Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կորոշի դատարանը Ռոբերտ Քոչարյանի գույքը կալանքից ազատելու հետ կապված. Արամ Վարդևանյանը չբացեց դռնփակ նիստի մասին փակագծեր

Սեպտեմբեր 15,2020 14:07

Մարտի 1-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվողներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գլխավոր շտաբի նախկին պետ, 2008թ.-ի դրությամբ՝ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, պաշպանության նախկին նախարար, 2008թ.-ի դրությամբ՝ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով սեպտեմբերի 15-ին դռնփակ դատական նիստում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գույքը կալանքից ազատելու միջնորդության քննությունը:

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին Արամ Վարդևանյանը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի գույքը կալանքից ազատելու միջնորդություն և հայտարարեց. «Խնդրում եմ միջնորդությունը քննարկել դռնփակ դատական նիստում, իսկ թե ինչու, հիմնավորումները կներկայացնեմ դռնփակ նիստում»:

Դռնփակ դատական նիստից առաջ լրագրողները Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանից հետաքրքրվեցին՝ միջնորդությունը գույքի կալանքի վերաբերյալ էր, հետևաբար, ո՞րն էր դռնփակ քննության անհրաժեշտությունը: Փաստաբանը պատասխանեց. «Մի բան հաշվի առեք, երբ միջնորդություն է ներկայացվում դռնփակ քննության, դրա շրջանակներում են ներկայացվում հիմնավորումները: Փակ ռեժիմը ենթադրում է գաղտնիության ռեժիմ բոլորի համար: Եթե ես հիմա ներկայացնեմ, թե ինչ է քննարկվում դռնփակ ռեժիմով, ինքս կխախտեմ քրեական դատավարության օրենսգրքի պահանջը»:

Հարցին՝ գույքի վերաբերյալ տեղեկությունների քննարկումը դռնփակ քննարկելը ի՞նչ գաղտնիություն է ենթադրում, Արամ Վարդևանյանը պատասխանեց. «Հենց քրեական դատավարության օրենսդրությունը նախատեսում է անձնական տվյալներին ուղղակիորեն վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև բանկային գաղտնիքին վերաբերող տեղեկությունը գաղտնի տեղեկություն է: Այլ կերպ ասած՝ պահպանվող տեղեկություն է, որը հենց դռնփակ ռեժիմում քննելու ուղղակի հիմքն է: Այլ հիմքեր՝ պետական գաղտնիք, ազգային անվտանգությանը վերաբերող հարցեր ևս անխուսափելիորեն ենթադրում են այդպիսի ռեժիմ, ինչն օրենքի պահանջ է, ոչ թե հատուկ ցանկություն»:

Հստակեցմանը՝ դատախազները չե՞ն առարկել դռնփակ քննությանը, Արամ Վարդևանյանը պատասխանեց. «Դատախազության դիրքորոշումը ևս ներկայացվել է դռնփակ դատական ռեժիմի շրջանակներում, ուստի կոռեկտ չեմ համարի, որ այսօր դա բացահայտեմ»:

Փաստաբանը տեղեկացրեց, որ որոշումը հրապարակվելու է դռնբաց ռեժիմով:

Հարցին՝ քննությունը դռնփակ իրականացնելու միջնորդություն են ներկայացրել, քանի որ մտավախություն ունեին՝ իրենց պնդմամբ՝ Աննա Դանիբեկյանը բժշկական գաղտնի՞ք էր հրապարակել, Արամ Վարդևանյանը պատասխանեց. «Կհիշեք ԲԴԽ-ն ինչպիսի բծախնդիր մոտեցում ցուցաբերեց հենց Աննա Դանիբեկյանի՝ ենթադրյալ բժշկական գաղտնիքի հետ կապված հարցի շուրջ: Այդ դատական նիստին մասնակցել եմ: Թե′ ՀՀ երկրորդ նախագահի մասով, թե′ Արմեն Գևորգյանի կնոջ մասով մենք այս դատական նիստերի ընթացքում ունեցել ենք բժշկական գաղտնիքի կոպտագույն խախտման դրսևորումներ»:

Հարցին՝ մասնավորապես ի՞նչ է ասել Աննա Դանիբեկյանը, Արամ Վարդևանյանը պատասխանեց. «Իրականում ես ինքս դրանով կխախտեմ բժշկական գաղտնիքը, բայց փաստն այն է, որ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություն, թե′ պարոն Քոչարյանի, թե′ Արմեն Գևորգյանի կնոջ մասին հրապարակվել է՝ կոպտորեն խախտելով օրենքի պահանջը: Ասել է բժշկական էպիկրիզին բնորոշ, դիագնոստիկ հետազոտություններին բնորոշ տեղեկատվություն, պարոն Գևորգյանի կնոջ մասով նշվել էր, որ այն հրապարակման ենթակա չէ»:

Լրագրողները հիշեցրին՝ իսկ դուք չե՞ք ասել, որ դատավորը վիրահատվել է, Արամ Վարդևանյանն արձագանքեց. «Կներեք, ես նիստից հետո կմոտենամ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930