Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, որ դպրոցն այժմ այս տեսքով ներկայանում է մեզ, մեծապես Հովիկ Աբրահամյանի վաստակն է. Վարդուհի Իշխանյան. «168 ժամ»

Սեպտեմբեր 15,2020 22:55

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը, որի ժամանակ կոչ արեց աշակերտներին իրենց առաջ դնել բարձր նշաձողեր` փոխելու սեփական քաղաքը, երկիրն ու աշխարհը։

Շատերը, սակայն, նկատեցին, որ անվանի հայագետի անվամբ անվանակոչված դպրոցի՝ շքեղ հիմնանորոգումից հետո, բացման արարողությանը չէին մասնակցում բազմավաստակ գիտնականի ընտանիքի անդամները:

168.am-ը Ռաֆայել Իշխանյանի որդուն՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին հարցրեց, թե ինչո՞ւ վերջինս ներկա չէր հոր անունը կրող դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:

«Չէին հրավիրել»,- ասաց իրավապաշտպանը՝ չցանկանալով այլ մեկնաբանություն ներկայացնել թեմայի վերաբերյալ:

Զրուցեցինք նաև Ռաֆայել Իշխանյանի դստեր՝ Վարդուհի Իշխանյանի հետ, ով ասաց, որ շատ ուրախ է, որ դպրոցը վերջապես բացվեց, որովհետև 4 տարի սպասում էին:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ իրենք առավոտյան ներկա չէին բացման արարողությանը՝ նա պատասխանեց, որ հրավերների նախաձեռնությունը տնօրենինը չի եղել, և երևի այդ հարցով վարչապետի աշխատակազմին պետք է դիմենք:

«Ես ուզում եմ ասել, որ շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս դպրոցը հիմնանորոգելու հարցում: Նախ՝ ամենամեծ շնորհակալությունը տնօրենին, ով փայլուն շարունակում է Ռաֆայել Իշխանյանի գործունեությունը և կարողացավ իր համառությամբ այս դպրոցի հիմնանորոգումը գլուխ բերել»,- ասաց Վարդուհի Իշխանյանը:

Վերջինս նշեց, որ անվանակոչությունից հետո առաջին օգնությունն այս դպրոցին եղել է Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի օրոք, ով ֆինանսավորեց Ռաֆայել Իշխանյանի հուշարձանի կառուցումը:

«Դպրոցը շատ վատ վիճակում էր: Տնօրենի հետ միասին տարբեր տեղեր դիմեցինք հիմնանորոգման համար: Ի վերջո, վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգնեց մեզ, ում միջնորդությամբ Ասիական բանկը ֆինանսավորում հատկացրեց այդ նպատակի համար: Իրեն էլ ենք շատ շնորհակալ: Կահավորումն էլ նոր իշխանությունների օրոք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի օգնությամբ կատարվեց»,- ասաց մեծ գիտնականի դուստրը:

Նրա խոսքով՝ երբ դեռ դպրոցը չէր վերանորոգվել, ամենասկզբում Ռաֆայել Իշխանյանի կաբինետն էր վերանորոգվել ու կահավորվել Բարսեղ Բեգլարյանի ֆոնդի միջոցներով:

«Բայց այն, որ դպրոցն այժմ այս տեսքով ներկայանում է մեզ, մեծապես Հովիկ Աբրահամյանի վաստակն է, ով կարողացավ Ասիական բանկի միջոցով գլուխ բերել դպրոցի հիմնանորոգման գործը: 4 տարի առաջ սկսվեց հիմնանորոգումը: Սկզբում ասացին՝ երկու տարի կտևի, բայց ձգվեց, ու այս դպրոցի տնօրենը, ուսուցիչները մեկ այլ դպրոցի փոքր հատվածում մի կերպ կարողացել են այս 4 տարում դասապրոցես ապահովել: Մեծ աշխատանք են կատարել, էլ չեմ ասում՝ դպրոցից դպրոց տեղափոխվելու ծանր գործընթացը»,- ասաց Վարդուհի Իշխանյանը:

Գոհար ՍԱՎԶՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930