Արձագանք՝ բուհում կատարվածին ու համալսարանականների մտահոգությանը
«Հայկական ժամանակի»՝ «Վանաձորի պետական համալսարանի աշխատակիցներին առաջարկվել է 2 համաձայնագիր ստորագրել վարկերի, ալիմենտների եւ այլնի մասին» խորագրով հոդվածում լրագրողը զրուցել է ՎՊՀ դոցենտ Տարոն Դանիելյանի հետ, եւ վերջինս իրավացիորեն հնչեցրել է իր անհանգստությունն ու անհամաձայնությունը ՎՊՀ ռեկտորի ոչ իրավաչափ գործունեության մասին` ասելով. «Ստորագրելով ներկայացրած համաձայնագիրը, բացի մի շարք պարտավորություններից, ես պարտավորվում եմ համալսարանի գրավոր պահանջով տրամադրել «այլ անձնական տվյալներ», այդ «այլ» բառի տակ ամեն ինչ կարող է ներառվել, օրինակ՝ պահանջել իմ ընկերոջ կամ ընկերուհու անունը, որը չասելու դեպքում նկատողություն կստանամ: Ես խոսել եմ նաեւ մասնագետ-իրավաբանների հետ, որոնք հորդորել են չստորագրել թղթի տակ»: Փոխանակ լսելու եւ իրավաբանորեն գնահատելու իրենից գրագետ եւ բանիմաց աշխատակցի զգաստության կոչող խոսքը, ռեկտորն իբր պատասխանել է «Վանաձորի համալսարանի ռեկտորը պարզաբանում է՝ ինչու են աշխատակիցներին առաջարկել համաձայնագիր ստորագրել, որից դժգոհում են» հոդվածով:
Ասեմ, որ ինքս էլ չեմ ստորագել այդ ոչ իրավաչափ համաձայնագիրը, չէի էլ անդրադառնա այս թնջուկին, սակայն ռեկտորի անտեղյակությունն ու անմիտ համառությունը պարզապես ստիպեց այս անգամ էլ հրապարակային խոսել:
Պարո՛ն ռեկտոր, Դուք արդեն խախտել եք մի քանի օրենքներ, ինչի մասին մամուլում արդեն իսկ եղել են մի քանի արձագանքներ, եւ համառորեն շարունակում եք նույն ընթացքը: Եթե Ձեր ձեռքը դեռ չեն բռնել, որ դադարեք ապօրինություններ անելուց, ապա դա դեռ չի նշանակում, թե երբեւէ դա չի լինելու: Ուշքի՛ եկեք, առաջնորդվե՛ք օրենքով, անմիտ հաստիքների փոխարեն ստեղծեք իրավաբանական վարչություն` մի քանի իրավաբաններով, որ կարողանաք գլուխ հանել այդ դժվարին գործից:
Կարդացեք նաև
Այսպես` իմացեք, որ անձնական տվյալներ մշակող ամեն մի գործատու, այդ թվում նաեւ ՎՊՀ ռեկտորը, պարտավոր է իմանալ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի (այսուհետ` ԱՏՊՄ) հիմնական հասկացությունները, որոնք սահմանված են օրենքի 3-րդ հոդվածում: Դրանցից մեկն էլ 12-րդ կետն է. «12) անձնական կյանքի տվյալներ՝ անձի անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման այլ տեղեկություններ», որոնք հանրամատչելի լինել չեն կարող, քանի որ նույն հոդվածի 15-րդ կետով սահմանվում է. «15) հանրամատչելի անձնական տվյալներ` տեղեկություններ, որոնք տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ իր անձնական տվյալները հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար, ինչպես նաեւ այն տեղեկությունները, որոնք օրենքով նախատեսված են որպես հանրամատչելի տեղեկություններ»: Ավելին` ըստ նույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի՝ «Մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի, կրոնի եւ հանրային այլ բնագավառների գործչի մահվան դեպքում նրա անձնական կյանքի տվյալները կարող են մշակվել առանց համաձայնության, եթե մահվան օրվանից անցել է հիսուն տարի»:
Երեւի հասկացաք, պարո՛ն ռեկտոր, որ մարդն իրավունք ունի ունենալ անձնական կյանք, որը գաղտնիք է, եւ որեւէ ռեկտոր դասախոսի ընտանեկան կյանքի (ալիմենտ տալու կամ չտալու), սոցիալական վիճակի (վարկ ունենալու կամ չունենալու) մասին տեղեկություններ մշակելու իրավունք չունի:
Ռեկտորն ասում է, թե «ցանկացած գործատու, անկախ կարգավիճակից, պետք է ունենա գրավոր համաձայնագիր, որը թույլ կտա իրեն մշակել իր աշխատողի անձնական տվյալները», ապա ավելացնում, «սա ընդամենը համաձայնագիր է», իսկ քիչ անց էլ` «սա համաձայնագիր է, ոչ թե պայմանագիր»: Ռեկտորը տեղյակ չէ, որ նույն ԱՏՊՄ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2 կետով անձնական տվյալներ մշակելու համար պահանջվում է հենց պայմանագիր. «2) մշակողը տվյալները ստացել է տվյալների սուբյեկտի հետ կնքված պայմանագրի հիման վրա եւ օգտագործում է այդ պայմանագրով սահմանված գործողությունների նպատակով»: Ավելին` ռեկտորը նաեւ անտեղյակ է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436 հոդվածով սահմանվում է պայմանագիր հասկացությունը. «Պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ եւ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն»: Առանց գլխի ընկնելու, որ համաձայնագիր կոչվածը հենց պայմանագիրն է, նա պնդում է, թե դա պայմանագիր չէ, այլ համաձայնագիր: Վստահ եմ, եւ արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ ՎՊՀ նորաթուխ ռեկտորը չի տիրապետում գրական հայերենին, չունի հայերենի լիարժեք իմացություն, հակառակ դեպքում նա կիմանար, որ պայմանագիրը եւ համաձայնագիրը հոմանիշ հասկացություններ են:
Ավելին ասեմ` ՎՊՀ-ում նման պայմանագիր կնքելու հարկ ամենեւին էլ չկա, քանի որ ԱՏՊՄ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «5.Առանց տվյալների սուբյեկտի համաձայնության անձնական տվյալներ կարող են մշակվել, եթե տվյալներ մշակելն ուղղակիորեն նախատեսված է օրենքով»: ՎՊՀ աշխատողին աշխատանքի ընդունելիս արդեն իսկ պահանջվում են նրա թույլատրելի անձնական տվյալները, որոնք սահմանված են Աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածով, այն է` անձնագիր, սոցքարտ, կրթության կամ որակավորման մասին վկայական, տեղեկանք առողջական վիճակի մասին, իսկ աշխատողը սեփական նախաձեռնությամբ կարող է գործատուին ներկայացնել բնութագիր, երաշխավորագիր եւ նախկին աշխատավայրերում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաեւ մասնագիտական պատրաստվածության, որակավորման եւ դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:
Ընդամենը այս է, պարո՛ն ռեկտոր, որ իրավունք ունեք պահանջելու ՎՊՀ աշխատողից, իսկ մնացյալը Ձեր երեւակայության եւ անտեղյակության արդյունքն է: Ավելին ասեմ. Աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասով արգելվում է աշխատողից այլ փաստաթղթեր պահանջելը: Իսկ ԱՏՊՄ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «3. Արգելվում է այնպիսի անձնական տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալները մշակելու նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ»:
Հարց է առաջանում, թե ՎՊՀ գործատուն ի՞նչ նպատակով է պահանջում անձնական կյանքի տվյալներ, այն է` սոցիալական վիճակի եւ ընտանեկան կյանքի մասին տեղեկություն: Չէ՞ որ դասախոսի վարկային պարտավորությունները, սոցիալական վիճակը, ալիմենտ վճարելը եւ այլ անձնական տեղեկությունները (վերջինը կարող է ընկալվել նաեւ որպես հատուկ կատեգորիայի անձնական տվյալ, ինչպես ասենք` սեռական կյանքի վերաբերյալ տեղեկությունները) անհամատեղելի են ուսումնագիտական կազմակերպության գործունեության նպատակների հետ:
ՎՊՀ գործատուն կարող է պահանջել բացառապես Աշխատանքային օրենսգրքով սահմանված անձնական տվյալներ, որոնք աշխատանքի ընդունման ժամանակ պահանջվել եւ պահանջվում են բոլոր բուհերում: Մնացած տեղեկությունների պահանջն անօրինական է, ավելին` այդ պահանջով խախտվում է ԱՏՊՄ օրենքի համաչափության սկզբունքը, որը սահմանված է 5-րդ հոդվածով, այն ռեկտորի համար եւս մեկ անգամ հատուկ կրկնեմ. «3. Արգելվում է այնպիսի անձնական տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալները մշակելու նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ»:
Ռեկտորն սկսել է անհանգստանալ նաեւ ԴԱՀԿ-ի համար, եւ դա այն դեպքում, երբ ինքն է ասել` թող գործազրկության համար վարչապետի գլուխը ցավի: Մեջբերում եմ ռեկտորի պատասխան հոդվածից. «Ռեկտորի խոսքով՝ օրական բազմաթիվ գրություններ է ստանում, օրինակ, ԴԱՀԿ-ից, եւ ինքը պարտավոր է որոշակի տվյալներ տրամադրել, որի իրավունքը փաստացի չի ունենա, եթե չլինի աշխատակցի գրավոր համաձայնությունը»: Պարոն ռեկտորը լավ կանի ԴԱՀԿ-ի համար չանհանգստանա, մանավանդ եթե կարդա ԱՏՊՄ օրենքի 23 հոդվածը. «1. Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով եւ ունի բավարար պաշտպանության մակարդակ»: Իսկ քանի որ ԴԱՀԿ մասին օրենքի 71 հոդվածով «Հարկադիր կատարողի` իր իրավասության սահմաններում կայացրած որոշումները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների եւ քաղաքացիների համար ու ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում», ուստի ռեկտորը պարտավոր է առանց աշխատողի համաձայնության տալ ԴԱՀԿ-ի պահանջած անձնական տեղեկությունը:
Ահա թե ինչ լեզվական անիմացության եւ իրավական անգիտության մեջ է ՎՊՀ ռեկտորը, որը 50-ամյա բուհն արդեն իսկ նկատելիորեն փորձում է դեպի անդունդ տանել:
Վանո ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ
«Առավոտ» օրաթերթ
15.09.2020