Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փաթեթով սեպտեմբերի 11-ից Հայաստանում արտակարգ դրությունը փոխարինվեց կարանտինով՝ մինչև 2021թ. հունվարի 11-ը ներառյալ: Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը նշված փոփոխության առումով մի քանի պատճառ է առանձնացնում: «Ինձ մոտ տպավորություն է, որ գործող իշխանությունն ուղղակի COVID-ի ակտիվ ժամանակահատվածում տեսել է, որ օտարերկրյա պետություններում հայտարարել են կարանտին, և, մտածելով, որ արտակարգ դրությունն արդեն մի տեսակ ամոթ է երկարաձգել, որոշել է վերոնշյալ ճանապարհով գնալ. արտակարգ դրությունն այդքան երկարաձգելով՝ ոչ միայն խեղաթյուրում էր արտակարգ դրության իրավական ռեժիմի իմաստը, այլև ակնհայտ էր արդեն դառնում, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է բացառապես հավաքների ազատությունը սահմանափակելու և դիմակների պարտադիրության բաղադրիչը պահպանելու համար:
Այդ իսկ պատճառով, կարծում եմ, իշխանությունը որոշեց ցույց տալ, որ ավելի մեղմ վարչական ռեժիմի է անցնում: Իսկ իրականում, ըստ էության, ընդունված օրենքն արդեն ցույց է տալիս, որ հայտարարված կարանտինն ու արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանափակումների առումով իրարից ոչնչով չեն տարբերվում: Եթե նույն՝ դիմակ կրելու պարտադիրության պահանջը նախկինում սահմանվում էր պարետի կողմից, հիմա այդ նույն որոշումը վերցրել են, վերնագիրը փոխել ու անունը դրել առողջապահության նախարարի հրաման»,- «Փաստի» հետ զրույցում նշեց իրավաբանը:
Նրա խոսքով, արտակարգ դրության ռեժիմն ավելի խիստ վարչական ռեժիմ է ենթադրում և այն, առհասարակ, երկար ժամանակ չի էլ պահպանվում. «Տպավորություն էր, որ կարանտինը, որը փոխարինելու էր արտակարգ դրության իրավական ռեժիմին, ավելի մեղմ սահմանափակումներ պետք է ներառեր, մինչդեռ սահմանափակումների տարբերություն չկա: Բայց երբ մինչև հունվարի 11-ը կարանտին է հայտարարվում, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ սա ոչ լեգիտիմ ևս մեկ գործիք է անընդհատ սահմանափակելու բողոքի ակցիաները, լռեցնելու այն ձայները, որոնք կարող են հնչել իշխանությունների ապօրինի գործողությունների դեմ: Փոխել օրենք, օրենքով սահմանել մի ռեժիմ և այդ ռեժիմը դնել ավտոմատ կիրառելիության մեջ՝ ինձ համար առնվազն անհասկանալի է»:
Նա շեշտեց, որ արտակարգ դրությունը հայտարարված էր ոչ թե օր առաջ համաճարակը կանխելու, վարակման տարածումը նվազեցնելու, այլ հստակ սահմանափակումների համար. «Եթե նախորդ հինգ ամիսները համեմատության մեջ դնենք ու ուսումնասիրենք, թե ինչ կոնկրետ քայլ է կատարել կառավարությունը համաճարակի տարածումը կանխելու համար, ոչ ոք չի կարող նման քայլ ցույց տալ: Գործողությունը սահմանափակված էր բացառապես անձանց ապօրինի կերպով դիմակ կրել պարտադրելու մեջ և ուրիշ ոչնչի: Իսկ միայն դիմակով ու ձեռնոցով քայլելու պարտավորությունը դեռ չի նշանակում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։