Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթական կեղծ եւ իրական օրակարգեր

Սեպտեմբեր 15,2020 10:00

Կրթության համակարգի վերաբերյալ քննադատությունը կարելի է բաժանել երեք տեսակի.

ա/ իրական կազմակերպչական խնդիրների եւ բացթողումների քննարկում, եւ այստեղ իրականում մեր գործերը փայլուն չեն,

բ/ ապատեղեկատվության տարածում եւ դրա հիման վրա «ազգային-ազատագրական» ոգով քնարական զեղումներ,

գ/ իսկապես վիճելի հարցերի շուրջ բանավեճ, որը, ճիշտ է, ոչ միշտ է կառուցողական ընթացք ստանում:

Ուսումնական տարվա սկիզբը բազմաթիվ հարցեր է առաջացրել աշակերտների ծնողների եւ ուսուցիչների, ինչպես նաեւ ուսանողների եւ դասախոսների մոտ, եւ այդ հարցերին համոզիչ պատասխաններ չեն տրվում: Ես, ճիշտն ասած, այդպես էլ չհասկացա, թե ինչու ուսումնական տարին սկսվեց սեպտեմբերի 15-ին, ոչ թե սեպտեմբերի 1-ին: (Ոմանք նաեւ առաջարկում էին սկսել ավելի շուտ՝ հաշվի առնելով, որ նոյեմբերին կամ դեկտեմբերին Հայաստանում կարող է համավարակի նոր ալիք առաջանալ, եւ պետք կլինի դարձյալ դադարեցնել առկա ուսուցումը): Այնուհետեւ՝ արդյոք դասավանդման այն մեթոդները, որոնք համավարակի պայմաններում առաջարկվում են տարրական դասարաններում, տեխնիկապես իրագործելի՞ են, եւ եթե դա նույնիսկ այդպես է, արդյոք դրանք արդյունավե՞տ են:

Ի՞նչ դասեր կարելի է քաղել հեռավար ուսուցման անցած կես տարվա փորձից: Արդյոք իրեն արդարացրե՞լ է բուհական ընդունելության նոր կարգը: Այս հարցերի հնչեցումն իշխանական թիմի մոտ անհարկի նյարդային ռեակցիա է առաջացնում, եւ արձագանքն էլ մոտավորապես հետեւյալն է՝ «լավ ենք անում, ձեր աչքն էլ հանում ենք»:

Ինչպես որ ընդդիմության որոշ մասի քարոզչությունը հասարակությանը համոզում է, թե Ստամբուլի եւ Լանզարոտեի կոնվենցիայում իբր գրված է, թե Հայաստանը պարտավորվում է թույլ տալ միասեռական ամուսնությունները, այնպես էլ կրթության «ազգային» քննադատները վստահեցնում են, որ առաջին դասարանի դասագրքերում այսուհետ երեխաներին ներկայացվելու են սեռական կյանքի մանրամասները, կամ՝ որ հայոց այբուբենի մասին նյութում չի հիշատակվում Մեսրոպ Մաշտոցի անունը: Նման մերկապարանոց «քննադատություններին» դժվար չէ պատասխանել, չնայած, ինչպես բազմիցս նշել եմ, հասարակական տրամադրությունները ձեւավորվում են ոչ թե փաստերի, այլ առասպելների հիման վրա:

Վերջապես, բանավեճի ամենաբարդ եւ վիճելի՝ «հայեցակարգային» մասը, որտեղ ես, օրինակ, վերջնական պատասխաններ չունեմ: Օրինակ, արդյոք Հայոց ցեղասպանությունը պետք է աշակերտներին ներկայացնել Առաջին աշխարհամարտի՞ համատեքստում, թե՞ որպես զուտ մեր ժողովրդի պատմության ողբերգական էջ: Կամ՝ եթե ադրբեջանական դպրոցում տարրական դասարաններից սկսած քարոզում են, որ հայն իրենց թշնամին է, ապա արդյո՞ք մենք պետք է տանենք «հայելանման» քարոզչություն: Նման խնդիրների շուրջ իշխանությունը պետք է պարզ եւ միանշանակ հայտնի իր տեսակետը, եւ դրանից հետո միայն կարող է խոսվել «կրթության չափորոշիչների» մասին: Իսկ թե ինչն է խանգարում այդ հարցերում հստակությանը՝ դրա մասին մեկ ուրիշ անգամ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Բնության մեջ զարգացման միայն մի ձեւ կա՝ դա խոչընդոտները հաղթահարելն է, չկան խոչընդոտներ՝ չկա զարգացում: Կարելի է նաեւ կեղծ խոչընդոտներ կամ օրակարգեր դնել, որոնց հաղթահարումը հաղթանակի չի բերում, այլ միայն շեղում է իրական խոչընդոտներ հաղթահարելուց ու հաղթանակներից: Ի՞նչ խոչընդոտներ ունենք այսօր: Հիմա ողջ աշխարհում գնում է պետականության էության վարկաբեկում, պետությունները ժողովրդի բարի ու արդյունավետ ծառայությունից վերածվում են ժողովրդին ճնշող միջոցի, պորտաբույծ մակաբույծները փորձում են ոչնչացնել պետականությունը, չկա պետություն՝ չկա քաղաքացիական հասարակությունը պաշտպանող համակարգը, չկա քաղաքացիական հասարակություն՝ չկա ընտանիքը պաշտպանող համակարգը, չկա ընտանիք՝ չկա ազգ, չկա ազգ՝ չկա մարդ՝ մարդկությանը անասունի է վերածում, իսկ հետո անասուններին՝ ոչ մարդկանց, վերացնելը խնդիր չի: Եթե մենք տաշեղի նման գնանք հոսանքի հետ, մենք ոչ մի զարգացում չենք ապրի, այլ հակառակը՝ մենք մեր երկրում կվերածվենք անասունի, իսկ Մերձավոր Արեւմուտքի հարյուր հազարանոց հանրահավաքները գնում են հոսանքին դեմ եւ նրանք կզարգանան ու ապագայում իրենց տեղը կգտնեն, իսկ տաշեղ ժողովուրդները կթափվեն կոյուղի: Խնդիրը պարզ է, մնում է անասնական ենթարկվող հոտից վերադառնանք մարդկային քաղաքացիական հասարակությանը՝ ստիպենք պետպաշտոնյաներին ենթարկվել ժողովրդին եւ ոչ թե միջազգային կառույցներին եւ միաժամանակ պաշտպանենք մեր պետպաշտոնյաներին ու պետությանը այդ միջազգային կառույցներից: Մենք է՛լ ավելի ուժեղ կլինենք, եթե թիկունք կազմենք մեր Մերձավոր ու Հեռավոր բարեկամներին՝ ինչքան էլ նրանք մեզնից շատ լինեն, մենք մեզ նման քչերին կհավաքենք ու մենք էլ շատ կլինենք ու միասին ուժ կլինենք: Քաղաքացիական հասարակություններ բոլոր երկրների, ձեռք ձեռքի ենք տալիս ու աշխարհին պարտադրում մեր օրակարգը: Մենք սրանով կզարգանանք ու արդեն զարգացած՝ ժամանակին համապատասխան, կմտնենք ապագա, իսկ հետամնաց տաշեղ ազգերի համար ապագայում տեղ չկա, չնայած ամեն գնով պետք է փորձենք սրանց էլ փրկել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930