Ռուսաստանի ճարտարապետների միությունը որոշել է հանրային բացասական արձագանքի պատճառով չեղարկել Կարմիր հրապարակում Վլադիմիր Լենինի դամբարանի վերաօգտագործման համար հայտարարված մրցույթը, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը՝ մեջբերելով Ճարտարապետների միության նախագահ Նիկոլայ Շումակովի խոսքը։
«Ես հրաժարվեցի, քանի որ նման պայմաններում որևէ միջոցառում իրականացնելն անհնար է։ Ոմանք ինձ ամեն վայրկյան ասում են, թե իբր ես փորձում եմ քանդել դամբարանն ու այնտեղից դուրս հանել Լենինի մարմինը։ Ես հերքում եմ այդ լուրերը, իսկ ինձ ասում են՝ ոչ, դուք քանդում եք դամբարանն ու հանում եք Լենինի մարմինը և այսպես շարունակ։ Ես հոգնել եմ պայքարել այդ մարդկանց դեմ և հասկացել, որ դա անիմաստ է և ոչ ոքի պետք չէ»,- պարզաբանել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ճարտարապետների միությունը համառուսական մրցույթ էր հայտարարել Կարմիր հրապարակում Վլադիմիր Լենինի դամբարանի վերաօգտագործման լավագույն կոնցեպցիայի համար։ Մասնակիցներին առաջարկում էին մշակել դամբարանը թանգարանի վերածելու նախագիծ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ