Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Զեյնալյան. Մենք մի թիմ ենք, եւ պատասխանատվություն կրողն իշխող ուժն է. հանձնաժողովը կստեղծվի եւ կտա գնահատականները. «Հրապարակ»

Սեպտեմբեր 16,2020 11:24

ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի նախաձեռնությամբ ԱԺ-ում ստեղծվել է 6-րդ քննիչ հանձնաժողովը։ Խոսքը «Covid-19»-ի դեմ իշխանությունների վարած պայքարն ուսումնասիրող հանձնաժողովի մասին է, որի անունն է՝ «Նոր կորոնավիրուսի (Covid-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով»:

Երեկ ԱԺ-ն քննարկում էր հանձնաժողովի կազմը։ Մենք զրուցել ենք ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ, ով սկզբում թեական խոսեց հանձնաժողովի ձեւավորման մասին, մինչդեռ այն իրավունքի ուժով արդեն ստեղծվել է, բայց, պարզվեց, խորհրդարանը կարող է մերժել թվակազմը որոշելու հարցը, ու հանձնաժողովը կարող է փաստացի չգործել։ Նշենք, որ ընդդիմությունն առաջարկել է 12 անդամ, որի մեծ մասը, ըստ Դոնթի բանաձեւի, կլինի «Իմ քայլից»։

Մտավախություն չունե՞ք, որ արդյունքում հնարավոր է այնպիսի հանգամանքներ ի հայտ գան, որ ոմանց համար քրեական պատասխանատվության առջեւ կանգնելու հարց ծագի։

– Ի՞նչ է նշանակում՝ մտավախություն։ Բացարձակ մտավախություն չկա էստեղ։ Հանձնաժողովը, վստահ եմ, կախված քվեարկության արդյունքներից, եթե սկսի աշխատել, իրականացնելու է արդար վերլուծություն եւ, ըստ էության, եթե սկսեց իր աշխատանքները, «Իմ քայլը» դաշինքից 7 պատգամավոր ներգրավված է լինելու հանձնաժողովի աշխատանքներում։

Լավ, վերադառնանք բովանդակությանը։ Ըստ Ձեզ՝ համավարակի դեմ պայքարում ՀՀ կառավարությունը թերացում, բացթողումներ, սխալներ ունեցե՞լ է, ընդհուպ՝ իրավական հետեւանքների հանգեցնող սխալներ։

– Դա ահռելի վերլուծության արդյունք է, որպեսզի ես հիմա կոնկրետ եզրակացություն անեմ կամ որոշակի մեկնաբանություն, կամ ենթադրություն։ Հանձնաժողովը կստեղծվի, իր աշխատանքները կկատարի եւ կտա գնահատականները։

Իսկ ի՞նչ եք կարծում՝ անհրաժեշտություն կա՞ր նման հանձնաժողով ստեղծելու, Ձեր սրտո՞վ է, օրինակ, այսպիսի հանձնաժողովի ձեւավորումը։

– Տեսեք, ըստ էության՝ որոշակի վերլուծություններ պիտի անես, էստեղ սրտով լինել-չլինելու, այսինքն՝ էմոցիոնալ, հուզական ֆոնով որոշումներ կայացնելու հարց չէ։ Հանձնաժողովն իրականացնում է վերլուծություններ, հետազոտություններ, հարցումներ եւ վերջում ներկայացնելու է հաշվետվություն։ Բնականաբար, ես էստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում այդ հետազոտությունները, ուսումնասիրությունները կատարելու, քննարկումներ ծավալելու, միգուցե ինչ-որ անձնանց հրավիրելու, որոշակի հարցապնդումներ իրականացնելու հարցում։

Որովհետեւ գործադիրն է հիմնական պատասխանատվություն կրողը։

– Մենք մի թիմ ենք, եւ պատասխանատվություն կրողն իշխող ուժն է։

Բայց եթե պարզվի, որ այդ հազարից ավելի մահն ինչոր մեկի թերացման պատճառով է եղել, եւ նա պետք է կանգնի օրենքի առջեւ, դա հաստատ Դուք չեք լինելու։

– Հանձնաժողովը կստեղծվի, իր աշխատանքները կիրականացնի, կներկայացնի հաշվետվություն, ըստ այդմ՝ կկատարենք եզրահանգումներ։

Երբ Սերժ Սարգսյանն ասուլիս էր տալիս, ու նրան հարցրին, թե ով է պատասխան տալու ապրիլյան պատերազում ունեցած 100 զոհի համար, ինքը մեղքի զգացում չունի՞, շատերի մոտ հարց առաջացավ՝ իսկ «քովիդի» պատճառով տեղի ունեցած հազարից ավելի մահերի համար ո՞վ է մեղավոր, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի։

– Էլի հարցը տանում եք էմոցիոնալ դաշտ, յուրաքանչյուր անձի կյանքը եւ առողջությունը բացարձակ արժեք է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930