Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ երկրորդ նախագահ Մարտի 1-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվողներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գլխավոր շտաբի նախկին պետ, 2008թ.-ի դրությամբ՝ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, պաշպանության նախկին նախարար, 2008թ.-ի դրությամբ՝ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով սեպտեմբերի 15-ի դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեցին դատարանին տրամադրել այսպես կոչված մայր գործի նյութերն ամբողջությամբ:
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, միանալով միջնորդությանը, հայտարարեց. «Գործի նյութերի մեջ չկա տեղեկություն նաև այն մասին, որ տեղեկություններ էին ստացվում ցուցարարների մոտ զենքերի առկայության մասին: Մեղադրանքում կարմիր գծով անցնում է 0038 հրամանը: Գործի 79 հատորների մեջ ծայրից ծայր նշվում է բանակի դերակատարության մասին որպես բացասական երևույթ:
Այո, ինչպես նախագահը նշեց, փետրվարի 23-ի խորհրդակցության ժամանակ ԵԿՄ-ի գործընթացների քննարկումից բացի նաև ներկայացվեց այն, որ ըստ ԱԱԾ-ի տեղեկատվության՝ շատ բարձրաստիճան զինվորականների այդ օրերին տեսել են հանրության շրջանում զենքով, խմբերով, նրանց շարքերում կային զորամասերի հրամանատարներ: Այդ տեղեկությանը գործի նյութերում չենք հանդիպել: Ամեն օր տեղեկություններ էինք ստանում, որ նախատեսվում է զորամասերի վրա հարձակումներ զենք հայթայթելու, հետագայում օգտագործելու համար: Այդպիսի տեղեկություններ էլ չկան նյութերում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ