ՀՆԱ-ի անկումը ընթացիկ տարվա համար կենտրոնական բանկը կանխատեսել է 6,2 տոկոս՝ նախկինում կանխատեսված 4 տոկոսի փոխարեն: Այսօր այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատճառներից գլխավորը համարելով անկումը գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում:
ԿԲ նախագահն ասուլիս էր հրավիրել՝ հայտնելու, որ ԿԲ խորհրդի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով կնվազի՝ դառնալով 4.25%:
Հիշեցնենք, որ վերջին անգամ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով նվազեցրել էր այս տարվա հունիսին՝ սահմանելով 4.5%:
Այսօր Մարտին Գալստյանն ասաց, որ չի բացառվում ամիսներ անց կրկին վերանայվի տոկոսադրույքը՝ հաշվի առնելով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը: Ըստ գլխավոր դրամատան ղեկավարի՝ առաջիկա եռամսյակներում ներքին պահանջարկը եւ տնտեսական ակտիվությունը կվերականգնվի սպասվածից ավելի դանդաղ տեմպերով. «Հաշվի առնելով պահպանվող ցածր գնաճային միջավայրը, ինչպես նաեւ արտաքին եւ ներքին պահանջարկի վերականգնման հետաձգման որոշակի հանգամանքը, Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային քաղաքականության պայմանների թուլացումը՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը»:
Կարդացեք նաև
Մարտին Գալստյանի խոսքով, քանի որ COVID-19-ի հետեւանքով տնտեսության տարբեր հատվածներ կրել են խիստ անհամաչափ վնասներ, իսկ դրամավարկային քաղաքականությունն ունի ընդհանուր ազդեցություն, Կենտրոնական բանկի խորհուրդը մնում է այն համոզման, որ դրամավարկային խթանման հետ մեկտեղ համախառն պահանջարկի վերականգնման համար առանցքային է հարկաբյուջետային ավելի խթանող քաղաքականության իրականացումը:
Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն գործիքն է, որը թույլ է տալիս Կենտրոնական բանկին իրականացնել առանցքային գործառույթներից մեկը` ապահովել գների կայունություն Հայաստանի տարածքում: Այսինքն՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման եւ նվազեցման միջոցով ԿԲ-ն ազդում է գնաճի եւ ֆինանսական շուկայում առկա տոկոսադրույքների վրա։
Հարցին՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն ի՞նչ ազդեցություն կունենա վարկերի եւ ավանդների տոկոսադրույքների վրա, Մարտին Գալստյանն ի պատասխան ասաց, որ կդժվարանա դատողություններ անել, թե առեւտրային բանկերը վարկերի վերաբերյալ ինչպիսի որոշում կկայացնեն, հատկապես՝ որ տնտեսությունում դեռեւս պահպանվում է անորոշությունը եւ ռիսկերի զսպման տեսանկյունից բանկերը տարբեր տիպի քաղաքականություն կարող են վարել:
Ինչ վերաբերում է ավանդներին, ապա, ըստ ԿԲ նախագահի, որոշ առեւտրային բանկերի մոտ նկատվում է ավանդների տոկոսների նվազեցում: Այսինքն՝ նոր ավանդները ներգրավում են ավելի ցածր տոկոսադրույքով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ