Ռուսաստան մեկնել ցանկացողներն այսօր կրկին «Хотим в Россию» ցուցապաստառներով Ազգային ժողովի մոտ ցույց էին անում:
Հիշեցնենք, որ վերջին անգամ ԱԺ-ի մոտ ցույցն ավարտվեց շատ ջերմ մթնոլորտում, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ պայմանավորվածությամբ, սակայն դրանից հետո նրանք ցույցը շարունակեցին ՔՊ-ի գրասենյակի մոտ:
«Պահանջում ենք բացել սահմանները, քանի որ մեր ազգը լուրջ խնդրի առաջ է կանգնած՝ սկսած ուսանողներից, ընտանիքների բաժանումից, արտագնա աշխատողներից: Մենք չենք դադարեցնելու մեր պահանջը, մինչեւ կոնկրետ պատասխան չստանանք: Պահանջում ենք բանակցել, որ ընտանիքները վերամիավորվեն: Հազարավոր արտագնա աշխատողներ չեն կարողանում մեկնել Ռուսաստան, որ գոյությունները պաշտպանեն, հազարավոր ուսանողներ չեն կարողանում շարունակել իրենց ուսումը»,- հայտարարեցին ցուցարարները:
ԱԺ-ի մոտ նրանք դիմում էին վարչապետին. «Պարոն Փաշինյան, բանակցեք եւ բացեք սահմանները»:
Ցուցարարներից մեկի խոսքով՝ «Մարդ կա՝ ծնողն է մնացել այնտեղ, մարդ ունենք, ինքն ու ամուսինը այստեղ են, երեխան ուրիշի մոտ է: Իմ փաստաթղթերի ժամկետը լրանում էր, եկել էի՝ փոխեի, հետ գնայի, բայց հիմա իմ կինը, երեք երեխաները, մայրը այնտեղ են, ես այստեղ մենակ եմ ապրում: Իմ գնալը պարտադիր է, բայց չեմ կարողանում գնալ: Ես 15 տարի է՝ Ռուսաստանում եմ, ռուսական անձնագիրը հետաքրքիր չի եղել, հայ եմ, ուզում էի հայկական անձնագրով լինել: Իմ երեխան 8-րդ դասարանում է այնտեղ, ասում են՝ հետ բեր: Համաձայն եմ, հետ կբերեմ, բայց ես իմ երեխաների ապագային քար եմ գցելու: Այստեղ ռուսական դպրոց երեխային ընդունելու համար ծնողներից մեկը՝ հայրը կամ մայրը պիտի լինի ՌԴ քաղաքացի: Հիմա ես 8-րդ դասարանի երեխային ո՞նց բերեմ հայերեն սովորեցնեմ, նորից տանեմ դպրոց: Մենակ ինքն էլ չի, մեկը 4-րդ դասարանում է, մյուսը՝ 2-րդ: Ասում են՝ հետ եկեք: Ես սիրում եմ իմ հայրենիքը ու կարող էի հետ գալ, բայց զուտ իմ երեխեքի ապագայի համար չեմ կարող հետ գալ»:
Ցուցարարները գտնում են, որ հայաստանյան իշխանություններից շատ բան է կախված, կարող են նորմալ բանակցել ու գոնե 150 մարդու համար որեւէ ճանապարհ բացել՝ կլինի ցամաքային, թե օդային. «Մենք բոլորս ձեր ժողովուրդն ենք, մենք բոլորս պայքարել ենք ձեր համար, հիմա դուք էլ պայքարեք մեր համար, մի ձեւ այնպես արեք, մարդիկ հասնեն իրենց ընտանիքներին: Մարդիկ տասնյակ տարիներով չարչարվել են, արդյունքի են հասել, բիզնես են դրել, հիմա այս 6 ամսվա մեջ ամեն ինչ կորում է»:
Կարդացեք նաև
Թե ինչքան պետք է այսպես հավաքվեն՝ իմանալով, որ այս հարցը հայաստանյան տիրույթում չէ՝ ցուցարարներից մեկը պատասխանեց. «Ինչքան որ պետք լինի, մինչեւ մեր ձայնը տեղ հասնի: Պետք լինի՝ այստեղի քաղաքացիությունից էլ կհրաժարվենք, մենակ թե գնանք հասնենք մեր ընտանիքներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ