ՍԴ դատավորներ ընտրված Արթուր Վաղարշյանը եւ Էդգար Շաթիրյանն այսօր քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում էին: Հանդիպումից հետո Վաղարշյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, թե՝ վերջ, ես հիմա այլ կարգավիճակում եմ, չեմ կարող խոսել:
Հարցին՝ ՍԴ նախագահի հարցում ի՞նչ մոտեցում ունեք, կընտրե՞ք Հրայր Թովմասյանին՝ Վաղարշյանը որեւէ կերպ չարձագանքեց:
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե ի՞նչ հարց էիք միասին քննարկում, արդյոք ՍԴ նախագահի ընտրության հետ կապված դիրքորոշումների քննարկում էր՝ նա պատասխանեց, որ ոչ, իրավագիտության ֆակուլտետից էին խոսում: Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է այս կազմի կողմից Հրայր Թովմասյանն ընտրվի ՍԴ նախագահ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բացառում եմ»:
Թե ինչպես ստացվեց, որ առաջին անգամ Վաղարշյանին չընտրեցին, իսկ հիմա քվեարկեցին կողմ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Անկեղծությունը վստահություն ներշնչեց»:
Կարդացեք նաև
Լրագրողները փոխանցեցին սոցցանցերում օգտատերերի արձագանքները՝ ՍԴ անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ, այն է՝ իշխանությունները դավաճանեցին հեղափոխության արժեքները՝ այս ընտրությունը կատարելով: Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Իշխանությունները չեն ձեւավորելու ՍԴ, որը կլինի խամաճիկային կամ պատկանելու է իշխանություններին: Ձեւավորելու է ՍԴ, որը լինելու է նոր, սկզբունքային: Պատգամավորները քննարկումներից հետո իրենց որոշումը կայացրել են եւ չեմ համարում, որ այստեղ մենք որեւիցե մեկին դավաճանել ենք: Վերջիվերջո պետք է նախեւառաջ հասկանանք՝ ովքեր են այդ խոսացողները: Ում էլ ընտրեինք, վստահեցնում եմ, ինչ թեկնածու էլ լիներ, մշտապես լինելու են տարբեր շահեր»:
Հարցին՝ այս ընտրությամբ ՍԴ-ի ճգնաժամի հարցը համարվում է լուծվա՞ծ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ երկար ճանապարհ ունեն անցնելու:
Լրագրողները նաեւ հիշեցրեցին, թե Երվանդ Խունդկարյանի հետ կապված ինչ քննադատություններ են եղել, որ նա կամակատար է եւ այլն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այս ժամանակահատվածում Խունդկարյանը որեւէ դեպք չի եղել, որ խամաճիկի դերում լինի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ