Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծաղկաքաղի արդյունքում ձևավորված քրեական գործ է». Ռոբերտ Քոչարյան

Սեպտեմբեր 15,2020 17:51

Մարտի 1-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվողներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գլխավոր շտաբի նախկին պետ, 2008թ.-ի դրությամբ՝ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, պաշպանության նախկին նախարար, 2008թ.-ի դրությամբ՝ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով սեպտեմբերի 15-ի դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեցին դատարանին տրամադրել այսպես կոչված մայր գործի նյութերն ամբողջությամբ:

Այս առիթով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «Այն, ինչ ներկայացված է, ծաղկաքաղ են արել. իրենց ուզած ձևով ներկայացրել: Ծաղկաքաղի արդյունքում ձևավորված քրեական գործ է»:

Այնուհետև ներկայացրեց մի շարք դրվագներ, իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել 2008-ի մարտի 1-ին նախորդող ժամանակահատվածում, սակայն դրանք առկա չեն գործի նյութերում:

Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Այն խորհրդակցությունը՝ փետրվարի 23-ին, որ արել եմ նախագահականում, հետևանք էր ԵԿՄ-ում գործընթացների, բայց թե ԵԿՄ-ում ինչ էր կատարվում, դրա մասին մեկ փաստաթուղթ չկա այս քրեական գործում: Այսինքն՝ հետևանքը, որը այդ քննարկումն է, դրա մասին կա, բայց, թե ինչի համար է այդ խորհրդակցությունը եղել, այդ մասին նյութ չկա: Ո՞նց հավատանք, որ այդպիսի նյութեր ընդհանրապես չեն եղել: 80 հատորում ԱԱԾ-ից կա երեք նամակ: Դուք հավատո՞ւմ եք, որ կարող է նման իրադարձության պարագայում ԱԱԾ-ում լիներ ընդամենը զրոյական փաստ: Մեկ նամակն այն է, որ ասում են, որ կա որոշում քրեական գործ հարուցելու վերաբերյալ սահմանադրական կարգի հետ կապված: Մեկ նամակ էլ այն մասին, որ մարտի երկուսին այդ գործը փոխանցվում է դատախազությանը: Այլ նյութեր չկան, մենք այդ հատորներին ծանոթ չենք: Այդ ընթացքում որոշակի գործողություններ են կատարվել, մենք չունենք այդ տվյալները: Կամ նույն իրադարձության ժամանակ ներկա գտնված մեկ անձ հարցաքննվում է, հետը եղած մեկ այլ մարդ գիտենք՝ հարցաքննվել է, բայց տվյալ գործում այդ նյութերը չկան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930