ՀՀ-ում սեղմված կամ հեղուկ գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներն այսուհետեւ կլիցենզավորվեն: Այսպես է սահմանում «Լիցենզավորման մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումների եւ փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որն ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է առաջին ընթերցմամբ:
Ինչպես նշեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ լիցքավորման կայաններում բացառվելու է շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը. պահանջները խախտողները վարչական պատասխանատվության կենթարկվեն:
«Այն կայաններում, որտեղ տեղի է ունենալու վկայագրում, առցանց ռեժիմ է գործելու: Էլեկտրոնային շտեմարանը տրամադրելու ենք տեսչական մարմնին: Կոռուպցիոն ռիսկ այստեղ չկա: Ամեն քաղաքացի հետաքրքրված կլինի, որ իր գազաբալոնը ստուգեն եւ պարզեն՝ այն համապատասխանո՞ւմ է պահանջներին: Հակառակ դեպքում պայթելու վտանգ կա»,-շեշտեց փոխնախարարը:
«Իմ քայլի» պատգամավոր, օրենսդրական փաթեթի հարակից զեկուցող Գեւորգ Պապոյանը շեշտեց՝ Հայաստանում գազաբալոններն օգտագործվում են արդեն 10-15 տարի, եւ դրանց կյանքի տեւողությունը հենց այդքան է, ուստի այս օրենսդրական փոփոխությունը միտված է մարդկանց անվտանգությանը. «Ճիշտ է, վարորդները վճարելու են, բայց գազաբալոնները կստուգվեն, որպեսզի խուսափենք պայթյուններից եւ մարդկային զոհերից: Տնտեսվարողները կարող են մուտք գործել այս ոլորտ, եւ տարեկան 1500-2000 դրամը բավական կլինի՝ գազաբալոնը ստուգելու համար»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ