Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Սեպտեմբեր 15,2020 18:35

ՀՅԴ երիտասարդական միությունը շարունակում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման դեմ դեռ 11 ամիս առաջ սկսած իր պայքարը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՅԴ երիտասարդական միության անդամ Սեւակ Նազարյանը հայտարարեց, որ վաղը երեկոյան՝ 19. 00-ին, միության անդամները Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով եւ հանուն ազգային ու առաջադեմ կրթության, Մատենադարանի մոտից երթ կիրականացնեն: Բանախոսի հավաստմամբ, անցած ամիսների ընթացքում Արայիկ Հարությունյանն իր գործունեությամբ եւ հայտարարություններով է փաստել, որ ՀՅԴ-ական երիտասարդների սկսած պայքարը արդարացի էր: Իսկ առաջիկայում, նրանք ավելի կտրուկ եւ մասշտաբային գործողություններ կիրականացնեն:

Խնդիրը 11 ամիս առաջ, ըստ բանախոսի, հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաների դուրսբերումը չէր կրթական ծրագրերից, ոչ էլ այսօր հանրակրթական չափորոշիչներն են: Իրենք հարցին ավելի լայն են մոտենում՝ խնդիր համարելով ոլորտի ապաշնորհ կառավարումը, կառավարման ճգնաժամը եւ ոչ ազգային գծի առաջ մղումը:

ՀՅԴ երիտասարդական միության ԿՎ անդամ Քրիստինե Վարդանյանն էլ իր խոսքում ասաց, որ իրենք վճռական են 11 ամիս առաջ սկսած պայքարը ավարտին հասցնելու հարցում, քանի որ վարվող՝ իրենց գնահատմամբ ապազգային եւ ապաշնորհ քաղաքականությունը, սպառնալիք է հայկական պետությունների համար: «Երկու տարվա ընթացքում այդպես էլ չի ներկայացվել ոլորտի ռազմավարությունը, որը թույլ կտար հասարակ քաղաքացիներին հասկանալ, թե ինչ առաջնահերթություններ ունի կրթությունը, գիտությունը, սպորտը եւ մշակույթը Հայաստանում եւ ի՞նչ ուղղությամբ ենք մենք շարժվելու: Ռազմավարություն չներկայացնելը ոչ թե պարզ վրիպակ է, այլ իրականում նշանակում է քաղաքացիներին զրկել նախարարության վարած քաղաքականությանը հետեւելուց»,- ասաց Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով, որ առանց ռազմավարություն ներկայացնելու ԿԳՄՍ-ն երկու նախագիծ է դրել շրջանառության մեջ՝ բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը եւ կրթական չափորոշիչների նախագիծը, որոնցում «տեսնում ենք նույն կարմիր թելը»: Այն է՝ հակասահմանադրականությունը: Այս ամենից, բանախոսը հետեւություն է անում, որ իրականում ռազմավարություն գոյություն ունի, որը նախարարությունը չի հրապարակում:

ՀՅԴ-ական երիտասարդների գնահատմամբ, թե ԵՊՀ-ում, եւ Տնտեսագիտական համալսարաններում կառավարման ճգնաժամ է, քանի որ առաջինում տեւական վայրիվերումներից հետո ռեկտոր չի ընտրվում, իսկ երկրորդում՝ ռեկտոր է նշանակվել մի անձ, ում մասով բազմաթիվ դժգոհություններ կան, իսկ նախարարության կազմում գործող Բարձրագույն կրթության որակավորման  կոմիտեն ռեկտորի գիտական աստիճանում գրագողության մասին է փաստել, ԲՈԿ նախագահն էլ այդ առիթով հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն, դեռ հայտնի էլ չէ՝ այն ընդունվե՞լ է, թե՞ ոչ: Բացի այդ, անցած երկու տարիների ընթացքում երեք փոխնախարարներ են պաշտոնաթող եղել, նրանցից մեկը կրթական չափորոշիչների ուղղակի պատասխանատուն է: Հիմա նույնիսկ հասկանալի էլ չէ, թե ո՞վ է կրելու այդ պատասխանատվությունը: Երիտասարդները տարակուսած են, որ նախարարության կողմից բարեփոխում անվանվող գործընթացը գաղտնի է իրականացվում, քանզի պատասխանատուները նման պայմանագրեր են կնքել, իսկ նախագծի հանրային քննարկումներում որեւէ ակադեմիական, գիտական հիմնարկի կարծիք հաշվի չի առնվել: Այս իրավիճակը, բանախոսը բացատրում է առկա քաոսով եւ կառավարման ճգնաժամով:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=rw-1NM6fECM&feature=emb_logo

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930