Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գիտնականը՝ Ագաթանգեղոսի բաջանաղի, Գոգյանի եւ գորշ կրթագիտական հետագիծ ունեցող նախարարի մասին

Սեպտեմբեր 15,2020 13:12

Կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանը, որը 10 տարի է՝ աշխատում է Թայվանում, իր հրապարակախոսական հոդվածներում ստորագրում է  «Երեւանի նախկին ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից», պատասխանում է Aravot.am-ի հարցերին:

-Ձեր ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ հերթական անգամ փորձում եք օգնել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին, ստորագրահավաք էիք առաջարկում կազմակերպել` ի պաշպանություն նրա:

-Ավելի ճիշտ՝ վերջին անգամ: Առաջարկում էի ստորագրահավաք կազմակերպել: Ես տալիս էի գաղափարը, թե ինչ պետք է պահանջել: Կազմակերպելը իմ գործը չէ, դա տեխնիկական խնդիր է և ծրագրավորողները պետք է անեին:

-Եվ ի՞նչ, որևէ արդյունք կա՞:

-Այո, կա: Հասկացա, որ անհույս բան եմ նախաձեռնել: Մի անգամ չէ, որ դիմում եմ Սմբատի ընկերներին: Մինչև 2600 դիտում է լինում և զրոյական արդյունք: Փողոցում խուլիգանավարի վրա են քշում Սմբատի վրա: Ասում եմ՝ տղա եք, պահեք ձեր ընկերոջ թիկունքը: Բացատրում եմ, թե ում փողերին է «կպել» իր քայլերով և ինչքան է վտանգի չափը՝ նույն զրո արդյունքը: Հիմա ասում եմ տակտիկական քայլ արեք, ամսի 16-ին ԼՀԿ-ն ինչ որ բան է նախաձեռնել, որը ոչ մի արդյունքի չի բերելու: Մեծամասնությունը հանգիստ մերժելու է իմ համար արդեն զզվելի դարձած «աննախադեպ, լեգիտիմ» և էլի մի քանի նման բառեր արտասանելով: Նորից 1000-ի չափ դիտումներ և զրո արդյունք: Զբաղված են իրենց հայհոյողների հետ սելֆիներ անելով, ինչ որ դպրոցական խնդիրներ քննարկելով:

-Իսկ ավելի կոնկրետ ի՞նչ էիք առաջարկում:

-ԿԳՄՍ սուպեր-նախարարություն «մոգոնելը» ակնհայտ վտանգավոր և դժվար լուծվող պրոբլեմ էր, որ ստեղծեցին թե իրենց, թե ժողովրդի գլխին: Ստեղծել նախարարություն, որտեղ շահառու է երկրի բնակչության ամենաքիչը 80 տոկոսը՝ չարդարացված ռիսկային քայլ էր: Որոշ մարդիկ դա հասկանում էին ի սկզբանե, մեծամասնությունը դրանում համոզվեց հիմա: Թե ստեղծելու պահին, թե հիմա կողմնակիցների թիվը փոքրամասնություն է կազմում: Չունենալով թիմում նման հզոր անհատականություն, որը կարող էր համակարգել այդ բոլոր ուղղությունները՝ սա պարզապես գռեհիկ մարտահրավեր էր բոլոր շահառուներին:

Մի կողմ թողնենք, որ ես արդեն ինձ թույլ չեմ տա այդ նախարարի հետ քննարկել ԿԳՄՍ հապավման մեջ եղած որևէ ուղղություն, որովհետև դա անիմաստ ժամանց կլինի: Տարրական կազմակերպչական բան, եթե ամեն մի ուղղությանը վերաբերվող ընթացիկ թղթերը ստորագրելուց առաջ ընդամենը ծանոթանա, ոչ թե հասկանա՝ նախարարին ուրիշ բաների համար պարզապես ժամանակ չի մնում: Իսկ այդ անասելիք և բավականին գորշ կրթագիտական հետագիծ ունեցող նախարարը չգիտես ինչու և ինչպես՝ մեկ Ծիծեռնակաբերդի հրդեհի մարման աշխատանքներին է մասնակցում, գյուղական դպրոցից տերտերին «լարելուց» հետո խաչը ձեռքին քավորություն է անում, իսկ սիմֆոնիկի հետ դիրիժորական խեղկատակությունը, որը նրա մշակութային միակ սխրանքն էր՝ գյուղական ինքնագործունեությունից էլ ցածր թամաշա էր:

Գործ ունենք սխալ ձևի և բովանդակության ֆանտաստիկ համադրության հետ: Դրան ավելացավ դիսկուրսի ստորագույն մակարդակը, ինչը «հրամցրեց» չձևավորված քաղհասարակությունը՝ մարդ ամաչում էլ է նշի, թե ովքեր են խոսում գիտակրթական համակարգից: Ու ողբերգությունն այն է, որ արդեն ով էլ խոսի՝ միևնույն է, դիսոնանսի մեջ չի, քանի որ քննարկումների մակարդակը շրիշակից էլ ներքև է:

ԲՈԿ –ԿԳՄՍ- ՀՊՏՀ կոնֆլիկտը, ինչը այսքան չէր ուռճանա, եթե գնային հայտնի ճանապարհով, սրվեց Գոգյանի աշխատանքից հեռանալու դիմումով: Չգիտեմ, ում հետ էր նա քննարկել դիմում տալուց առաջ, բայց պարզ է գոնե ինձ համար, որ արդյունավետ քայլ չէր: Վերջիվերջո աշխատանքային օրենսդրությունը թույլ է տալիս դիմում գրելուց հետո որոշակի ժամանակ անց դուռը փակել և հեռանալ, անկախ նրանից՝ ստորագրել է վերադասը, թե ոչ: Իսկ դա չարվեց, ինչը ընդգծում է կոնֆլիկտի անիմաստությունը:

-Ի՞նչ է նշանակում կոնֆլիկտի ուռճանալը և ո՞րն է այդ հայտնի ճանապարհը:

-Խոսքը տնտեսագիտական համալսարանի վերջին երկու ռեկտորների դոկտորականների շուրջ վեճի մասին է: Նրանցից մեկին ԲՈԿ-ը զրկեց, մի քանի օր հետո էլ ԿԳՄՍ-ն վերադարձրեց կոչումը: Ու խոսքը գրագողության մասին էր, որին մասնակցում էին առաջին կուրսի միջակ ուսանողներ, ինչ որ սեմինարավարներ և ոչ մի գիտնական-տնտեսագետ, եթե այդպիսիք ընդհանրապես կան Հայաստանում: ԲՈԿ-ը, ինչպես ամբողջ աշխարհի ճնշող մեծամասնությունում գործող նմանատիպ կազմակերպությունները, առաջին հերթին պետք է ստուգի ֆորմալ մասը, որպեսզի որոշի, թե աշխատանքը արժանի է հայցվող գիտական աստիճանին, թե ոչ:

Դրա մեջ մտնում են պարզագույն ստուգվող բաներ, այդ թվում տպագրված աշխատանքների քանակը և ամսագրերի որակը: Ամսագրերի որակը որոշվում են անկախ ԲՈԿ-ից և լուրջ գիտահետազոտական կենտրոններում, ինչպիսիք 2-3 հատ են ամբողջ աշխարհում և բնականաբար Հայաստանում չկան և կարիք էլ չկա, որ լինեն: Պարզապես պետք է օգտվել նրանց աշխատանքի արդյունքներից և ուրիշ, արդեն կայացած գիտություն ունեցող երկրների փորձից: Խոսքը, օրինակ, Web of Science-ի և Scopus-ի մասին է: Սրանք «տեսակավորել» են գոյություն ունեցող տասնյակ հազարավոր գիտական ամսագրեր, բաժանել խմբերի, իրարից տարբերվող թվային բնութագրեր տվել: Չեմ օգտագործում իմպակտ ֆակտոր, հ-ինդեքս և նման բառեր, որովհետև հերթական թերի միջնակարգ կրթություն և մասնավոր դուքյանից առած դիպլոմ ունեցող հայրենասերը անպայման մեծ միտք պետք է ասի՝ բա նրանց համար տեղ չթողնե՞նք: Ամբողջ աշխարհում օգտվում են այդ բազաներից և իրենց երկրի ներքին խնդիրներից, զարգացման մակարդակից կախված շեմեր են հաստատում: Այսինք, եթե դու հավակնում ես որևէ գիտական աստիճանի, պետք է ունենաս այդ ցուցակներում եղած ամսագրերում տպագրված որոշակի քանակությամբ հոդվածներ: Ըստ մասնագիտությունների բաժանված են տարբեր խմբերի, որպեսզի անորոշություն չթողնեն ֆիզիկան աշխարհագրության հետ համեմատելու անիմաստ պահանջով:

Եթե տվյալ երկրի լեզուն մտած չէ համաշխարհային լեզուների մեջ և նրա համար լեզվաբանության գծով միջազգային ամսագրեր չկան՝ դա էլ է լուծվում: Եթե երկրում կա երկու գիտական աստիճան՝ թեկնածուական և դոկտորական, ինչպես Հայաստանում է, դոկտորականի համար հաշվի են առնում հղումների թիվը:

Տնտեսագիտական համալսարանի երկու ռեկտորն էլ զրոյական արդյունք ունեն՝ ոչ մի հոդված իմպակտ ֆակտոր ունեցող ամսագրում և ծիծաղելի մի քանի հղումներ: Ի՛նչ գիտություն, ի՞նչ դոկտորական՝ զրոյական աշխատանքներ: Փոխանակ գնան արդեն ընդունված և հասկանալի ճանապարհով՝ ընկել մտքի գող են ման գալիս մի տեղ, որտեղ միտք չկա: Եվ բնական էր, որ գրագողության դատարկաբանությունը տանելու էր փակուղի:

-Դուք ի՞նչ եք առաջարկում:

-Եկեք նախորդ հարցն ավարտենք, նոր՝ առաջարկների մասին հետո: Կրթագիտական մոնստրի վերածված համակարգը զրոյական օգտակար գործակից ունի, բազում պրոբլեմներ լցվել են իրար վրա: Հիմա ԱԺ-ում սկսվելու է սուտի գողականից մինչև էլեկտորալ կրետինիզմից եկող «քեզ ինչ, լեգիտիմ եմ» նշաձողը հասնող մտքերով քննարկում: Ես չեմ ընդունում կուրթանեցի մեխակների ձայները որպես ապացույց օգտագործվող փաստարկները գիտության ու կրթության բնագավառում: Սուտի գողականներն էլ սկսելու են պահանջել, որ Ագաթանգեղոսի բաջանաղի անունը պատմության դասագրքերի մեջ մտցնեն, որովհետև «ինքը ճիշտ տղա յա ըլե, ժանգոտ խարտոցով հարևանին ծակել ա»: Սա մոտավոր սցենարն է, ականատես կլինենք:

Առաջարկս Գոգյանի ընկերներին և նրանց միջոցով «ազգի ջոջերին» հետևյալն էր: Պրոբլեմները շատ են, խճճված և լուծումներ չունեք: Որպեսզի կեղտաջրի հետ երեխային էլ դեն չնետեք՝ առաջարկում եմ 1 տարի թողնել, որ Գոգյան Սմբատը աշխատի ԲՈԿ-ում: Եթե արդյունք չտվեց՝ դիմումը ձեր մոտ է, հանգիստ կստորագրեք: Էս մի հարցը հանելով թեթևանում է ձեր բոլորի վիճակը: Սա պարզապես խնդիրը գոնե մի քիչ պարզեցնելու առաջարկ է: Բայց ոչ մեկը տեղից չշարժվեց, իսկ իմ ձայնը մեծ մտածողներին չի հասնում:

-ԱԺ գիտության, կրթության հանձնաժողովից հույս չունե՞ք:

-Նախորդ իշխանությունների օրոք էլ ոչ մեկից հույս չունեի, բայց կանգնում էի նրանց դեմ ու հայտարարում, որ երկրում դիկտատուրա է: Կարող եք դա գտնել նաև ձեր թերթի իմ հոդվածներում: Այն ժամանակ էլ ես էի մենակ, բայց ասում էի: Այսօրվա քաջերի մի մասը այն ժամանակ էլ երեխա չեր, բայց չեմ հիշում որևէ մեկի «քայլը»: Թե ձևով, թե բովանդակությամբ նրանք ԿԳՄՍ իդեալական արտացոլումն են: Ի՞նչ հույս, որ հակակշիռ դառնա՞ն: Դրա համար եմ առաջարկում, միակ ընդունակ մարդուն մեկ տարի ժամանակ տվեք: Թող գնան իրենց համար չափորոշիչներ քննարկեն, Ագաթանգեղոսի բաջանաղին:

Իմ մանկության տարիներին մի հեքիաթ կար, որ շատ էի սիրում: Դանիացի գրող Յենս Սիգսգորդի «Պալեն մենակ է աշխարհում»: Մենք չգիտեինք, թե ինչ բան են չափորոշիչները, պարզապես գնում էինք դպրոց, մի քանիսը նույնիսկ հեքիաթ էր կարդում: Հիմա «Սմբատը մենակ է աշխարհում» այսպես կձևակերպեմ: Նույնիսկ ԱԺ ձեր նշած հանձնաժողովի այն անդամը, որի դոկտորականը չէր համապատասխանում համեստ հայկական ստանդարտներին և «պլստաց», նույնիսկ նա չի պաշտպանելու Սմբատին: Բայց ես դեռ սաղ եմ, մի քանի օր էլ կսպասեմ:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարը՝ Սասուն Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930