Կորոնավիրուսի նոր դեպքերի աճն ու վրաստանյան խորհրդարանական ընտրությունները
Վրաստանում հոկտեմբերի 31-ին խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու: Մինչեւ վերջերս շատերը գրեթե վստահ էին, որ իշխող «Վրացական երազանքը» որեւէ խնդիր չունի հասարակության վստահությանը կրկին արժանանալու առումով:
Նկատենք, որ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերն աշխարհի շատ երկրների համեմատ բավական քիչ են։ Հարեւան Վրաստանը կորոնավիրուսի հիվանդության տարածման առումով «կանաչ» գոտում էր: Հայաստանում պատկան մարմինները հաճախ քննադատվում են, մեր քաղաքացիները հարեւան Վրաստանը մատնանշում են որպես օրինակելի պետություն՝ համավարակի դեմ պայքարում հաջողելու համար:
Սակայն, ինչպես հայտնի է, վերջին մի քանի օրերին Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերն աճում են, արգելվեց զանգվածային հավաքներով մարդաշատ միջոցառումների անցկացումը: Վրաստանի խոշոր քաղաքներում` Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսում, Զուգդիդում, Գորիում եւ Փոթիում ուսումնական նոր տարվա սկիզբը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 1-ը։
Կարդացեք նաև
Կորոնավիրուսի աճին զուգահեռ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների թոհուբոհն է: Իշխող «Վրացական երազանքը» ներկայացրեց ընտրական ցուցակը, իսկ ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժումը» հայտարարեց, որ իրենց վարչապետի թեկնածուն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է։
Իշխող «Վրացական երազանքը» հրապարակեց կուսակցության ընտրական ցուցակը, որում առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի անունը չկա։ Ցուցակը գլխավորում է վարչապետ Գեորգի Գախարիան։ Երկրորդ տեղում խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալաքվաձեն է, երրորդում` նախկին խոսնակ Իրաքլի Կոբախիձեն։ Վրաստանում իշխանության, այսպես ասած՝ ստվերային առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին վերջերս հայտարարել է, թե «Վրացական երազանքի» հաղթանակը Վրաստանի հաղթանակն է։
«Առավոտը» զրուցեց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանի հետ: Նախ` նրան խնդրեցինք գնահատել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հնարավորությունները խորհրդարանական ընտրություններից մեկուկես ամիս առաջ, հաշվի առնելով այն տեսակետը, որ եթե Վրաստանում կորոնավիրուսի վարակի աճի պայմաններում իրավիճակը բարդանա՝ դա բացասաբար կազդի իշխանության վարկանիշի վրա եւ իշխող քաղաքական ուժը ձայներ կկորցնի:
Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ այն ուսումնասիրությունների արդյունքները, որոնք այս օրերին ներկայացվում են՝ ընդհանուր առմամբ արտացոլում են ուժերի այն հարաբերակցությունը, որն այսօր առկա է Վրաստանում: Առնոլդ Ստեփանյանը համաձայնեց այն տեսակետին, որ կորոնավիրուսի վարակի տարածման իրավիճակը կապված է նրա հետ, թե որքան ձայն կստանա իշխող քաղաքական կուսակցությունը: «Այո, մեզ մոտ վարակվածների թվի աճ է նկատվում, սակայն խնդիրը վարակակիրների թվի աճը չէ, այլ այն, թե ինչպես են պատկան մարմինները պայքարելու վարակի տարածման դեմ: Առայժմ թվում է, որ իշխանությունները նույն քայլերին կդիմեն, որոնք ձեռնարկվել էին վարակի առաջին ալիքի ընթացքում տարածումը կանխելու ուղղությամբ՝ տնտեսական գործունեության եւ տեղաշարժի լուրջ սահմանափակումներ, որը ժողովրդի մոտ դժգոհություն էր առաջացրել»,- ասաց նա:
Առնոլդ Ստեփանյանը համարում է, որ իշխանությունները նախ կկենտրոնանան վարակակիրների բուժման վրա, քան՝ տնտեսական սահմանափակումներ կմտցնեն, որն էլ էականորեն չի նվազեցնի իշխանությունների վարկանիշը, այսինքն՝ նրանք կպահպանեն այն վարկանիշը, որն այժմ ունեն, սա իհարկե, այն դեպքում, եթե համավարակը երկրում ողբերգական իրավիճակի չհանգեցնի:
Այն փաստը, որ իշխող ուժի՝ «Վրացական երազանքի» ցուցակում առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի անունը չկա, դա ինչպե՞ս բացատրել, հարցրեցինք Առնոլդ Ստեփանյանին: Նա նկատեց, որ եղել են ենթադրություններ, որ նա կգլխավորի ցուցակը, սակայն եղել են նաեւ կարծիքներ, որ ոչ թե նա, այլ գործող վարչապետն, այնուամենայնիվ, կգլխավորի կուսակցության ցուցակը, ինչպես էլ եղավ: Ըստ մեր զրուցակցի՝ վարչապետ Գիորգի Գախարիայի վարկանիշը ոչ միայն բարձր է, այլեւ նրա վարկանիշը դեռ բարձրանալու հնարավորություն էլ ունի, մինչդեռ Իվանիշվիլին չունի շարունակաբար աճող վարկանիշ, նրա վարկանիշը կայուն է: «Գործող վարչապետի վարկանիշը մասնավորապես քովիդի դեմ պայքարում հաջողելու առումով՝ բարձրացել է: Կախված նրանից, թե ինչ իրավիճակ կլինի երկրում, չի կարելի, իհարկե, բացառել, որ նրա վարկանիշը կարող է նվազել: Այժմ, այս առումով, դժվար է կանխատեսումներ անելը, ամեն ինչ կախված է իրավիճակից»:
Ինչ վերաբերում է «Ազգային միացյալ շարժման» հնարավորություններին, ապա հիշեցնենք, որ օրեր առաջ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուշագրավ հայտարարություն արեց, պնդելով, թե չէր ցանկանա, որ իր վերադարձը Վրաստան ներքաղաքական ցնցումների պատճառ դառնա։ «Ինձ հաճախ են հարցնում, թե երբ եմ ես վերադառնալու Վրաստան։ Ես կվերադառնամ մի պայմանով՝ որ դա հակամարտության եւ անկարգությունների չհանգեցնի։ Շատ կարեւոր է, որ այդ ամենը խաղաղ ճանապարհով իրագործվի։ Ժամանակին ես իշխանությունը փոխանցեցի խաղաղ ճանապարհով եւ չեմ պատրաստվում այժմ անկարգությունների ճանապարհով իշխանության գալ։ Բայց այն, որ Վրաստանն այսօր փրկության կարիք ունի, այստեղ բոլորս էլ միակարծիք ենք։ Այդ իսկ պատճառով ես չեմ խուսափում պատասխանատվությունից։ Կասկած չկա, որ մենք բոլորով միասին ի վիճակի կլինենք վերածնել մեր սիրելի հայրենիքը՝ Վրաստանը»,- ասել էր Սաակաշվիլին։
Հիշեցնենք նաեւ, որ Սաակաշվիլի՝ հայրենիք վերադարձի հիմնական խոչընդոտներն այն դատավճիռներն են, որոնք վերջին տարիներին հեռակա կարգով կայացվել են նրա դեմ։ Դրանցից մեկով՝ բանկիր Սերգո Գիրգվլիանիի սպանության գործով Սաակաշվիլին դատապարտվել է երեք տարվա, իսկ պատգամավոր Վալերի Գելաշվիլիի դեմ հարձակում կազմակերպելու համար՝ վեց տարվա ազատազրկման։ Սաակաշվիլիի դեմ հարուցված եւս երկու գործերով դատավճիռները դեռ չեն հրապարակվել։ Մի գործով նա մեղադրվում է պետական բյուջեի միջոցները մսխելու, մյուսով՝ «Իմեդի» հեռուստաընկերությունը բռնի ուժով եթերազրկելու հրահանգ իջեցնելու համար։ Սաակաշվիլին ու նրա կողմնակիցները մինչդեռ վստահ են, որ ներկայացված բոլոր մեղադրանքները շինծու են։
Այսինքն, ստացվում է, որ ուժի մեջ գտնվող դատավճիռների առկայության պայմաններում Թբիլիսի վերադառնալու պարագայում Սաակաշվիլին ամենայն հավանականությամբ կարող է հայտնվել բանտում:
Ի՞նչ էր նշանակում Սաակաշվիլիի հայտարարությունը, թե՝ կվերադառնա մի պայմանով՝ եթե իր վերադարձը հակամարտության եւ անկարգությունների չհանգեցնի: Այսինքն՝ այս խորհրդարանական ընտրություններից առաջ նա չի՞ վերադառնա, թե՞ դա ընդամենը ուղերձ էր իշխող քաղաքական էլիտային՝ իր հետ համաձայնության գալու՝ ապագայում, խորհրդարանական ընտրություններից հետո իր հնարավոր վերադարձի շուրջ:
Առնոլդ Ստեփանյանը նախ հիշեցրեց, որ վերադառնալու մասին Սաակաշվիլին մի քանի անգամ եւս հայտարարել էր՝ ընտրություններից առաջ: «Անկեղծ ասած, տարօրինակ է, որ նա նման հայտարարություն է անում ընտրություններից առաջ, որովհետեւ այդ հայտարարությունների արդյունքում իշխող ուժի՝ «Վրացական երազանքի» վարկանիշն աճում է: Մարդիկ, որոնք առայժմ չէին կողմնորոշվել՝ նրանք արդեն հակված են իշխող քաղաքական ուժի օգտին քվեարկել: Այսինքն, Սաակաշվիլիի հերթական հայտարարությունը ընտրություններից առաջ նպաստում է նրա դեմ համախմբմանը եւ «Վրացական երազանքի» հաղթանակին: Այս առումով տարօրինակ է Սաակաշվիլիի հայտարարությունը եւ ես կարծում եմ, որ դա նա էլ է հասկանում»:
Մեր զրուցակիցը նկատում է, որ «Վրացական երազանքի» վարկանիշն այս պահին երկու անգամ բարձր է ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժման» վարկանիշից, եւ Սաակաշվիլիի հնարավոր վերադարձի դեպքում իշխող քաղաքական ուժն առանձնապես խնդիրներ չի ունենա: Առնոլդ Ստեփանյանը կրկնում է, որ ամեն ինչ կախված է երկրում ձեւավորված մթնոլորտից, իսկ այդ մթնոլորտն առայժմ կայուն է եւ նպաստավոր իշխող քաղաքական ուժի համար: Հետեւաբար, մեր զրուցակիցը նկատում է. «Չեմ կարծում, թե Սաակաշվիլին որոշում կկայացնի՝ նստել ինքնաթիռ ու վերադառնալ: Կարծում եմ, որ նա հաշվի կնստի Վրաստանում ձեւավորված մթնոլորտի ու առկա տրամադրությունների հետ»: Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը նաեւ հավելեց, որ ընդդիմադիրները չեն բացառել անակնկալներ, ավելին՝ խոստացել են անակնկալներ ընտրությունների նախաշեմին:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 15.09.2020