«Մանդատի վայր դրման հետ կապված գործընթացը չի ավարտվել: Ես այս պահին զերծ կմնամ անդրադառնալ այդ հարցին»,- հիշեցմանը՝ այն, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ներկայացնում է, որ մանդատը վայր դնելու հարցում պատճառը Արայիկ Հարությունյանի ղեկավարած ոլորտում ներկա մոտեցումներն են, Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունը, այսպես արձագանքեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարը նշեց՝ գուցե դրան կանդրադառնա հաջորդ օրերին ու արձանագրեց. «Մի փաստ արձանագրեմ. անցած ամիսներին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, և Արսեն Ջուլֆալակյանը կարող էր այդ հարցերը բարձրացնել, և մենք հնարավոր է, որ այդ քննարկումներում կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք և շտկումներ անեինք, մի մասը բացատրեինք, որ իր ընկալումներում և իր՝ այսպես ասած դիրքորոշումներում այն փաստերը, որոնք դրա հիմքում են, չեն համապատասխանում իրականությանը: Մենք քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել ինձ հետ քննարկումներում: Ես խմբակցությունում ունեցել եմ հանդիպում մեկ կամ մեկուկես ամիս առաջ: Այդ հարցերը չեն բարձրացվել, հիմա այդ ընդհանրական հայտարարություններին չեմ ցանկանա անդրադառնալ: Երբ լիներ նման քննարկում, կոնկրետացում, անպայման այդ հարցերը կունենային պատասխաններ»:
Լրագրողները հիշեցրին՝ իրեն քննադատում է նաև ընդդիմությունը, Արայիկ Հարությունյանն այս առիթով հարցրեց. «Ի՞նչ է քննադատում ընդդիմությունը»: Հիշեցմանը՝ հարցապնդում են ներկայացրել իր հրաժարականի պահանջով, Արայիկ Հարությունյանն այսպես պատասխանեց. «Հարցապնդման ժամանակ ես անպայման բոլորին հատ հատ կանդրադառնամ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ