Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 83 տարվա պատմություն ունեցող հայկական թատրոնի շենքի տեղում կառուցվում է նորը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 15,2020 11:36

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գործող Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքը 2017 թվականից սկսել է հիմնանորոգել: Այսօր այն արտաքինից գրեթե պատրաստ է, կատարվում են ներքին հարդարման աշխատանքները:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ 2021 թվականի գարնանը այն արդեն լիովին պատրաստ կլինի ներկայացումների համար: Արագ տեմպերով սկսվել են ներքին հարդարման աշխատանքները. նոր բազկաթոռներն արդեն Թբիլիսիում են, մոտ օրերս կլուծվի նաեւ ներքին լուսավորման հարցը:

Թատրոնը 10 եւ ավելի տարի չի գործել սեփական շենքում, սակայն ստեղծագործական աշխատանքները երբեք կանգ չեն առել: Ավելի քան 83 տարվա պատմություն ունեցող թատրոնի նախկին շենքը գտնվել է նույն տեղում՝ Թբիլիսիի ամենահին թաղամասերից մեկում՝ Հավլաբարում: Վթարային շենքը սարսափելի վիճակում է եղել, եւ երբ որոշել են ամրապնդում անել, որպեսզի գոնե անվտանգ լինի այնտեղ աշխատելը, պարզվել է, որ հնարավոր չէ, քանի որ սարսափելի շատ ու խոր ճեղքեր են եղել: Որոշվել է նույն տեղում կառուցել նոր շենք:

«Մենք տարածք չենք կորցրել, 12 նոր օթյակ ենք ունենալու: Մեծ դահլիճից բացի, ձեռք ենք բերել նաեւ 140 տեղանոց փոքր դահլիճ»,- ասաց գեղարվեստական ղեկավարը եւ նկատեց, որ նորակառույց շենքը հագեցած է լինելու ժամանակակից բոլոր հնարավորություններով, իր մեծ եւ փոքր դահլիճներով, բեմով ու լուսավորությամբ:

«Այս տարիների ընթացքում բուռն ստեղծագործական աշխատանք ենք ունեցել, աշխատել այնպես, ինչպես Վրաստանի մնացած թատրոնները: Տարեկան ունեցել ենք մոտ 70 ներկայացում եւ 4-ից 5 պրեմիերա: Սակայն միակ խնդիրը տարածքն է եղել՝ Վրաստանի այլ թատրոններում ենք հանդես եկել: Իհարկե՝ մեն ունենք մեր մշտական այցելուն, մեր հանդիսատեսը, բայց կողքի թատրոններ սկսել են դժվար են գալ: Սա էլ երեւի ազգային բան է, ուզում են իրենց տանը լինել»,- նկատեց Բայանդուրյանը:

Թատրոնում պատրաստվում էին հոկտեմբերի մեկից ներկայացումներ խաղալ, սակայն Վրաստանում թատրոնների գործունեությունը կրկին հետաձգվել է: Եթե կորոնավիրուսը Վրաստանում կրկին գլուխ չբարձրացնի, ապա նոյեմբերի մեկից տեղի բոլոր թատրոնները կսկսեն գործել իրենց բնականոն հունով:

Իսկ ինչ վերաբերում է շինարարությանը, ապա Արմեն Բայանդուրյանը վստահեցրեց՝ այն ոչ մի վայրկյան կանգ չի առել. «Գեղեցկություն է ծնվում մեզ հետ, մեր աչքի առաջ»:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930