Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ժամանակավորապես հետ շպրտվեց. դասեր բոլորի համար

Սեպտեմբեր 15,2020 22:00

Շաբաթ օրը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Կիպրոս կատարած մի քանի ժամանոց այցից հետո հայտնի դարձավ, այդ թվում՝ արբանյակային մոնիթորինգի արդյունքում, որ թուրքական «Օրուջ ռեիս» հետազոտական նավը Կիպրոսի բացառիկ տնտեսական շահերի գոտուց արագությունը կրկնապատկելով հեռացավ եւ արդեն գտնվում է Անթալիա նավահանգստում։

Այդ չարաբաստիկ նավի ավելի քան մեկամսյա ներկայությունը Կիպրոսի ջրերում աննախադեպ լարվածություն էր առաջացրել ողջ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում եւ կարող էր հանգեցնել տարածաշրջանային պատերազմի։

Էրդողանի եւ նրա կիսաքրեական շրջապատի լկտի եւ ամբարտավան հոխորտանքների շարանից, թուրքական իշխանամետ մամուլում «օսմանյան վերածննդի» մասին ցնդաբանություններ շաղ տալուց եւ շովինիստական վակխանալիայից հետո նման լռակյաց, գլուխը կախելով եւ պոչը քաշելով նահանջն անպատկերացնելի կոնտրաստ է ստեղծում։ Ակնհայտ է, որ Էրդողանի այդ որոշումը պայմանավորված է մի շարք անհաղթահարելի դարձած հանգամանքներով։

«Ինչո՞ւ զոհվել Հունաստանի համար»

1939-ին ֆրանսիացի սոցիալիստ, իսկ որոշ ժամանակ անց՝ կոլաբորացիոնիստ եւ պրոֆաշիստ Մարսել Դեան մի հոդված հրապարակեց. «Pourquoi mourir pour Dantzig?»՝ «Ինչո՞ւ զոհվել Դանցիգի համար»։ Հարցադրումը հռետորական էր, եւ ի սկզբանե ենթադրում էր, որ հանուն «հեռավոր» Լեհաստանի՝ որեւէ ֆրանսիացի չպետք է զոհվի։ Նման ստոր, մորթապաշտ եւ, ինչպես կյանքը ցույց տվեց մի քանի ամիս անց՝ խայտառակ եւ վնասակար պահվածքն այդպիսին չէր թվում, երբ ընդամենը մեկ տարի էր անցել Չեխոսլովակիան Մյունխենում Չեմբերլենի եւ Մուսոլինիի հետ՝ եֆրեյտոր դուրսպրծուկին «բարեհաջող» հանձնելուց հետո։ Ավելին, այն հավակնում էր «հեռատես» եւ «իմաստուն» քաղաքականություն համարվելու…

Իսկ այսօր, փաստորեն, Միջերկրական ծովում մի նոր՝ թերուս, ինքնավստահ եւ ինքնահավան դուրսպրծուկ է ի հայտ եկել, նույն եֆրեյտորի բարքերով, որը հույս ուներ, որ «փտած եւ անբարոյական» Եվրոպան ի վիճակի չի լինի իրեն առարկել, իսկ նախընտրական առօրյայով զբաղված Ամերիկան պարզապես չի ցանկանա միջամտել, մանավանդ, երբ բոլորը կանգնեն կատարված փաստի առաջ։

Սակայն, բոլորի համար բարեբախտաբար, տեղի ունեցավ ուղղակի տրամագծորեն հակառակը. Եվրոպան արձագանքեց կտրուկ եւ միասնական։

Վերախմբագրված 1939-ի հռետորական հարցադրումը, այն է՝ «ինչո՞ւ զոհվել Հունաստանի համար», ամենեւին էլ հռետորական չէ, նախ, հույների համար։ Եվ թե՛ Հունաստանը, թե՛ Կիպրոսը, մնալով հարցերի քաղաքակիրթ եւ խաղաղ լուծման կողմնակից, այնուամենայնիվ, դեռ հուլիսին եվրոպացի դաշնակիցներին կասկածի տեղ չթողնելով՝ թուրքերին միջնորդավորված բացատրեցին, որ հույները կատակ չեն անում, հույները կռվելու են մինչեւ վերջ եւ չեն հանդուրժելու թուրքական որեւէ ոտնձգություն։ Ավելին, հույներն ամենեւին էլ մտադիր չեն զոհվելու, այլ պատրաստ են գրողի ծոցն ուղարկել յուրաքանչյուր զավթիչի, ով կփորձի ներխուժել Էլլադայի ցամաքային, ծովային կամ օդային տարածք։

Հունաստանի եվրոպացի դաշնակիցները, տեսնելով իրավիճակի լրջությունը, եւս իրենք իրենց տվեցին այդ հարցը, թե «ինչո՞ւ զոհվել Հունաստանի համար»։ Իհարկե, ամենեւին էլ զոհվելու կարիքը չկար, որեւէ մեկից զոհ չէր պահանջվում, պահանջվում էր «ընդամենը» սթափություն, համարժեքություն եւ ազնվություն՝ ընդհանուր վտանգն ընդհանուր վտանգ կոչելու, ընդհանուր չարիքը որպես ընդհանուր չարիք ընկալելու համար։

MED7, պլյուս արաբական երկրներ, պլյուս Իսրայել

Հուլիսից թուրքերի ահագնացող լկտիությունը տարածաշրջանում ընդհանրապես, իսկ Հունաստանի եւ Կիպրոսի դեմ մասնավորապես՝ սրտխառնոց էր առաջացնում բոլորի մոտ՝ Եվրոպայից մինչեւ արաբական երկրներ, Հայաստանից մինչեւ Իսրայել։ Սակայն մեկը պետք է գտնվեր, ով իր վրա կվերցներ ողջ պատասխանատվությունը։

Փարիզը պատվով կատարեց իր առաքելությունը, եւ մեկ ամսվա ընթացքում այնպիսի կուռ կոնսոլիդացիա եւ մոբիլիզացիա կազմակերպեց, որ թուրքերին այլ ընտրություն չմնաց, քան նահանջել՝ վատթարագույնից խուսափելու համար։

Նախ, նախագահ Մակրոնը հայտարարեց տարածաշրջանում Ֆրանսիայի ռազմական ներկայության անհրաժեշտության մասին եւ Թուրքիային մեղադրեց լարվածություն հրահրելու մեջ։ Դրանք դատարկ խոսքեր չէին, ասվածն ամրապնդվում էր գործնական քայլերով. «Ռաֆալ» կործանիչներն ու «Լա Ֆայետ» ֆրեգատն օրեր անց արդեն գտնվում էին տարածաշրջանում, նաեւ շրջանառվեց տեղեկություն, որ «Շարլ դը Գոլ» ավիակիրը «ճանապարհին» է։ Այնուհետեւ, Ֆրանսիայի ԱԳ եւ պաշտպանության նախարարները՝ Ժան-Իվ լը Դրիանը եւ Ֆլորանս Պառլին, հայտարարություններով հանդես եկան, ըստ որոնց առկա է թե՛ համապատասխան ուժ, թե՛ այդ ուժը կիրառելու համապատասխան կամք՝ ընդհանուր եվրոպական շահերը եւ միջազգային կարգը պաշտպանելու համար։ Նաեւ, ասվածն ամրապնդվեց ինտենսիվ միջազգային զորավարժություններով։ Ավելին, հույները եւ ֆրանսիացիները բազմամիլիարդանոց ռազմական գործարք կնքեցին, եւ Հունաստանն առաջիկայում ձեռք կբերի 18 «Ռաֆալ» տիպի բազմաֆունկցիոնալ կործանիչներ եւ չորս գերժամանակակից ֆրեգատները։ Եթե մինչ այդ Հունաստանի եւ Թուրքիայի ռազմաօդային եւ ռազմածովային ուժերը կարելի էր համարել համադրելի՝ որոշակի «պլյուսով» հօգուտ Թուրքիայի, ապա սրանով թե՛ քանակապես, թե՛ մանավանդ որակապես Հունաստանը որոշակի գերակայություն է ձեռք բերում։

Այս քայլերը եվրոպացի դաշնակիցներին ցույց տվեցին, որ իրավիճակը եւ մտադրություններն ավելի քան լուրջ են, եւ դեկլարատիվ հայտարարությունների ժամանակներն անցել են, իսկ Մակրոնի Pax Mediterranea-ի գաղափարը վերացական չէ, այլ օրվա հրամայական։ Մինչ այդ եղած բոլոր տատանումները դրվեցին մի կողմ Կորսիկայում, եւ Միջերկրածովյան Յոթնյակի գագաթաժողովը, MED7՝ Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Մալթայի, Հունաստանի եւ Կիպրոսի առաջնորդների մասնակցությամբ՝ եկան միասնական դիրքորոշման. Թուրքիան պետք է անվերապահորեն հեռանա իրեն չպատկանող ծովային տարածքներից, հակառակ դեպքում` սեպտեմբերի 24-25-ին կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը Էրդողանի Թուրքիան կհայտնվի ծանր պատժամիջոցների ներքո։

Եվրոպացիների հետ մեկտեղ, տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում մեծ էր նաեւ արաբական երկրների՝ Եգիպտոսի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ավանդը։ Իրադարձությունները Միջերկրականում համընկան ԱՄԷ եւ Իսրայելի միջեւ պատմական հաշտեցման գործընթացի հաջողության հետ։ Եվ ո՞վ կմտածեր, որ ԱՄԷ ռազմական ինքնաթիռները ժամանելու են Կրետե կղզի, որպեսզի Հունաստանի օդային տարածքը պաշտպանեն թուրքերի ոտնձգություններից, իսկ Եգիպտոսի հետ համատեղ ռազմածովային զորավարժությունները Հունաստանի համար դառնալու են կարեւոր քայլ՝ Թուրքիային զսպելու ընդհանուր գործում։

Ամերիկյան «պարիտետ»՝ հօգուտ Հունաստանի, Կիպրոսի եւ քաղաքակրթության

Թուրքիայի լկտիությունը նաեւ մարտահրավեր է Հյուսիսատլանտյան Դաշինքի միասնությանը եւ ԱՄՆ առաջնորդությանն այդ դաշինքում, եւ Վաշինգտոնում պատշաճորեն ընդունեցին այդ մարտահրավերը։

Վաշինգտոնից հետեւեց երկու քայլ։ Նախ, Կիպրոսը հայտարարվեց որպես ԱՄՆ առանցքային գործընկեր Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում եւ հայտարարվեց Կիպրոսում CYCLOPS ուշագրավ հապավմամբ համատեղ տարածաշրջանային անվտանգության ուսումնական կենտրոնի ստեղծման մասին։ Դրան զուգահեռ, ամերիկյան առաջատար մամուլում հրապարակումներ եղան, որոնցում ուղղակի հարց էր դրվում, թե ո՞ւմ է պետք Ինջիրլիք ռազմաբազան Թուրքիայում, եւ ի՞նչ է ուզում անել Ամերիկան, որ չի կարող անել առանց Ինջիրլիքի եւ թուրքերի, երբ Կրետե կղզուց մինչեւ Պարսից ծոց ամերիկյան ներկայությունն ապահովված է։ Իսկ Մայք Պոմպեոյի կարճատեւ այցը Նիկոսիա դարձավ այն վճռորոշ վերջնական գործոնը, որն Էրդողանին ցույց տվեց, որ պարզապես շանս չկա, նահանջը լավագույն ելքն է, որը թույլ կտա խուսափել բարոյաքաղաքական աղետից։

Ամերիկան պահպանեց հավասարակշռությունը, եւ սա հավասարակշռություն է մի հիմքով, որն օրենքից դուրս է դնում թուրքական մարգինալ լկտիությունը, վերահաստատելով քաղաքակրթությունը եւ այն արժեքները, որոնց հիման վրա ստեղծվել է ՆԱՏՕ-ն։

Դասեր բոլորի համար

Անկասկած, Թուրքիան ժամանակավոր է հետ շպրտվել, մինչեւ սեպտեմբերի 25-ն Անկարան չի նախաձեռնի որեւէ քայլ, որն ավելի կխորացնի սրտխառնոցը Եվրամիությունում։ Էրդողանն այլեւս ձայնը կկտրի «խաչակիր եվրոպացիների կողմից մուսուլմաններին ճնշելու» թեմայով, քանզի արաբները նրան մատչելի կերպով կբացատրեն, թե ով է մուսուլմանը եւ ով ոչ, ովքեր են Իսլամի իրական թշնամիները, ինչն է «հալալը» եւ ինչն է «հարամը»։ Սակայն սեպտեմբերի 26-ից պետք է սպասել թուրքական ոտնձգությունների նոր արարին, Էրդողանը չի կարող մի նոր հիբրիդային ստորություն չսանձազերծել։

Հայաստանն առաջիններից էր, որ իր անվերապահ քաղաքական աջակցությունը հայտնեց Հունաստանին եւ Կիպրոսին, որոնք դիմագրավում են Թուրքիայի նեոօսմանական նկրտումներին։ Կիրակի օրը Կահիրեում Հայաստանի ԱԳ նախարարը Երեւանի աջակցությունը հայտնեց նաեւ Եգիպտոսին։ «Կողմնորոշվում» է նաեւ Բաքուն, Ալիեւը Հունաստանի դեսպանին հայտնեց իր «զայրույթը» Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռանկյունու գործունեության կապակցությամբ։ Իսկ երկուշաբթի օրվանից մեկնարկում է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նոր փուլը։

Հայաստանի քայլերը միանգամայն օրինաչափական են, բխում են իրավիճակի տրամաբանությունից ու մեր ազգային անվտանգության շահերից։ Սակայն անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել Միջերկրածովյան դասերը, որոնք, ինչպես տեսնում ենք՝ բոլորի համար են։

Դրանք շատ պարզ են։ Նախ, անվտանգությունն ընդհանուր է, եւ ցանկացած նեոկայսերապաշտ լկտիություն մարտահրավեր է առանց բացառության բոլորի համար, ուստի մարտահրավերին պետք է հետեւի համարժեք ընդհանուր պատասխան, այդ թվում՝ ուժի դիրքերից, ընդհուպ մինչեւ ուղղակի ուժային։ Երկրորդը, ուժը, կամքը եւ դիվանագիտությունը ճիշտ համադրության պարագայում ընդունակ են կարգի հրավիրելու ցանկացած ավտորիտար դուրսպրծուկի, պարզապես մինչ այդ անհրաժեշտ է իրերը կոչել իրենց անուններով եւ չզբաղվել երեսպաշտությամբ՝ հույսով, որ կլինի սեփական օգուտը կորզել ի հաշիվ այլոց ապագա ողբերգության։ Երրորդը, տրանսատլանտյան դաշինքը ոչ միայն այլընտրանք չունի, այլեւ ունի մեծ, դեռ չբացահայտված ներուժ, հատկապես Մերձավոր Արեւելքում, եւ ամենեւին էլ այնպես չէ, որ «Թուրքիան անփոխարինելի է»։ Եվ չորրորդը, Հայաստանի ինքնիշխան, բոլոր ուղղություններով պրոակտիվ քաղաքական կուրսը լավագույնն է, եւ դրա առավելությունները դեռ նոր են բացահայտվելու, աշխատել է պետք, Հայաստանը պատմության ճիշտ կողմում է։ Բայցեւ, հիմնական փորձություններն, ըստ ամենայնի, դեռ առջեւում են։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարը՝ Middle East Eye

«Առավոտ» օրաթերթ
15.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930