Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակ, հետարձակուրդային սթրես. ինչպե՞ս հաղթահարել ադապտացիոն փուլը և ինտեգրվել կրթական գործընթացում

Սեպտեմբեր 15,2020 18:15

Արձակուրդներից հետո բավականին դժվար է վերադառնալ և′ աշխատանքի, և′ ուսման: Այս տարի COVID-19 համավարակով պայմանավորված՝ կրթական հաստատություններ վերադարձին սովորողները և ուսուցիչները շատ ավելի երկար սպասեցին, ինչն ունեցավ իր ոչ միայն բացասական հետևանքները, այլ դրական արդյունքները:

Սեպտեմբերի 14-ից սովորողներն արդեն կրթօջախներ են հաճախում: Պահպանելով անվտանգության կանոնները՝ քիչ-քիչ հարմարվում են կրթական գործընթացին: Այս ճանապարհին որոշ երեխաների մոտ կարող են նկատվել մանկական կամակորություններ, երբեմն տրամադրության անկում, դասերը պատրաստելուց հրաժարվելը և այլն: Ադապտացման այս գործընթացը հոգեբաններն անվանում են հետարձակուրդային սթրես կամ դեպրեսիա:

Մասնագետները պնդում են՝ կարևորն այն է, որ ծնողը, համագործակցելով ուսուցչի հետ, կարողանա այս փուլը սահուն և առանց հիասթափությունների հաղթահարել:

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում «Մասնագիտությունը՝ մայրիկ» խորագրի ներքո հոգեբան Մարինե Մելոյանին խնդրեցինք մի քանի խորհուրդ տալ ծնողներին, ուսուցիչներին, երեխաներին, ինչի շնորհիվ անցումային այս փուլն ավելի հեշտ կլինի հաղթահարելը:

Մարինե Մելոյանն աշխատում է նաև դպրոցում: Նա, իր փորձից ելնելով, հատկապես կարևորեց ծնողի, աշակերտի և ուսուցչի համատեղ աշխատանքը՝ վստահեցնելով միայն այս համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել հաջողության:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ երկար դադարից հետո դպրոց հաճախող երեխայի մոտ, հոգեբանն այս առիթով ասաց. «Թե′ ուսուցիչները, թե′ աշակերտներն այնքան երկար են սպասել ուսումնական գործընթացի վերսկսմանը, որ այս անգամ համարյա թե խնդիրներ չկան ցանկության հետ կապված: Դպրոց գնալու ցանկությունը մեծ է երեխաների և ուսուցիչների մոտ: Այս պարագայում երկարատև դադարից հետո նորից դպրոց հաճախելը շատ սպասված իրադարձություն էր: Սպասված չէր, թե ինչ հանգամանքներում ենք իրականացնելու կրթական գործընթացը: Բայց ցանկացած ծնող և ուսուցիչ անգամ այս իրավիճակում պատրաստ է հանուն դպրոց գալու բոլոր անհրաժեշտ քայլերը կատարել իր երեխայի հետ»:

Հոգեբանը միևնույն ժամանակ նկատեց՝ երկար տանը մնալուց հետո հիմա շատ դժվար է անցումը դեպի կրթական գործընթացի, մանավանդ համավարակի պայմաններում, երբ խստորեն պիտի հետևենք բոլոր կանոններին՝ սկսած դիմակ կրելուց մինչև սոցիալական հեռավորություն, շփում. այս ամենը հաշվի առնելով՝ պետք է կարողանանք ճիշտ կազմակերպել աշխատանքները. «Այս պահին այնքան շոգ է դպրոցներում. կարծես ամառ լինի: Դա դիմակ կրելն ավելի սարսափելի է դարձնում, բայց մենք պիտի կարողանանք հաղթահարել այս ամենը»:

Հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներին բացատրել երեխաներին վարակի տարածման, դրա վտանգավորության մասին, որպեսզի երեխաները ոչ թե պարտադրաբար, այլ գիտակցաբար դիմակ կրեն:

Ըստ հոգեբանի՝ ուսումնական գործընթացին, առօրյային ինտեգրվելու հարցում ամենաբարդն առաջին տասնօրյակն է, որի ընթացքում հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներին ավելի հանդուրժող լինել երեխաների նկատմամբ, որպեսզի հետարձակուրդային սթրեսը քիչ-քիչ հաղթահարեն: Ըստ նրա, եթե երեխան սիրում է ուսումը, իր դպրոցն ու ուսուցչին, համակերպումն ավելի հեշտ է տեղի ունենում:

Հետաքրքրվեցինք՝ այս առումով որո՞նք են ծնողների ամենատարածված սխալները, Մարինե Մելոյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ մենք շատ ենք երեխային զրկում ինքնուրույնությունից: Պետք է թույլ տանք երեխային ազատ տեղաշարժվել, ինքնուրույն մտածել: Մինչդեռ հաճախ մենք մեր կարծիքն ենք թելադրում, մեր կամքն ենք պարտադրում, թույլ չենք տալիս, որ երեխան ինքնուրույն մտածի. նրա փոխարեն մենք ենք մտածում՝ ինչ հագնի, ինչ ուտի, ինչը տանի դպրոց»:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է դիմակ կրելը շեղի երեխայի ուշադրությունը, և նա ունենա առաջադիմության հարցում հետընթաց, հոգեբանը պատասխանեց. «Այս պահին դիմակը միայն շոգից ելնելով է խանգարելու, իսկ ընդհանուր առմամբ ուսուցման գործընթացի վրա այն ազդել չի կարող. դեռ մարտից սկսած դիմակ ենք կրում և կարծես հարմարվել ենք դրան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930