Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գումար պահանջելու շուրջ վիճաբանությունն ավարտվել էր սպանությամբ. Գառնի գյուղի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել

Սեպտեմբեր 15,2020 13:17

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ավարտվել է Գառնի գյուղի 33-ամյա բնակչի կողմից շուրջ 2 տարի առաջ ընկերոջն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. նոյեմբերի 1-ին  Գառնի գյուղի 33-ամյա բնակիչը՝ ընկերոջ՝ 33-ամյա համագյուղացու և մի քանի այլ ընկերների հետ, ճաշել են Կոտայքի մարզի Գողթ համայնքում գործող ռեստորանային համալիրում: Խնջույքի ավարտից հետո՝ ժամը 17:00-ի սահմաններում, 33-ամյա տղամարդու և վերոնշյալ ընկերոջ միջև վերջինիս կողմից գումար պահանջելու հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում նշված համալիրի ավտոկայանատեղիում 33-ամյա տղամարդը երկու անգամ հարվածել է ընկերոջ քթին և աչքին: Այնուհետև վերջինիս և մյուս համագյուղացու  հետ միասին իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Գառնի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում ավտոմեքենայի մեջ վիճաբանությունը շարունակվել է:

Հասնելով Գառնի գյուղի Գեղարդի խճուղու 2-րդ փակուղում գտնվող շինության մոտ՝ 33-ամյա տղամարդը ընկերոջը հարվածներ հասցնելու նպատակով կտրուկ կայանել է նշված ավտոմեքենան, և երբ վերջիններս դուրս են եկել ավտոմեքենայից, հարվածներ է հասցրել 33-ամյա ընկերոջ գլխի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Հանցավոր արարքը թաքցնելու նպատակով 33-ամյա տղամարդը՝ համագյուղացու հետ, տուժողին տեղափոխել են «Գառնի առողջության կենտրոն», որտեղ խեղաթյուրելով դեպքի իրական հանգամանքները՝ 33-ամյա տղամարդը կենտրոնի աշխատակիցներին հայտնել է, թե իբր ընկերը թունավորվել է մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելու հետևանքով և կորցրել գիտակցությունը: Վերջինս նշված կենտրոնի աշխատակիցների նախաձեռնությամբ, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», որտեղ ստացած մարմնական վնասվածքներից 2018թ. նոյեմբերի 11-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գառնի գյուղի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

33-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930