Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոչանքը լցվում էր գետը. տեսչականն ասեց՝ ամեն ինչ նորմալ է, մինչդեռ կենդանական աշխարհը սատկել էր». Գորգիսյան

Սեպտեմբեր 15,2020 11:05

Տեսչական մարմինները տնտեսվարողների գործունեությունը կկարողանան կասեցնել տեղում՝ գործող տնտեսվարողների դեպքում մեկ տարի անց, իսկ օրենքի ընդունումից հետո գործունեություն սկսող տնտեսվարողների դեպքում՝ անմիջապես: Նման գործիքակազմ է սահմանում «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որն այսօր ԱԺ-ն քննարկում էր առաջին ընթերցմամբ:

Ինչպես զեկուցեց վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ ներկայումս տեսչական մարմնի կասեցման ակտը չեղարկվում է, եթե տնտեսվարողը դիմում է դատարան, իսկ փոփոխությունների արդյունքում ակտը կգործի մինչեւ դատարանի վճիռը:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը մտահոգվեց՝ սուբյեկտիվ գործոնը նվազագույնի հասցնելու համար ի՞նչ է արվել. «Այն վատ բանը, որ մտածում եմ, հուսամ՝ ներկա կառավարությունը չի անելու, բայց հաջորդիվ հնարավոր են դեպքեր, երբ ուղղորդված կասեցումներ լինեն եւ այս կամ այն հանքը, ընկերությունը հանձնվի թիմակցին կամ ավելի մտերիմ մարդու»: Արթուր Ասոյանը պատասխանեց՝ ապօրինությունները բացառելու համար միայն տասը դեպք է սահմանվում, ընդ որում՝ տեսչական մարմիններին իրավունք է տրվում կասեցնելու ոչ միայն տնտեսվարողի գործունեությունը, այլ կոնկրետ գործողությունը, օրինակ՝ ձկնաբուծարանի կողմից իրականացվող ջրառը. «Կամ, կասեցումը կարող է լինել, եթե չկա ՇՄԱԳ փորձաքննություն: Այն կամ լինում է, կամ ոչ, այլ դեպք չկա»:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ կասկածի տակ դրեց ստուգող մարմնի հմտությունները. «Տարիներ շարունակ եղել են դեպքեր, երբ տեսչական մարմինը ստուգում է, ակնհայտ խախտումները չի հայտնաբերում: Պատճառներն ուսումնասիրե՞լ եք: Գուցե հանքարդյունահանողների կողմից կոռուպցիոն սխեմանե՞ր են եղել»: Արթուր Ասոյանը պարզաբանեց՝ տեսուչը ստուգում է ըստ սահմանված ստուգաթերթի հարցաշարի. «Մինչեւ ստուգաթերթիկները՝ ոնց պատահի, այդպես են ստուգել, իսկ հիմա ստուգումներն արվում են ըստ ռիսկայնության»:

Գորգիսյանը շարունակեց. «Մտահոգ եմ՝ խախտումների հետեւից կգնա՞ն: Տիկին Լենա Նազարյանը կհիշի՝ 2017թ.-ին միասին գնացել էինք տեսնելու, թե ինչպես է պոչամբարից պոչանքը գետը լցվում: Տեսչական մարմինը գնաց, եկավ ու ասաց՝ ամեն ինչ նորմալ է, իսկ գետում ողջ կենդանական աշխարհը սատկել էր արդեն: Բնապահպանները բողոքում են, որ տեսչական մարմնի նման գործելաոճը շարունակվում է»: Արթուր Ասոյանը շեշտեց՝ խնդիրները խորքային են, եւ հնարավոր միջոցներով փորձում են լուծումներ գտնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930