Երևանի պետական համալսարանի ուսանողները սեպտեմբերի 15-ին ԵՊՀ-ից երթով շարժվեցին դեպի կառավարության շենք։
Նրանք պահանջում են մասնակի փոխհատուցել ուսման վարձերը: Ուսանողները ստորագրահավաք են սկսել, որին մասնակցել է ավելի քան 5300 ուսանող Հայաստանի բոլոր բուհերից։ Նրանք նամակ փոխանցեցին կառավարությանը, որ հնարավորինս շուտ խնդրին լուծում տան: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին հանձնեց նամակը և ստորագրությունները։
«Առաջիկա օրերին վարչապետի մոտ նոր քննարկումների շարք է սկսվելու սոցիալ-տնտեսական անելիքների վերաբերյալ։ Եվ մենք ձեր նամակը անպայման հիմք կընդունենք որոշումների կայացման համար։ Կարծում եմ՝ օգտակար կլինի ձեզ հետ համագործակցել այդ առումով»,- ասաց Նաիրի Սարգսյանը։
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Ափոյանը ասաց, որ մեկ շաբաթ առաջվա տվյալներով ԵՊՀ-ում 500 ուսանող չէր վճարել դեռ նախորդ կիսամյակի վարձը․ «Կառավարությունը, որևէ իշխանությունը չպետք է ափսոսի կրթության մեջ ներդրում անել, որովհետև տասնապատիկի չափով որոշ ժամանակ անց վերադառնալու է։ Ու մենք այն ընտանիքներին, այն ուսանողներին, որոնք կանգնած են սոցիալական, ֆինանսական խնդիրների առաջ չպետք է մենակ թողնենք։ Այն ծնողը, որը գտնվում է ծանր իրավիճակում, ամենածանր իրավիճակը իր երեխայի ուսման վարձը վճարել չկարողացող ծնողի հոգեվիճակն է, ով, որ պետք է նայի երեխայի աչքերին և ասի, որ ես չեմ կարողանում վճարել քո ուսման վարձը, ինչի պատճառով դու ստիպված ես դադարեցնել քո ուսումը։ Նման երևույթներ, ես հուսով եմ, որ չենք ունենա, և ուսանողները կշարունակեն իրենց ուսումը»։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ բոլոր աջակցության ծրագրերը մշակվել են կառավարության նիստերի ընթացքում։ Իսկ բուհի ֆինանսական ռեսուրսներ չունի, որ նման մեծ չափով ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրի ուսանողներին․ «Կառավարության ֆինանսական միջոցները և բուհի ֆինանսական միջոցները, բնականաբար, անհամեմատելի տարբերություն ունեն։ Բացի դրանից՝ կառավարությունը բուհի ղեկավար կազմում ունի շատ մեծ ներգրավվածություն, և այդ ներգրավվածությունը տեղին օգտագործում է»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ