարդական խմբեր, որոնք քննադատում են Արայիկ Հարությունյանին և պահանջում նրա հրաժարականը, դժգոհում են, որ նախարարն իրենց չի հանդիպել, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Հրապարակային տեսել եք, որ բոլոր այն դեպքերում, երբ կա օրակարգ, ես այդ խմբերի հետ հանդիպում եմ: Երբ խմբերը դնում են այնպիսի ծայրահեղ կետեր իրենց օրակարգում, օրինակ` հրաժարականի հարց, ես դա անիմաստ եմ գտնում քննարկել, քանի որ դա իրենց պայքարի և իրենց օրակարգի հարցն է և ամենևին իմ օրակարգի հարցը չէ»:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը:

Հստակեցմանը՝ հրաժարականի հարց իր օրակարգում այնուամենայնիվ կա՞, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Եթե ինքս տեսնեմ, որ դրա նախադրյալները կան և մենք սխալ ուղով ենք առաջ գնում, ես ինքս դիմում կգրեմ: Հիշում եք 2016-ը: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդդիմության քաղաքական ուժի ղեկավարը հրաժարական տվեց, երբ մենք ՏԻՄ ընտրություններում ունեցանք անհաջողություն: Ես ներկայիս իշխող կուսակցության վարչության նախագահն էի, ես հրաժարական եմ տվել իմ պաշտոնից՝ վերցնելով պատասխանատվություն դրա համար: Խնդրեմ մեր գործընկերներին ամպագոռգոռ հայտարարություններով և հրաժարականով ինձ չվախեցնել: Ես չեմ վախենում: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել և եմ, ես առաքելություն եմ ստանձնել ոլորտը բարեփոխելու, ներկայումս իրականացնում եմ: Եթե ինքս կզգամ, որ գնում ենք սխալ ուղղությամբ, իսկ հիմա գնում ենք ճիշտ ճանապարհով, ես հրաժարականի դիմում կգրեմ: Հիմա իմ օրակարգում նման հարց չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930