«Արդեն քանի անգամ տիկին Զոհրաբյանն այս ամբիոնից ահասարսուռ ձայնով սարսափեցնող մտքեր է արտահայտում ինչ-որ երեւույթների վերաբերյալ: Լավ է, որ այս անգամ երեխաների դեմքը ծածկել էր, որովհետեւ մի անգամ լուսանկար էր ներկայացրել՝ առանց երեխայի դեմքը ծածկելու»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գնահատականներին՝ աշակերտների մասնակցությամբ սոցցանցում տարածվող լուսանկարների առնչությամբ:
Արփի Դավոյանը լուսանկարներից մեկն այսպես բացատրեց. «Թելի վրա կան ժապավեններ, եւ երեխաները որոշակի հեռավորության վրա բռնել են դրանք: Երեւի ուսուցիչն այդպես էր նշել սոցիալական հեռավորությունը: Կարծում եմ՝ հակահամաճարակային իրավիճակում, երբ ուսուցիչները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի երեխաները գոնե հետաքրքրությամբ հետեւեն կանոններին, ուսուցիչը գուցե մտածել է, որ այդպես հետաքրքիր է: Բայց ոչ: Նաիրա Զոհրաբյանի որակմամբ՝ երեխաները կանգնած են եղել ռազմագերիների նման, պարանով բռնվել եւ ձեռքերը վեր են պարզել: Նաիրա Զոհրաբյանի տոնից հետեւում է, որ ուսուցիչն արագ հարձակման պետք է անցներ, բայց գուցե ուսուցիչը պետք է մոտենար ջերմություն չափելու, կամ գուցե երեխաներն այդ կերպ ինչ-որ մեկին էին ողջունում կամ իրար էին ողջունում: Սա ասում եմ, որպեսզի պարզ լինի, թե ինչպես կարելի է լուսանկարը ներկայացնել այնպես, որ մարդկանց տպավորությունը փոխվի: Այս ամբիոնից միշտ ներկայացվում է այլափոխված իրականությունը՝ կոնկրետ մարդկանց կողմից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ