Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոսկին, մանկամսուրի ծառայությունն ու էթիլային սպիրտը թանկացել են

Սեպտեմբեր 16,2020 13:00

Այս տարվա առաջին 8 ամիսներին սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքներն ընդհանուր առմամբ, 1,6 տոկոսով թանկացել են՝ համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի՝ հունվար-օգոստոսի համեմատությամբ: Հայաստանի վիճակագրական կոմիտեն ուսումնասիրել է՝ ապրանքային շուկաներում նախորդ տարվա համեմատությամբ գնային ինչպիսի տատանումներ են եղել:

Այսպես՝ 3,4 տոկոսով թանկացել է հացաբուլկեղենն ու ձավարեղենը, 6 տոկոսով՝ բրինձը, ալյուր եւ այլ տեսակի ձավարեղնն էլ՝ 10 տոկոսով: 1,4 տոկոսով էլ՝ հացը: Մեր երկրում լայն սպառման հանդիսացող ապրանքներից՝ մակարոնեղենի շուկայում 5,4 տոկոսով է գնաճ արձանագրվել: Միսը սակայն, նախորդ տարվա ութերորդ ամսվա համեմատությամբ էժանացել է 3,9 տոկոսով: Ամենաշատ էժանացումը սակայն թռչնամսի շուկայում է արձանագրվել: Նախորդ տարվա օգոստոսի համեմատությամբ, հավի, հնդկահավի, ընտանի այլ թռչունների միսը 13,9 տոկոսով այս տարվա օգոստոսին ավելի էժան է վաճառվել: Ի դեպ, հուլիս ամսին 15,3 տոկոս է եղել էժանացումը: Ոչխարի, գառան եւ այծի մսի տարբերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ ավելի քիչ է՝ 2,1 տոկոս:

6,9 տոկոսով էլ էժանացել է խոզի թարմ եւ պաղեցրած միսը: Ապխտած մսամթերը սակայն թանկացել էր մոտ 4 տոկոսով: Ըստ կոմիտեի տվյալների, այս տարվա ութ ամիսներին էժանացում է գրանցվել ձկան եւ ծովամթերքի ապրանքների շուկայում: Այս ապրանքներն ամենաշատն էժանացել են այս տարվա մարտ ամսին: Գնանկումը մարտին կազմել է 5,3 տոկոս նախորդ տարվա մարտի համեմատությամբ:  Այս տարվա օգոստոսին ձուկն ու ծովամթերքը 4,7 տոկոսով է էժանացել: Կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկայում նույնպես գնանկում է գրանցվել՝ 3,5 տոկոս: Մարտին սակայն, այս ապրանքների գներն ավելի են նվազել՝ էժանացումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմելով 7,7 տոկոս: Այդ ապրանքներից ամենաշատը ձվի շուկայում է գնանկում եղել:

Օգոստոսին ձուն 20,7 տոկոսով ավելի էժան է վաճառվել՝ նախորդ տարվա օգոստոսից: Բայց յոգուրտը, մածունը, պանիրը եւ կաթնաշոռը թանկացել են՝ համապատասխանաբար՝ 3,2,  եւ 1,4 տոկոսով: Կարագի գինը նվազել է 2,3 տոկոսով: Մարգարինն ու այլ բուսական յուղերը նույնպես էժանացել են: Ամենաշատ գնանկումն այս շուկայում արձանագրվել է այս տարվա ապրիլին՝ 3,2 տոկոս, օգոստոսին արդեն 2,3 տոկոս է եղել: Կարելի է ասել՝ ամենաշատ գնաճը մրգերի շուկայում է արձանագրվել. օգոստոսի տվյալներով մրգերը թանկացել են 30,6 տոկոսով, հուլիսին ավելի շատ՝ 33, 6 տոկոս: Գրեթե նույնքան, բայց գնանկում, եղել է կարտոֆիլի դեպքում, որը նույնպես լայն սպառման ապրանք է: Կարտոֆիլն էժանացել է 31,7 տոկոսով: Շաքարն ու շոկոլադն էլ էժանացել են՝ 3,1 տոկոսով, շոկոլադն ավելի շատ՝ 5,1 տոկոսով: Հրուշակեղենը սակայն նախորդ տարվա օգոստոսի համեմատությամբ 1,8 տոկոսով թանկացել է: Չնչին, բայց էժանացել են նաեւ սուրճը, թեյը, կակաոն՝ 0,3 տոկոսով: Բայց 1,4 տոկոսով ավելացել են հանքային եւ աղբյուրի ջրի գները, զովացուցիչ ըմպելիքներն էլ՝ 2,9 տոկոսով: Էթիլային սպիրտի, օղու, սպիրտային խմիչքների եւ լիկյորի գներն էլ 17,8 տոկոսով են աճել:

Ուշագրավ է, որ այս տարվա հունվարին գնաճն այս շուկայում 4,1 տոկոս է եղել, փետրվարին արդեն՝ 13 տոկոս: Մարտից սկսած այս ապրանքներն ավելի են թանկացել: Գարեջրի շուկայում նույնպես գնաճ է եղել՝ 4,2 տոկոս: Թանկացել են նաեւ ծխախոտային արտադրատեսակները: Իհարկե, ամենաշատ գնաճն այս շուկայում ապրիլ-մայիսին է եղել՝ 9,2-10,4 տոկոս, օգոստոսին սակայն գնանկում է եղել, բայց նախորդ տարվա օգոստոսի համեմատությամբ թանկ՝ 6,8 տոկոսով: Հագուստի եւ կոշկեղենի շուկայում գները չնչին են աճել՝ 0,2 տոկոս: Տղամարդկանց հագուստը 0,5 տոկոսով է թանկացել, կանանց հագուստը՝ 0,1 տոկոսով էժանացել: Նորածինների հագուստը, համաձայն կոմիտեի ուսումնասիրության, 2,3 տոկոսով էժանացել է: Առանձին կոշկեղենի շուկայում գնաճը 1 տոկոս է եղել, բայց հունվար, փետրվար ու մարտ ամիսներին ավելի շատ՝ 5,2-ից 5,3-3,6 տոկոս: Մանկական կոշկեղենը տարեսկզբին՝ հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատությամբ 0,8 տոկոսով է թանկացել, բայց արդեն հուլիս-օգոստոսին՝ 6.1-3,2 տոկոսով՝ պայմանավորված դպրոցական ու մանկապարտեզի սեզոնի մեկնարկով: Ի դեպ, օգոստոսին 1,5 տոկոսով բարձրացել են նաեւ մանկամսուրների, երեխայի խնամքով զբաղվող կազմակերպությունների ծառայությունների գները: Ավտոմեքենաների գները այս տարվա օգոստոսին նախորդի համեմատությամբ, 7,5 տոկոսով են ավելացել: Բայց էժանացել են փոխադրամիջոցի համար նախատեսված վառելանյութերն ու քսանյութերը՝ 2,1 տոկոսով: Դիզելային վառելիքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրեթե 30 տոկոսով է գնանկում ունեցել, բենզինն էլ՝ 23 տոկոսով:

Կոմունալ ծառայություների գծով թանկացումները 1 տոկոսից չեն անցնում: Կահույքի գները սակայն օգոստոսի տվյալներով, 2,7 տոկոսով աճել են: Հունվարին, մարտին ու ապրիլին ավելի են թանկ եղել՝  տատանվելով 5,4-տոկոսից մինչեւ 4,3 տոկոսի գնաճի միջակայքում:

Գորգերի եւ հատակի ծածկոցների շուկայում 1,5 տոկոս գնանկում է եղել:

Փոխարենը, օգոստոսին, անկողնու պարագաների ու սպիտակեղենի գները 2 տոկոսով աճել են:  Կենցաղային սարքերն էժանացել են 0,3 տոկոսով, ապակե ամանեղենը, ճաշասպասքն ու տնային կահ կարասին՝ 0,5 տոկոսով: 2,4 տոկոս գնաճ արձանագրվել է դեղագործական ապրանքների, բժշկական սարքավորումների եւ սարքերի շուկայում: Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցանկից տեղեկանում ենք, որ հիվանդանոցների ծառայություները թանկացել են 1,4 տոկոսով:

Թերթերն ու պարբերական հրատարակությունները ո՛չ թանկացել են ո՛չ՝ էժանացել:

Հանգստի կազմակերպման համալիր ծառայություների գները սակայն աճել են՝ 11,9 տոկոսով, սրան հակառակ գնանկում է եղել երկրի ներսում հանգստի կազմակերպման ծառայությունների ոլորտում: Ոսկու թանկացմամբ պայմանավորված բարձրացել են նաեւ ոսկերչական զարդերի գները: Օգոստոսին այս շուկայում մոտ 27 տոկոս գնաճ է արձանագրվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930