Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ դատավորներ ընտրվեցին կաշառակեր գիտնականն ու դասախոսը, նախկին իշխանության ձեռնածու դատավորն ու խռովկան երեխան». Արման Բաբաջանյան

Սեպտեմբեր 15,2020 21:35

Մեր զրուցակիցն է «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը

Ազգային ժողովն այսօր Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրեց այն երեք թեկնածուներին, որոնց առնչությամբ երեկ դուք հանդես եկաք կոշտ քննադատությամբ։ Ձեր ելույթներում դուք բարձրաձայնեցիք բոլոր այն վտանգները, որոնցով հղի էր այդ թեկնածուների ընտրությունը։ Ձեր կարծիքով` ինչո՞ւ իշխանությունն, այնուամենայնիվ, ականջալուր չեղավ այդ ահազանգերին։

– Ես ուզում եմ հավատալ, գուցե դա անգամ կարող է նաիվ թվալ, որ տեղի ունեցածը ոչ թե իշխանության ամբողջական դիրքորոշման, այլ իշխանության մեջ լեգալիստական թևի մոտեցման արտահայտությունն էր։ Իմ բարձրաձայնած ահազանգերին ականջալուր չեղավ իշխանության հենց այդ լեգալիստական թևը, որը, ըստ ամենայնի, գերակայություն է ունեցել քվեարկությունների հարցում վերջնական որոշում կայացնելու գործում։ Բայց ես նույն իշխանության շատ այլ ներկայացուցիչների շրջանում տեսել եմ և դեռ տեսնում եմ իրական հեղափոխական տրամադրություններ, իրապես արմատական բարեփոխումների իրականացման քաղաքական կամք։ Սակայն դրան զուգահեռ, ինչպես նշեցի, իշխանության մեջ կա նաև այսպես կոչված լեգալիստական թև, որն առաջնորդվում է «թղթերով ամեն ինչ կարգին է»՝ նախկին հանցավոր իշխանության հաստատած ավանդույթներով։ Ահա այդ թևի լոբբինգի արդյունքն էր այս երեք թեկնածուների հաղթանակը, որը իշխանության հեղափոխական թևի պարտությունն էր։ Ուզում եմ կրկին հույս հայտնել, որ այս՝ թեկուզև կարևորագույն հարցում իշխանության հեղափոխական թևի պարտությունը կլինի ժամանակավոր, և առաջիկայում գերակա կդառնա հեղափոխական, ռեֆորմիստական հայացքների արտահայտությունը։ Այլապես մենք բոլորս, բայց առաջին հերթին՝ իշխանությունը, կկատարի հեղափոխության հանդեպ մեծագույն դավաճանությունը, քանի որ եթե մենք նման քայլերով, նման անդեմ Սահմանադրական դատարան ձևավորելով տապալում ենք արդարության հաստատման հեղափոխական խոստումը, նահանջ ենք արձանագրում հեղափոխության ընթացքում, մսխում ենք ավելի լավ երկիր ունենալու՝ հեղափոխությամբ մեզ տրված շանսը։

Ընդամենը երկու տարի առաջ ամենաֆուտուրիստական երազում անգամ հնարավոր չէր լինի պատկերացնել, որ մենք նոր Հայաստանի նոր Սահմանադրական դատարանը կհամալրենք իրենց տեսակով ամբողջությամբ նախկին հանցավոր համակարգին համապատասխանող դատավորներով։ Մարդիկ, որոնք անգամ երկրի ամենալեգիտիմ մարմնում՝ խորհրդարանում, իրենց թեկնածության քննարկման ժամանակ ներկայացրել են սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինչի մասին այսօր համապատասխան հաղորդագրություն է տարածել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ ԿԿՀ–ն՝ ներկայացնելով թեկնածուների կողմից սխալ տեղեկություններ հրապարակելու կոնկրետ օրինակներ։ Այսինքն` Սահմանադրական դատարանի դատավորի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվել են մարդիկ, որոնք իշխանության առաջնային մանդատ կրող մարմնի՝ Ազգային ժողովի հանդեպ չեն ցուցաբերում անգամ տարրական հարգանք ու էթիկա։ Թե ինչ վերաբերմունք կարող են նման մարդիկ ցուցաբերել արդեն Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում այդ կառույցի կողմից քննվելիք գործերի, հայցվորների, քաղաքացիների նկատմամբ՝ կարելի է միայն պատկերացնել։

– Այնուամենայնիվ, բացառո՞ւմ եք, որ Սահմանադրական դատարանի նոր կազմը կարող է արդյունավետ գործել և փարատել ձեր մտահոգությունները։ Ազգային ժողովում իրենց ելույթներում բոլոր թեկնածուներն էլ հայտարարում էին, որ ծառայելու են սահմանադրությանն ու օրենքներին։ Արդյոք ձեր վերաբերմունքը նրանց նկատմամբ չափազանցված կամ ծայրահեղացված չէ՞։

– Ոչ, ձեր հարցն է պարունակում չափազանցված լավատեսություն։ Որովհետև արդեն Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված այդ անձանց նկատմամբ իմ վերաբերմունքը հիմված էր ոչ թե սուբյեկտիվ ընկալումների կամ վերաբերմունքի, այլ էմպիրիկ փաստերի ու տվյալների վրա։ Միայն Երվանդ Խունդկարյանի ընտրությունը միանգամայն բավարար է Սահմանադրական դատարանի դատարանակազմության ողջ գործընթացը խայտառակություն որակելու համար։ Մարդ, որն ամբողջությամբ ծառայել է նախկին հանցավոր իշխանություններին, եղել է այդ իշխանությունների կամակատարը դատական համակարգում, իր կայացրած վճիռներով պետությանը պատճառել է հարյուր հազարավոր դոլարների վնաս՝ ի դեմս ՄԻԵԴ-ի վճիռների դիմաց Հայաստանի վճարած փոխհատուցումների, որը մեծագույն հարված է հասցրել ժողովրդավարությանն ու խոսքի ազատությանը՝ մասնակցելով «Ա1+» հեռուստաընկերության դեմ քոչարյանական իշխանության սանձազերծած արշավին, այսօր գնում է Սահմանադրական դատարան՝ սահմանադրական արդարադատություն իրականացնելու մի երկրում, որի նախկին իշխանությունները մերժվել են, այդ թվում՝ իր իրականացրած հակաօրինական արարքների պատճառով։ Սա ուղղակի նոնսենս է, ծաղր ու ապտակ հարյուր հազարավոր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մասնակցել են թավշյա հեղափոխությանը՝ առաջին հերթին երկրում արդարության վերականգնման ու արդարադատության հաստատման համար։ Եվ ո՞վ է հաստատելու այդ արդարադատությունը, մարդ, որը ամենամեծ հարվա՞ծն է հասցրել այդ արդարադատությանը։ Այնպես որ, նրանց ունեցած ելույթներն ու Սահմանադրությանը ծառայելու սին խոստումները սոսկ խոսքեր են։ Ավելի զորեղ են փաստերը, որոնք վկայում են այն մասին, որ մենք այլևս ունենք նախկին Սահմանադրական դատարանի կրկնօրինակը՝ սոսկ կոսմետիկ փոփոխություններով։

– Ինչպե՞ս է կարող անդրադառնալ նոր Սահմանադրական դատարանը դատաիրավական բարեփոխումների ընթացքի վրա, ինչի անհրաժեշտության մասին դուք խոսում եք մշտապես։

– Միանշանակ, ազդեցությունը լինելու է բացասական։ Սահմանադրական դատարանը դատաիրավական համակարգի, այսպես ասենք, վերնաշենքի ամենավերին հարթությունն է, որն ունի համակարգաստեղծ նշանակություն մնացած բոլոր ենթահամակարգերի՝ այլ ատյանների դատարանների, ինչու ոչ՝ նաև դատախազական, քննչական մարմինների գործունեության համար։ Եվ եթե մենք այդ վերնաշենքում իրական բարեփոխման փոխարեն կատարում ենք մակերեսային, կոսմետիկ փոփոխություն՝ առանց էական բովանդակային վերափոխման, նշանակում է այդպիսի ուղղորդում ենք հաղորդում նաև դատաիրավական համակարգի բարեփոխումների հետագա ընթացքին։ Սա արձանագրում է, որ կարող ենք անել այս պահին՝ որպես կայացած փաստ ընդունելով Սահմանադրական դատարանի բարեփոխման տապալումը։ Բայց նոր Սահմանադրական դատարանի կազմավորմամբ դատաիրավական համակարգի բարեփոխումների հանրային պահանջն ամենևին չի վերանալու, այն շարունակելու է գոյություն ունենալ՝ մեզ՝ հեղափոխության արժեքներին հավատարիմ գործիչներիս ու ուժերին ստիպելով կրկնապատկել, բազմապատկել այդ ուղղությամբ գործադրվելիք ջանքը և ի վերջո իշխանությանը պարտադրել իրականացնելու այն բարեփոխումները, առանց որոնց հնարավոր չէ վերականգնել արդարությունն ու արդյունավետ դատական իշխանություն հաստատել։ Այս հարցում ես դաշնակիցներ եմ տեսնում իշխանության այն հեղափոխական թևում, որի մասին խոսեցի սկզբում։ Դատաիրավական բարեփոխումների հանրային պահանջն, այսպիսով` շարունակում է կենսունակ լինել, և պետք է անել առավելագույնը դա կյանքի կոչելու համար։ Այլապես մենք շարունակելու ենք ապրել այն դեֆորմացված դատաիրավական համակարգի պայմաններում, որը պատճառ դարձավ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների կայացրած որոշման համար՝ այլևս չմասնակցել գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի շահերին ծառայող դատական ֆարսին։ Այդ որոշումը դատական, դատախազական, քննչական համակարգերի կատարյալ դեգրադացման, խեղման ու աղճատման մասին բարձրաձայնում, խորհրդանշական ահազանգ էր, որին ականջալուր չլինելու ու համարժեք քայլեր չձեռնարկելու դեպքում մենք շարունակելու ենք արձանագրել ժողովրդավարությանը հայտարարված պատերազմում դատաիրավական համակարգի տարած հաղթանակները։ Իրականում զոհասեղանին դրվածը ավելին է, քան զուտ դատական համակարգում փոփոխությունները, զոհասեղանին Հայաստանի ժողովրդավարությունն է, որն այս պահին ամենամեծ պաշտպանության կարիքն ունի նախկին իշխանություններին ծառայող դատաիրավական համակարգից։

Այնպես որ, Սահմանադրական դատարանի այս դատավորների ընտրությամբ երկրում դատաիրավական բարեփոխումների հրամայականը դարձավ շատ ավելի կենսական ու անհետաձգելի։ Այդ բարեփոխումներն արդեն պետք է իրականացնել ոչ թե Սահմանադրական դատարանի հետ համագործակցությամբ, ինչպես կլիներ, եթե մենք կազմավորեինք իրապես անկախ ու արդյունավետ ՍԴ, այլ շրջանցելով Սահմանադրական դատարանը, որը, վախենամ, նախորդի նման շարունակելու է խոչընդոտ հանդիսանալ դատաիրավական համակարգի իրական, արմատական բարեփոխումների ճանապարհին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկազ Պետրոսեան says:

    Պրն Արման Բաբաջանեան կարող էք մատնանշեք մի որևէ դատաւորի, որ անցեալ երեսուն տարուայ ընթացքում չի գործել որևէ գողապետի յանձինքս Ռոբերտ Քոչարեանի ու Սերժ Սարգսեանի և նրանց կլանների համար, ուրեմն պէտք է ասենք որ ոչ մէկն էլ մաքուր դատաւոր չեն: Դէ հիմա նստէք ու ասէք սա գող է մի ընտրէք, միւսը կաշառակեր է եղել մի ընտրէք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930