Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք Հայաստանը մոտեցե՞լ է պետական պարտքի կարմիր գծին եւ կրկին պարտք է վերցնելու. ԿԲ նախագահի պարզաբանումը

Սեպտեմբեր 15,2020 18:25

Կապիտալ ծախսերի թերակատարումը Կենտրոնական բանկին մտահոգում է:

Այսօր պատասխանելով հարցին՝ ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել կապիտալ ծախսերի մոտ 60 տոկոսով նվազումը, ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով, կառավարության գործընկերների հետ հանդիպումների ժամանակ քննարկում են այս հարցը եւ փորձում օժանդակել այդ ծախսերն ավելացնելու. «Աշնանը եւս, կառավարության կողմից որոշակի ծրագրեր իրականացվելու են, որը թույլ է տալու մեղմել այն հարվածները, որոնք տնտեսությունը ստացել է այս ճգնաժամի արդյունքում: Այդ առումով մեր բազային սցենարի մեջ որոշակիորեն դնում ենք այն ծախսերը, որոնք որ մենք ակնկալում ենք, այլ ոչ թե այն ծրագրային ծախսերը, որոնք նախանշված են»:

Ե՞րբ կվերականգնվի տնտեսության աճը հարցին, ԿԲ նախագահը պատասխանեց, որ բանկի գնահատականների համաձայն, 2021 թվականին կունենանք դրական տնտեսական աճ, որը կկազմի 4-5 տոկոսի շրջակայքում. «Ակնկալում ենք, որ բոլոր ոլորտներում դրական աճ է լինելու: Սակայն նախկինում կանխատեսված վեաձեւ կանխատեսումը տեղի չի ունենա: Դժվար է ասել վերջնական վերականգնումը որ փուլում տեղի կունենա, քանի որ անորոշություններն այս պահին պահպանվում են: Այնուամենայնիվ, համաշխարհային տնտեսությունից եկող ազդակներից տեսնում ենք, որոշակի դրական տեղաշարժեր կան եւ կարծում ենք՝ մեր եւ կառավարության իրականացրած հարկաբյուջետային քաղաքականությունները նպաստելու են, որպեսզի աճի վերականգնումը տեղի ունենա»:

ԿԲ կանխատեսմամբ, սակայն, շինարարության աճը այս տարի կլինի ավելի խորը, քան նախորդ տարում էր:

Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա, արդյոք Հայաստանը մոտեցե՞լ է կարմիր գծին եւ կրկին պա՞րտք է վերցնելու տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, կապիտալ ծախսերը կատարելու համար, Մարտին Գալստյանն ասաց, որ կապիտալ ծախսումների համար ոչ թե նոր միջոցներ պետք է ներգրավել այլ՝ եղած միջոցներն արդյունավետ ծախսել. «Այսինքն՝ մենք պետք է կարողանանք եղած միջոցները նախեւառաջ՝ արդյունավետորեն ծախսել քան՝ նոր պարտք ավելացնելու մասին խոսել: Այն ձեւով ծախսել, որ նա պոտենցիալ ՀՆԱ-ին առավելագույն նպաստն ունենա: Իհարկե, կարող է նոր պարտքի ներգրավման հարց առաջանա, քանի որ այս պահին չգիտենք՝ առողջապահական իրավիճակի հանգուցալուծումը ոնց է լինելու աշխարհում: Հայաստանում, կարծես թե վիճակը մեղմվել է, բայց Եվրոպայում օրհասական է: Վրաստանը կրկին փակվեց եւ այլն: Այսինքն՝ կան դրվագներ, որ մեզ թույլ չեն տալիս ասել, որ հանգուցալուծումը լինելու է սա: Եթե հստակություն լինի, մենք կարող ենք մեր քայլերը հստակ կանխատեսել»:

ԿԲ նախագահի կանխատեսումներով այս տարի պետական պարտքը մոտ կլինի 60 տոկոսին, հնարավոր է փոքր-ինչ գերազանցեն այդ շեմը: Մարտին Գալստյանի խոսքով, դրանք այն ծախսերն են, որոնք պետք է կատարվեն, եթե փորձեն անգամ դա սահմանափակել, տնտեսությունը վերականգնման ավելի երկար փուլ կմտնի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930