Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան․ Կա՛մ գումարները եղել են` տեղ չեն հասել, կա՛մ գումարները չեն եղել

Սեպտեմբեր 15,2020 19:00

Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամն ընդդեմ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գործով տեղի ունեցավ առաջին նիստը։

Նիստի ընթացքում պատասխանող կողմը միջնորդեց, որ Տիգրան Ուրիխանյանը չմասնակցի դատական նիստին՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ Դատարանը ընդունեց միջնորդությունը, իսկ հիմնադրամի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը առարկեց դատարանի գործողությունների դեմ, որ նախ և առաջ թույլ է տալիս, որ պատասխանող կողմը Քաղաքացիական օրենսգրքի խախտմամբ․ «Մենք պետք է անցնեինք հարցի հիմքում առարկայի ճշտմանը»։

Դատարանից դուրս գալուց հետո Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ավելի քան երկու տարի առաջ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամում իր նախկին գործընկեր Մեսրոպ Մանուկյանը հարց է բարձրացրել՝ եթե հայտնաբերվել են 53 000 այնուհետև ավելի քան 70 000 աշխատատեղեր, ապա ինչո՞ւ համապատասխան գումար չի փոխանցվում հիմնադրամ․ «Համապատասխան պահին հնչեց հարց՝ որտե՞ղ է շուրջ 800 միլիոն դրամի հասնող գումարը։ Հասկանո՞ւմ եք չէ, որ ամեն ամիս, եթե կա զորօրինակ 65 000 աշխատատեղ, 65 միլիոն դրամ պետք է մտնի հիմնադրամի հաշվեհամարին, դա տեղի չի ունենում։ Եվ այն պահին, երբ ես հարցրեցի վարչապետին Ազգային ժողովում՝ ի՞նչ է տեղի ունենում, վարչապետն ասաց՝ հարկավոր է հավաքվել մեկ անգամ քննարկել, հարցը պարզաբանել, լուծել։

Սպասեցինք-սպասեցինք, ոչ ոք չհավաքվեց հարցը չքննարկեց, այնուհետև նորից հարց Ազգային ժողովում, ինչպես հիշում եք, ձեր խոնարհ ծառայի կողմից վարչապետին, վարչապետն ասաց՝ եկեք հանձնարարենք ՊՎԾ-ին, ՊՎԾ-ն ստուգումներ անի։ Ես սիրով համաձայնեցի և շարունակեցի աջակցել այդ մութ պատմության բացահայտման գործում՝ ներդնելով իմ համեստ լուման։ ՊՎԾ-ին որևէ հանձնարարություն չեղավ, հետո ինչպես հայտարարվեց ՊՎԾ-ն չի կարող ստուգումներ իրականացնել։ Եվ հաջորդ իմ հերթական հարցին ի պատասխան վարչապետն առաջարկեց ստեղծել Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով և դարձնել քննության առարկա այդ հարցը։ Եվ ես հավուր պատշաճի, ընդունելով վարչապետի առաջարկը, շարունակեցի աջակցությունս ցուցաբերել երկրում մութ պատմությունների, կոռուպցիոն հավանական դրսևորումների կամ ժողովրդին պատկանող միջոցների, գումարների անհետացման կամ չգոյացման հետ կապված հարցը պարզաբանելու, բացահայտելու գործում՝ շարունակելով իմ աջակցությունը նախաձեռնեցի քննիչ հանձնաժողովի ստեղծումը, և քանի որ դրա համար անհրաժեշտ է առնվազն 17 պատգամավորի ստորագրություն, դիմեցի առաջին հերթին հենց վարչապետի քաղաքական ուժին, այսինքն՝ «Իմ քայլը» խմբակցությանը, այնուհետև նաև «Բարգավաճ Հայաստանին» և «Լուսավոր Հայաստանին»։

«Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» ի զարմանս մինչև օրս չեն պատասխանել, ինչը ընդգծում եմ՝ տարակուսանքի տեղիք է տալիս։ Իսկ «Իմ քայլը» խմբակցությունը՝ վարչապետի իսկ առաջարկը, որը ես փորձում էի կյանքի կոչել, մերժեց անմիջապես։ Դրանից հետո նորից հարց վարչապետին իմ կողմից Ազգային ժողովում՝ ի՞նչ է լինում այդ գումարների հետ, որտե՞ղ են այդ գումարները, ներկայացվում են փաստաթղթեր, պետական թղթեր, ավելի պետական թղթեր, և այսպես բանը հասնում է նրան, որ կառավարության որոշմամբ ինձ հանում են այդ խորհրդի կազմից հաճելի պատահականությամբ։ Խորհրդի կազմից դուրս գալուց հետո ինձ մնաց ընդամենը հայտարարել նրա մասին, որ իրողությունը այսպիսին է և եզրակացությունը թողնել հանրությանը։ Բայց եկեք ու տեսեք, որ օրերից մի օր հայց ներկայացվեց իմ դեմ պահանջով հերքել զրպարտությունը, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները»։

Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ կա՛մ գումարները եղել են տեղ չեն հասել, կա՛մ գումարները չեն եղել, որովհետև չկան աշխատատեղեր․ «Ես ընդամենը մարդ եմ, պետական գործիչ եմ տվյալ դեպքում, որն Ազգային ժողովի և մյուս հարթակները օգտագործում է ասելու համար, հարցնելու համար՝ որտե՞ղ է փողը։ Որևէ այլ պնդում ես չեմ անում, եթե հիմնադրամը, որի ղեկավարը կառավարության անդամ է որոշում է հայց ներկայացնել իմ դեմ նրա համար, որ ես հարցնում եմ՝ որտե՞ղ է ժողովրդի փողը, ուրեմն՝ եզրակացությունները բոլորիս, եթե ինձ դրա համար հանում են հիմնադրամից ու հետո պահանջում են, որ ես հերքեմ, որ ինձ դրա համար են հանել հիմնադրամից, ուրեմն՝ ինչպես ասվում էր՝ ցմպ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930