Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լենա Նազարյանն ընդդիմության դեմ փաստեր է հավաքել. «Ապակողմնորոշել եք, իրարամերժ բաներ ասել»

Սեպտեմբեր 15,2020 11:40

ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով, եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծն այսօր ներկայացվեց խորհրդարանի նիստում: «Ըստ նախագծի՝ նախաձեռնողներն առաջարկում են, որպեսզի հանձնաժողովն ունենա 12 անդամ, 7-ը՝ «Իմ քայլը», 3-ը՝ «Բարգավաճ Հայաստան», եւ 2-ը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից»,-զեկուցեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հետաքրքրվեց՝ քննիչ հանձնաժողովը քննարկելո՞ւ է ընդդիմության հայտարարություններն ու գործողությունները, որոնք եղել են հակասական, իրարամերժ, միտված են եղել մեկ օրվա լրահոսում երեւալուն եւ տարբեր անհարմարություններ կրող մարդկանց բարեհաճությունը վայելելուն. «Մասնավորապես, ընդդիմությունն ասում էր, որ Իտալիայի եւ Իրանի հետ սահմանը պետք է փակել, հետո ասում էր, որ կարանտինը կխանգարի սահմանների բացմանը: Ասում էր, որ խորհրդարանը պետք է չաշխատի, հետո՝ բողոքում, որ պատգամավորները դիմակ են կրում…համավարակի հաղթահարման գործում ընդդիմության վնասակար վարքագիծը գնահատվելո՞ւ է»:

Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Հարցը կապ չուներ որոշման նախագծի հետ, բայց պատասխանեմ: Հարցում կան գնահատողական դատողություններ եւ խեղաթյուրված տեղեկատվություն: Երբ ասում էինք Իրանի սահմանն ու Իտալիայի չվերթները փակել, դա պետք է արվեր հենց այդ պահին, երբ Հայաստան էին գալիս վարակակիրներ, իսկ մեր երկրում դեռեւս չկային վարակակիրներ: Իսկ մարտին, երբ կոչ էինք անում սահմանները բացել, արդեն այլ իրավիճակ էր, եւ պետք էր բացել: Ես չեմ հիշում որեւէ ընդդիմադիր պատգամավորի, որն ասել է, թե խորհրդարանում դիմակ չպետք է դնել: Հակառակը, ասվել է, որ ԱԺ նախագահը չի կարող պատգամավորին հեռացնել դահլիճից՝ դիմակ չկրելու համար: Այդ պատգամավորը մինչեւ օրս դիմակ չդնելու պատճառով չի գալիս նիստերին»:

Լենա Նազարյանը շարունակեց. «Գործընկերներիս կտրամադրեմ բոլոր այն փաստերը, որոնք հավաքել եմ այս ընթացքում ընդդիմության գործունեության առնչությամբ: Ես ունեմ փաստեր, որ ընդդիմությունն այնքան հակասական, ապակողմնորոշող տեղեկություններ է հայտնել հանրությանը, որ ավելի շատ վնասել է համաճարակի դեմ պայքարին, քան օգնել»: Մարուքյանը նկատեց. «Երբ ասում եք ընդդիմություն, պետք է նշեք, թե ում նկատի ունեք: Ըստ օրենքի՝ «Իմ քայլից» բացի, բոլոր ուժերը ընդդիմություն են հանդիսանում: Անուններ կտաք՝ իմանանք, թե այդ ով է խանգարել համավարակի դեմ պայքարին»:

«Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանն էլ ընդգծեց. «Կարծում եմ՝ պարզ է, որ ԱԺ-ի ընդդիմության մասին է խոսքը, որի հայտարարությունները նպաստել են, որպեսզի մարդիկ անլուրջ վերաբերվեն սահմանափակումներին, օրինակ՝ դիմակներին: Հիշում ենք հայտարարությունները, որ բարի մարկանց վիրուսը չի կպնում: Պատգամավորներից մեկն էլ հրաժարվում էր դիմակ կրել»:

Մարուքյանը պատասխանեց. «Նախարար Արսեն Թորոսյանն ասուլիսի ժամանակ կատակում էր, թե նոր է վերադարձել այսինչ երկրից, եւ հիմա բոլորին կվարակի, կամ՝ լրագրողին ասում էր, որ դիմակը նրան վարակվելուց չի փրկի, եւ այդպիսով հակաքարոզչություն էր անում: Հիշում եմ նաեւ «կորոնավիրուսն ում շունն է» հայտարարությունը: Այս ամենն արել են իշխանության ներկայացուցիչները»:

Ապա Զոլյանը հետաքրքրվեց. «Շատ երկրներում համավարակը չի ավարտվել: Քննիչ հանձնաժողով ստեղծելն ավելի ճիշտ չէ՞ր լինի կազմակերպել այն ժամանակ, երբ աշխարհում ավարտվի համավարակը»: Մարուքյանը հակադարձեց՝ խորհրդարանը նաեւ ընթացիկ մշտադիտարկում կարող է անել. «Պետք չէ սպասել համավարակի ավարտին, որովհետեւ այն կարող է չավարտվել»:

Դառնալով Լենա Նազարյանի ասածին՝ Մարուքյանը շեշտեց, որ ինքն էլ հավաքել է մարդու իրավունքների ոտնահարումներին վերաբերող տեղեկությունները, որոնք կփոխանցի հանձնաժողովին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930